կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-16 20:44
Քաղաքական

Պոմպեոն հստակ նշել է, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը ագրեսոր կողմ է. ամերիկագետ

Պոմպեոն հստակ նշել է, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը ագրեսոր կողմ է. ամերիկագետ

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, կարծիք է հայտնել, որ Պոմպեոն հստակ նշել է՝ Արցախի դեմ պատերազմում ագրեսոր կողմը հենց Ադրբեջանն է:

«Կարծում եմ, որ ԱՄՆ պետքարտուղարը շատ բաց տեքստով մատնանշել է, թե ով է ագրեսորը և ով է առաջինը գործողությունների դիմել: Պոմպեոն շատ հստակ գնահատական է տվել, որ ագրեսոր կողմը հենց Ադրբեջանն է»,- ասել է Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Պոմպեոյի հայտարարությանը, թե «հույս ունի, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից:

Ամերիկագետի կարծիքով` եթե Պոմպեոյի տարբեր հայտարարությունները դիտարկվեն մի  տրամաբանական շղթայի ներքո, ապա կարելի է եզրակացության գալ, որ ԱՄՆ-ն  շատ լավ հասկանում է, որ ԼՂ հակամարտությունում Ադրբեջանը ագրեսոր կողմն է և այստեղ ակնհայտորեն կա Թուրքիայի ներգրավումը:

Սարգսյանը նաև նշել է, որ ԱՄՆ-ն գիտակցում է Ռուսաստանի Դաշնության բացառիկ նշանակությունը, և Վաշինգտոնը հստակ ուղերձներ է տալիս ու աջակցում այն քայլերին, որոնք իրականացնում է Մոսկվան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, այն է` կողմերի միջև կրակի դադարի պահման մասին պայմանավորվածության ձեռքբերումը:

«Վաշինգտոնն ամբողջությամբ վստահում է Մոսկվային այս հարցում,  իսկ Վաշինգտոնը աջակցում է Մոսկվային, որպեսզի կողմերի միջև հրադադար հաստատվի»,- ասել է Սարգսյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի տարածքի  մասին Մայք Պոմպեոն նշել էր, որ դա չափազանց վիճելի հարց է: Անդրադառնալով այդ գնահատականին՝ ամերիկագետն ընդգծեց՝ չափազանց կարևոր հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարը և, ըստ էության, շեշտել է, որ Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:

«Սա,կարծում եմ, ամենակարևոր արձանագրումն է, որ պետք անենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը  և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը իրար հետ կապ չունեն»,- եզրափակել է Սուրեն Սարգսյանը: