կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-12 11:54
Արցախ

Լավրովը կնախապատրաստի Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը. Տարասով

Լավրովը կնախապատրաստի Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը. Տարասով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատեց, որ ապրիլի 15-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ կկայանա Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի ու նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այդ մասին Регнум-ում գրում է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«Հարց է առաջանում այդ հանդիպման մեջ Լավրովի դերի վերաբերյալ, չէ՞ որ մի բան է` մասնակցել հակամարտության ինչ-որ լուծումների վերաբերյալ քննարկումների, այլ բան` օգնել հակամարտող կողմերին մշակել ընդհանուր հասկացողական ապարատ, ինչը չի համապատասխանում այդ գործընթացում ռուսական ներկայացուցչության մակարդակին»,- գրում է նա:

Ըստ Տարասովի` պատասխան գտնելը բարդ է, և տարբեր փորձագետներ տարբեր տեսակետներ ունեն այդ հարցում:

«Այսպես` «Վալդայ» ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը կարծում է, որ Լավրովի մասնակցությունը հանդիպմանը որևէ առջընթացի չի հանգեցնի, քանի որ կողմերի դիրքորոշումների փոփոխություն դժվար է  պատկերացնել: Եվ այդ հանդիպումների նպատակն է  փխրուն հավասարակշռության պահպանումը, որի վրա հիմնվում է պատերազմի բացակայությունը: Ըստ փորձագետի` ռուսաստանցի նախարարը բանակցություններում չի բռնի ոչ մեկի կողմը, սակայն նրա մասնակցության փաստը դրական է Հայաստանի համար»,- նշում է քաղաքագետը:

Սակայն, ըստ Տարասովի, բանն այն է, որ Մոսկվայում Լավրովի հետ հանդիպումից հետո հենց Մամեդյարովը հայտարարեց ՌԴ նախարարի` բանակցություններին մասնակցելու ցանկության մասին` նշելով, որ Լավրովի հետ քննարկել է իրավիճակի բոլոր նրբությունները:

«Մամեդյարովի խոսքով` եթե ՌԴ ԱԳՆ ղեկավարը որոշել է իր կշիռը դնել կշեռքին` ներկայումս տիրող իրավիճակը հասկանալու համար, ապա, տա Աստված, որ ամեն ինչ ստացվի: Դժվար թե, Մամեդյարովը տվյալ դեպքում մտածեր Հայաստանի մասին: Մեզ ավելի իրատեսական է թվում հետևյալ սցենարը` Լավրովը կնախապատրաստի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Փաշինյանի և Ալիևի հետ: Նախադրյալներն ակնհայտ են` Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ռուսաստանցի առաջնորդը զրուցել է հեռախոսով երկուսի հետ և աջակցել բանակցային գործընթացի ակտիվացմանը»,- գրում է Տարասովը:

Նա նշում է, որ եթե վերոհիշյալ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրվի, ապա Մոսկվան կարող է փորձել ընդլայնել մարտավարական փոխգործակցությունն այդ «եռանկյունում» և փոխգործակցության ու փոխհարաբերությունների ձևաչափերն ավելի լայն ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում` կապված հարևան Մերձավոր Արևելքում  կատարվող բարդ գործընթացների հետ:

Թարգմանությունը` Անի Սահակյանի