Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
«Ես տեղյակ չեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Կարծում եմ՝ նրանք հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին: Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, և այս տարի լրանում է դրա 30-ամյակը։ Ըստ էության, [համանախագահները] արդեն 30 տարվա աշխատանքային ստաժ ունեն, նրանք թոշակի անցնելու շեմին են: Այդ իսկ պատճառով նրանց երկար տարիների կյանք ու քաջառողջություն եմ մաղթում»,- հեգնանքով ասել է Ալիևը։
Անդրադառնալով Հայաստանին, նա ասել է, որ Հայաստանի հետ «երրորդ պատերազմ» չեն ուզում, դա իրենց ծրագրերի մեջ չի մտնում, բայց Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Մենք սա ենք ուզում։ Բայց եթե տեսնենք, որ, ինչպես ասացի, մեզ համար վտանգ կա, այդ սպառնալիքը տեղում կվերացվի»,- ասել է նա։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ, ասաց, որ Ադրբեջանի ղեկավարն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում։
«Միայն Ալիևի համար է այդպես, բայց իրականում հենց նույն Մինսկի խումբը ներկայացնող երկրների ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ, և այն կարգավորելու անհրաժեշտություն ունի։ Նմանատիպ հայտարարություններով հանդես է եկել նաև Արցախի Հանրապետության ղեկավարությունը, մասնավորապես՝ Արցախի ԱԺ-ն մի քանի անգամ դրա մասին խոսել է։ Իրականության մեջ Արցախի հարցը լուծված չէ և հարցը բաց է այն տեսանկյունից, որ չկարգավորելու հանգամանքն ավելի լարված իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում։ Այս ամենի վկայությունն են այն զարգացումները, որոնք տեղի են ունենում թե՛ ՀՀ սահմաններում, թե՛ Արցախի սահմաններում»,- նշեց Վահրամ Բալայանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, բախումները կշարունակվեն, և տարածաշրջանում չի կարող հանգիստ լինել։
«Ինչպես ասում են՝ վերքը բաց է, և հարցը լուծելու անհրաժեշտություն ունի։ Կարծում եմ՝ հարցի լուծումը շահեկան կլինի ոչ միայն հայության համար, այլև Ադրբեջանի, ինչո՞ւ չէ, նաև տարածաշրջանի գերտերությունների համար։ Այսօր տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաբնույթ զինատեսակների գոյության և լարվածության պայմաններում, մշտապես պատերազմի վտանգը կա»,- հավելեց Վահրամ Բալայանը։
Միաժամանակ Վահրամ Բալայանը նշեց, որ Մինսկի խումբն անպայմանորեն պետք է շարունակի զբաղվել Արցախի հիմնախնդրով։
Ինչ վերաբերում է Հայաստանի վերաբերյալ Ալիևի հայտարարությանը, Վահրամ Բալայանը նկատեց՝ Ադրբեջանը հայկական կողմի դեմ ոչ թե երկու, այլ արդեն երեք պատերազմ է վարել՝ Արցախի առաջին ազատամարտը, որտեղ խայտառակ պարտություն է կրել, 2016 թվականի ապրիլյան քառօրյա և Արցախի 44-օրյա պատերազմները։
«Այնպես չէ, որ հայկական բանակը մինչև վերջ ջախջախված է և ի վիճակի չէ խնդիրներ լուծել, և այնպես չէ, որ հայ ժողովուրդն ամբողջովին ծնկի իջած է և չի կարող իր գլուխը բարձրացնել։ Ադրբեջանը թող լավ հիշի, որ Արցախի առաջին պատերազմում հայությունը փայլուն հաղթանակ է տարել, նույնը՝ ապրիլյան պատերազմում։ Այնպես չէ, որ ինչպես իրենք ցանկանան, այդպես էլ լինելու է, կան գործընթացներ, և կարծում եմ՝ հայ ժողովուրդն իրեն կվերագտնի, և ոչ միայն՝ սեփական, այլև՝ դաշնակիցների ռեսուրսներով այդ ամենին կդիմագրավի։ Ի վերջո, գոյություն ունի հայ-ռուսական դաշնակցություն, ՀԱՊԿ և, ըստ իս, այս մեխանիզմները նույնպես պետք է օգտագործվեն հայության անվտանգությունն ապահովելու, նրա տարածքային ամբողջականությունը պահպանելու համար»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։