Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան։ Արգելվող ապրանքների ցանկը լայն է՝ սնունդից, կենցաղային իրերից սկսած մինչև հագուստ (ապրանքացանկը կարող եք տեսնել նախագծի ներքևում գտնվող հավելվածում):
Այս առաջարկի համար հիմք է հանդիսացել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի ակնհայտ ներգրավվածությունը։ Վերջինը ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին։
ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ միանշանակ սա ոչ միայն անհրաժեշտ քայլ էր, այլև որոշակիորեն ուշացած. «Կարծում եմ, այս ժամանակավոր սահմանափակումը հետո պետք է դառնա վերջնական և մշտական՝ շատ պարզ հիմնավորումներով։ Նախ ասեմ, որ այս քննարկումները ակտիվացան և հանրային դաշտ եկան 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Այո, կա օբյեկտիվ հիմք և անհրաժեշտություն այս քայլի և կարգավորման, այն պատճառով, որ թշնամի պետության հետ չի կարելի ուղղակի տնտեսական կախվածությունը պահպանել, խորացնել և ունենալ։ Իսկ արտաքին առևտուրը նաև որոշակի տնտեսական կախվածություն է ձևավորում»։
Տնտեսագետը հիշեցրեց, որ ՀՀ-ն տարեկան 268 մլն դոլարի չափով ապրանք է ներմուծում Թուրքիայից, այն դեպքում, երբ դրա հանդեպ մեր արտահանումը շատ չնչին է, ընդամենը 2.2մլն դոլար. «Մյուս կարևոր կողմը տնտեսական անվտանգության խնդիրն է։ Մի երկիր, որն ամեն ինչ անում է, որպեզի դարեր շարունակ բնաջնջի մեր հայի տեսակը, ո՞րն է երաշխիքը, որ մի օր նաև չի գնա այդ նենգությանը և հայաստանցի սպառողները չեն թունավորվի կամ կենսաբանական տեռորի չեն ենթարկվի։ Տնտեսագիտական իմաստով նաև շատ կարևոր է, որ ակնհայտ է՝ Հայաստան ներկրվող թուրքական ապրանքների մի զգալի մասը մենք կարող ենք արտադրել հենց ՀՀ-ում և փոխարինել տեղական արտադրանքով և հրաժարվել Թուրքիայից ներմուծումից։ Եվ վերջապես, թուրքական ապրանքների մի մասը, որը մենք չենք կարող և տնտեսական մասով ձեռնտու չի լինի մեզ մոտ արտադրել, մենք կարող ենք շատ հանգիստ ներկրել ԵԱՏՄ երկրներից, հատկապես մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ից և Իրանից, ինչպես նաև այլ երկրներից։ Երբ Թուրքիայից ներմուծման ապրանքային կառուցվածքն են նայում, այստեղ շատ հետաքրքիր արձանագրում կարելի է անել։ Առաջին 10 հիմնական ապրանքների խմբում նավթի հետ առնչվող արտադրատեսակներն են՝ քսայուղեր, մեքենայի շարժիչի յուղեր և այլն, և պարզ է չէ, թե որտեղից այդ նավթը, քանի որ Թուրքիան նավթ չունի, և այն ներկրում է Ադրբեջանից։ Պարզ է չէ, թե ինչ է ստացվում։ Մյուսը ցիտրուսային մրգերն են, որոնցով աշխարհը լի է և կարելի է հանգիստ դա փոխարինել օրինակ պարսկական մրգերով։ Մյուս տեսակը ներմուծվող ապրանքի դա տեքստիլն է, հագուստը և կոշիկը։ Մենք հայտնի ենք բարձրորակ կոշիկի արտադրությամբ և նույնիսկ արտահանմամբ շատ մոտ անցյալում, և շատ հանգիստ կարելի է փոխարինել այդ արտադրանքը տեղականով։ Կարևոր է արձանագրել, որ Թուրքիան այդ տեքստիլ արտադրության, կոշիկների հումքն ամբողջությամբ ներկրում է Չինաստանից, ինչպես նաև մեքենասարքավորումները։ Կարճ ասած, չինական արտադրանքը Թուրքիան վերարտահանում է Հայաստան և ինչու մենք չենք կարող այդ նույն ձևով Չինաստանից ներկրել նույն գործվածքները, սարքավորումները և այստեղ արտադրել։ Սրանով և կլուծվի շուկայի խնդիրը և կարևոր է, որ լրացուցիչ աշխատատեղեր կստեղծվեն։ Այստեղ փաստենք, որ օրինակ Թուրքիայից չինական հումք է վերարտահանվում առանց որևէ գործողություն կատարելու և փաստացի մեր թշնամի պետությունը մեր հաշվին ստանում է շահույթներ, նրանց բյուջեն մեր հաշվին ստանում է եկամուտներ։ Եվ ամենակարևորը, ինչու պետք է ՀՀ քաղաքացին իր քրտինքով վճարի թուրքական ապրանքների համար և դառնա թուրքական շահույթ»։
Դիտարկմանը, թե քաղաքացիները բերում են հակափաստարկ, որ հայկական արտադրանքն ավելի թանկ է, քան օրինակ թուրքականը, տնտեսագետը նկատեց. «Միանշանակ կոմպլեքս մոտեցում է պետք, որպեսզի այդ հասկանալի խնդիրը լուծվի, դա ընդհանուր նպատակի հետ որևէ համարժեքություն չունի։ Եթե մենք աշխարհից իրավացիորեն պահանջում ենք, որպեսզի Թուրքիայի նկատմամբ սահմանափակումներ կիրառեն, բայց մենք այդ նույնը չենք անում։ Սա մեզ կդարձնի անհասկանալի՝ ընդհանուր այդ պահանջի տեսանկյունից։ Այսինքն դու չես ուզում կրես որոշակի ժամանակավոր տնտեսական կորուստներ, բայց աշխարհից պահանջում ես, որ իրենք կրեն այս կորուստները, շատ դեպքերում անհամեմատ ավելի շատ և կիրառեն այդ սահմանափակումները։ Այստեղ հիմնական խնդիրը մոտեցման հարցն է, և ես համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում, եթե իրականացնեն պետական կայուն ծրագրեր, նպատակային ծրագեր, շատ հանգիստ կարող են ներկրել այդ ապրանքատեսակներն այլ երկրներից՝ պետական որոշակի աջակցությամբ և հարկային արտոնություններով։ Պետք է արվի այնպես, որ ոչ սպառողները տուժեն, ոչ տնտեսվարողները։ Պետք է նաև գտնել նոր շուկաներ, նոր երկրներ, որտեղից կարելի է այդ ապրանքները բերել։ Չինաստանը մեր գործընկերն է և համոզված եմ, որ պատրաստակամ կլինի ուղիղ աշխատել մեր տնտեսվարողների հետ»։