կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-09 12:59
Աշխարհ

Պուտինն այլևս Ալիևի հիմնական միջնորդը չէ. Տարասով

Պուտինն այլևս Ալիևի հիմնական միջնորդը չէ. Տարասով

Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դադարել է լինել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի գլխավոր միջնորդը և պետք է գործի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների իր գործընկերների հետ` ավելի լայն կոալիցիայի շրջանակներում: Իրադարձությունների հետագա ընթացքն այլևս կախված չէ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մոսկովյան առաջիկա բանակցությունների արդյունքներից, այլ նրանից, թե ով է մոտ լինելու Ղարաբաղյան պատերազմում հաղթանակին: Այս մասին «Ռեգնում»-ում գրում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

«Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ «Ռուսաստանը քննարկում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը, խորհրդակցություններ են ընթանում նման բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետների վերաբերյալ»: Նրա խոսքով` «մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ, մեր կողմից առաջարկվել է տրամադրել մոսկովյան պլատֆորմ, որպեսզի կազմակերպենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ»: Միևնույն ժամանակ, Կրեմլի մամուլի ծառայությունը տարածել է հետևյալ հայտարարությունը. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով՝ մարմինների և գերիների փոխանակման նպատակով»:

Եկեք ուրվագծենք մի քանի կարեւոր նրբերանգներ: Նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարեց Ժնևում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններ սկսելու մասին`Մոսկվայում` Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ նա ասաց, որ առաջին խնդիրը «հակամարտող կողմերի կողմից կրակն անհապաղ դադարեցնելն է՝ առանց որևէ պայմանի», որպեսզի գտնվի լուծում, որը թույլ կտա «երկու կողմերին էլ վերադառնալ բնականոն կյանքի»: Երկրորդ խնդիրը`անցումը հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին, որոնք կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել: Վերջապես մեկ այլ դիրքորոշման իմաստը, որը կիսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրները, այն է, որ Թուրքիան չի կարող մասնակից լինել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Իսկապես, Ժնևում, որտեղ ժամանել էր միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը,  բանակցություններ են տեղի ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք ինչ-ինչ պատճառներով անցկացվում էին փակ դռների հետևում և ՄԱԿ-ի համալիրից դուրս` գաղտնի տեղում: Զարմանալին այն է, որ նման հանդիպում ընդհանրապես տեղի է ունեցել, քանի որ Բաքուն հրաժարվել է սկսել  հակամարտության կարգավորման լիարժեք բանակցություններ՝ «առանց նախապայմանների»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրի նպատակն է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի տարածքը, և հրադադարի ռեժիմը կարող է ձեռնարկվել միայն այն բանից հետո, երբ Երևանը տրամադրի Լեռնային Ղարաբաղից զորքերի դուրս բերման ժամանակացույց: Բաքուն աջակցում է նաև Թուրքիային, որ մասնակցի միջնորդական առաքելությանը: Անկարան նույնպես բարձրացրեց լարվածության աստիճանը՝ հայտարարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդյունքի չի հասել, և որ ձևաչափը պետք է փոխվի:

Ակնհայտ է, որ Ժնևում գտնվող Բայրամովը չէր կարող հեռանալ նման դիրքերից, ինչը մոսկովյան հարթակը վերածում է տրոհված բանակցային տարածքի, որը սահմանափակվում է հետևյալ դիրքորոշմամբ` դադարեցնել ռազմական գործողությունները հումանիտար նպատակներով՝ դիակների և գերիների փոխանակության համար: Միևնույն ժամանակ, որոշ թուրք փորձագետներ ասում են, որ այդպիսով ԵԱՀԿ Մինսկի խումբը «փորձում է իջեցնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակման տեմպերը և ժամանակ շահել ուժերի վերախմբավորման համար»: Անկարային ուղղված նրանց առաջարկությունները բխում են այն փաստից, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է բանակցություններ սկսի Լեռնային Ղարաբաղի հարցով իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի ոչ միայն նշի, այլ նաև «ուժեղացնի Թուրքիայի դերը Անդրկովկասում»: Դրա համար անհրաժեշտ է համոզել Կրեմլին, որ առանց Անկարայի և Մոսկվայի միջնորդական առաքելության դժվար կամ անհնար կլինի դադարեցնել պատերազմը Ղարաբաղում:

«Ռուսաստանի և Թուրքիայի համար Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունները «խնդիր են», բայց բացում են մի շարք հնարավորություններ»,- ասում է Այքան Էրդեմիրը՝ Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամը, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում: Նրա կարծիքով` Բաքուն և Երևանը պատերազմից թուլացած դուրս կգան, որի պատճառով Անկարան և Մոսկվան կարող են նրանց թելադրել իրենց պայմանները (և սա Լև Տրոցկու բանաձևն է, որ կիրառվում էր մոսկովյան բոլշևիկների կողմից Քեմալ Աթաթուրքի հետ հարաբերություններում ՝ 1920-ականներին): Էրդեմիրը կարծում է, որ այդ ժամանակ Էրդողանը հնարավորություն կունենա «Ռուսաստանի դեմ ադրբեջանական խաղաքարտը խաղացնելու Սիրիայում և Լիբիայում, որտեղ կողմերը սատարում են հակառակ ուժերին»: Ըստ նրա՝ «Թուրքիայի հարաբերությունները Ադրբեջանի հետ Անկարայի համար միշտ կունենան մանրամասն հաշվարկներ, թե ինչպես կարելի է կառուցել Պուտինի հետ հարաբերությունների բարդ թնջուկը»:

Բայց Էրդողանը Աթաթուրք չէ, և Պուտինը Լենին չէ, նույնիսկ Լենինը իր մարտական ընկերոջ՝ Ստալինի հետ չփակեց Թուրքիայի ճանապարհը դեպի Անդրկովկաս և, ընդհանուր առմամբ, պարտվեց Աթաթուրքին՝ միամտորեն հավատալով «համաշխարհային հեղափոխության» հավանականությանը: Այնուամենայնիվ, Աթաթուրքը կռվում էր իր տարածքում, իսկ Էրդողանը՝ հարևան պետությունների հողերում (Իրաք, Սիրիա, Լիբիա) և օգտագործում է Ադրբեջանը` որպես աշխարհաքաղաքական գործիքակազմ` «նրան քաշելով դժվարությունների ուղի, եթե հիշենք հարևան Իրանում էթնիկ ադրբեջանցիների խնդիրները»:

Բացի այդ` ֆրանսիացի հայտնի արևելագետ և նախկին բարձրաստիճան հետախույզ Ալեն Ռոդիեն կարծում է, որ «Էրդողանը լրջորեն վախենում է Արցախի Հանրապետության հետ նաև Սիրիայում Քուրդիստանից», որ, այսպես կոչված, հայկական անջատողականությունը կձուլվի «հարավում գտնվող քրդական շարժումներին՝ Թուրքիայի արևելքում»: Այդ պատճառով Մոսկվան գործում է ծայրաստիճան զգույշ և ապավինում է իրավիճակի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով:

Իրավիճակը փոխվել է: Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ Պուտինը դադարել է լինել Ալիևի հիմնական միջնորդը և ստիպված է գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների իր գործընկերների հետ` ավելի լայն կոալիցիայի շրջանակներում: Իրադարձությունների հետագա ընթացքն արդեն կախված չէ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների ղեկավարների մոսկովյան առաջիկա բանակցությունների արդյունքներից, այլ նրանից, թե ով է մոտ լինելու Ղարաբաղյան պատերազմում հաղթանակին: Բայց երկարաժամկետ հեռանկարում Անդրկովկասում ճակատամարտը դեռ նոր է սկսվում»: