Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իր պատմության ամբողջ ընթացքում Թուրքիային մշտապես հաջողվել է ջրից չոր դուրս գալ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներից: Նույնիսկ պարտվելով` Թուրքիան հաջողեցրել է ոչ միայն առավելագույն հնարավորը «քամել» ստեղծված իրադրությունից, այլև գործնական օգուտ ստանալ: Հիմնական սկզբունքը, որով առաջնորդվում է դարերի պատմություն ունեցող թուրքական դիվանագիտությունը (անկախ իշխանությունից ու երկրի կառավարման համակարգից), որևէ սկզբունքի ու բարդույթի բացակայությունն է: Բազմաթիվ պետությունների երբեմն դժվար է ընկալել թուրքական քաղաքականությանը բնորոշ նենգությունը, դաժանությունը, ճկունությունը, դավաճանելու ունակությունը: Եվ եթե այլ երկրների համար դա ընդամենը չափազանցություն է, դարեր շարունակ թուրքերի հարևանությամբ ապրողների համար (հայեր, հույներ, իրանցիներ, արաբներ) դա իրենց պատմության կրկնվող մասն է: Առաջին աշխարհամարտը հանգեցրեց մի քանի կայսրությունների, այդ թվում` Օսմանյան, փլուզմանը: Պատերազմելով Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի կողմից և հուսահատորեն դիմադրելով փլուզմանը՝ Օսմանյան կայսրությունը չէր խորշում այնպիսի հանցագործություններից, ինչպիսիք են իր տարածքում ապրող ժողովուրդների բնաջնջումն ու էթնիկ զտումները: Այդ քաղաքականության արդյունքն էր Հայոց ցեղասպանությունը 1915 թվականին: Անտանտի (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) բնական դաշնակիցները` հայերը, համարվում էին Օսմանյան կայսրության գոյության հիմնական սպառնալիքներից մեկը: Սակայն 1918-ին հայ ժողովրդի ողջ մնացած մասին բնաջնջելու բոլոր փորձերը հաջողություն չունեցան` հայերը հետ մղեցին թուրքական բանակի հարձակումները մայիսյան մարտերում և նվաճեցին անկախ լինելու իրավունքը: Եվ այդժամ, երբ թվում էր, որ Անտանտը հաղթում է, իսկ դաշնակից պետություններն արդեն կանխորոշել են Օսմանյան կայսրության ապագան, Ռուսաստանը, որտեղ իշխանության եկավ բոլշևիկյան կառավարությունը, ոչ միայն դուրս եկավ պատերազմից և հրաժարվեց հաղթանակի` իր մասնաբաժնից, այլև սկսեց օգնել նոր` քեմալական Թուրքիային: Լենինը, որը պատերազմը որակում էր որպես անարդարացի, անհրաժեշտ էր համարում իմպերիալիստական պատերազմը վերածել քաղաքացիականի: Աթաթուրքի` Լենինին ուղղված բարեկամական ուղերձը` իմպերիալիստական պատերազմում օգնելու խնդրանքով, Քեմալի աջակցությամբ պրոլետարական հեղափոխությունն Արևելք տեղափոխելու միամիտ հույսեր արթնացրեց: Թուրքիան խոշոր ռազմական ու ֆինանսական օգնություն ստացավ` զենքի, նավերի, ռազմական արտադրության կազմակերպման տեսքով: Այդ քաղաքականության զոհը դարձան հույները, որոնք պարտվեցին ու իրենց հողերը զիջեցին թուրքերին, նաև` Հայաստանը, որի տարածքը առևտրի առարկա դարձավ: 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով թուրքերին մնաց ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլ նաև Արևելյան Հայաստանի մի մասը, այդ թվում` Արարատ լեռը, Կարսը, Արդահանը և այլն, որոնք մինչ այդ Ռուսական կայսրության մաս էին: Իսկ Նախիջևանը և Ղարաբաղը, Թուրքիայի պնդմամբ, ընդգրկեցին Ադրբեջանի կազմում:
Հետագայում քեմալական Թուրքիան արևմտամետ դիրքորոշում որդեգրեց, դրժեց Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում կրկին կանգնեց Գերմանիայի կողքին: 1945-ին ֆաշիստական Գերմանիայի պարտությունից հետո թվում էր, թե Թուրքիան նույնպես իր բաժին պատիժը կստանա: Խորհրդային միությունը տարածքային հավակնություններ ներկայացրեց Թուրքիային և արդեն պատրաստ էր լուծել հարցը, բայց… Թուրքիան արագ կողմնորոշվեց, անդամագրվեց ՆԱՏՕ-ին և ձեռք բերեց այն երկրների աջակցությունը, որոնց դեմ պայքարել էր երկու համաշխարհային պատերազմներում:
Երբ 2015 թվականին թուրքերը ռուսաստանյան ինքնաթիռ խոցեցին, իսկ թուրքամետ թուրքմենները (ի դեպ, որոնք ներկայումս կռվում են Ադրբեջանի կողմից) սպանեցին ռուսաստանցի օդաչուին, Ռուսաստանի հասարակության շրջանում հակաթուրքական տրամադրություններ արթնացան` ջարդուփշուր էին անում պոմիդորով արկղերը, երդվում այլևս երբեք Անթալիայում չհանգստանալ և այլն: Զգացմունքը` զգամունք, բայց փորձը ցույց տվեց, որ մի քանի ամիս անց, երբ թուրքերին ինչ-որ բան պետք եղավ, համառորեն խնդրեցին, համոզեցին ու ստացան: Անշուշտ, կարող է տպավորություն ստեղծվել, թե ծնկաչոք են խնդրել… Բայց խնդրել են ու ստացել` ատոմակայաններ, գազատար, Ս-400 զենիթահրթիռային համակարգեր և այլն: Հետո դարձյալ կսպանեն ու դարձյալ ներողություն կխնդրեն…
Ներկայումս Թուրքիան Ադրբեջանին սադրում է խոշորամասշտաբ ռազմական գործողությունների` փորձելով դրանցում ներգրավել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին: Ադրբեջանին աջակցություն է հայտնել ոչ միայն Անկարան, այլ նաև Իսլամաբադը: Բայց Թուրքիան արդեն զզվեցրել է բոլորին, նույնիսկ` հանդուրժողական Եվրոպային, որտեղ հոգնել են մոլագար Էրդողանի արկածախնդրություններից և ծավալապաշտական արարքներից Եվրոպայում, Լիբիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Արևելյան Միջերկրականում, հիմա էլ` Հարավային Կովկասում: Այդ պատճառով թեև Թուրքիան երրորդ համաշխարհային պատերազմ է սադրում, հույս ունենալով իրագործել պանթյուրքիստական վաղեմի ծրագրերը, այդ թվում` Հայաստանի` այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտի բնաջնջումը, գերտերությունների հետ թուրքամետ բլոկ չի ուրվագծվում: Բայց ինչպես միշտ, երբ մի խումբ երկրների` Թուրքիային պատժելու ժամանակը գա, նա կգնա կա՛մ Ռուսաստանի մոտ, եթե հարկ է փրկվել Արևմուտքից, կա՛մ` Արևմուտքի, եթե Ռուսաստանի դեմ օգնության կարիք ունենա: Թուրքիան կստանա այն, ինչ իրեն հարկավոր է, ապա «կգցի» իր դաշնակցին: Անպայման «կգցի»: Այլապես Թուրքիան Թուրքիա չի լինի:
Արա Նռանյան
6 հոկտեմբերի 2020 թ.
Աղբյուրը` aravot.am
Ռուսերենից թարգմանությունը` Yerkir.am-ի