կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-08 15:03
Արցախ

Ճշմարտության պահ Ռուսաստանի համար. Արա Նռանյան

Ճշմարտության պահ Ռուսաստանի համար. Արա Նռանյան

Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ մյուս պետություններից ավելի հաճախ միանգամայն հիմնավոր պահանջում է ավելի հստակ արտաքին քաղաքականություն եւ ավելի  հասկանալի կողմնորոշում առաջնահերթությունների ընտրության հարցում։ Եվ սա ճիշտ է։ Մյուս պետությունների, հատկապես ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները պետք է լինեն հստակ, հասկանալի եւ անկեղծ։ Պետությունների ազնիվ, ավելի անկեղծ արտաքին քաղաքականությունը հարգանքի արժանի կլինի ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլեւ այն երրորդ երկրների կողմից, որոնք, հնարավոր է, համաձայն չեն այդպիսի դիրքորոշմանը, բայց կհարգեն եւ ըմբռնումով կմոտենան մյուս երկրի աշխարհաքաղաքական ընտրությանը։

Մյուս կողմից՝ Ռուսաստանն ինքը հաճախ առաջնահերթություններ ընտրելիս կամ իր աշխարհաքաղաքական դիրքորոշման ավելի հստակ պարզաբանման անհրաժեշտության դեպքում կա՛մ փորձում է խուսանավել (երբեմն՝ անհարկի), կա՛մ պարզապես ուշանում է իր կայացրած որոշմամբ։ Որպես կանոն, այսպիսի վարքագիծը հատուկ է միանգամայն այլ հավակնություններով երկրներին։ Բայց փաստ է, որ 1980-ականների վերջից «փափուկ» աշխարհաքաղաքական մարտավարությունն աստիճանաբար հանգեցրել է ազդեցության ավանդական ոլորտներից Ռուսաստանի հեռանալուն, իսկ պատմականորեն Ռուսաստանին լոյալ երկրները հայտնվել են միանգամայն այլ աշխարհաքաղաքական շահերի ազդեցության գոտում։

Համանման քաղաքականություն է վարվել փաստացի նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ, ինչը սկսել է առաջացնել օրինաչափ հարցեր։ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք, քաղաքական եւ պետական գործիչները ղարաբաղյան նոր պատերազմի վերջին օրերին չեն դադարում մեդիա դաշտը լցնել հայտարարություններով, որ Ռուսաստանը ջանում է այս հակամարտության մեջ չեզոք դիրք գրավել, քանի որ խաղաղ գործընթացում միջնորդ է, իսկ երկու երկրներն էլ Ռուսաստանի համար հավասարապես թանկ են ու կարեւոր։

Մի կողմից Հայաստանն է` ՀԱՊԿ անդամ, որը ռուսական ռազմաբազա ունի Գյումրիում, մյուս կողմից Ադրբեջանն է, որը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայում եւ ծայրահեղական կազմակերպությունների զինյալներ է արտահանում: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է` ռուսական ներդրումներով տնտեսության ռազմավարական ոլորտներում եւ սերտ համագործակցությամբ բոլոր ոլորտներում` կրթությունից մինչեւ միջուկային էներգիա, իսկ Ադրբեջանը` նավթագազային արդյունաբերության մեջ արեւմտյան ներդրումներով եւ խողովակաշարերով Կասպից ծովից` Ռուսաստանի Դաշնության կենսական շահերի գոտուց: Հայաստանը, որը միջազգային ատյաններում կամ չեզոք կամ սինխրոն է քվեարկում Ռուսաստանի հետ, եւ Ադրբեջանը, որը միշտ դեմ է քվեարկում ռուսական դիրքորոշմանը:

Արդյունքում մենք ունենք Հայաստան, որն իր աշխարհառազմավարական ընտրությունն արդեն կատարել է, եւ Ռուսաստան, որը խուսանավում է հակամարտության կողմերի միջեւ: Սա արդեն հանգեցրել է Ռուսաստանի սեփական դիրքերի կորստին թվացյալ ավանդական տարածաշրջաններում եւ երկրներում: Այո, Ռուսաստանը հուսալիություն է պահանջում իր դաշնակիցներից: Բայց այն ինքը պետք է նաեւ պատրաստ լինի որպես հուսալի դաշնակից հանդես գալ: Թուրքիան արդեն անցել է ռուբիկոնը` Արաքս գետը: Նրանց զորքերն արդեն գտնվում են Նախիջեւանում եւ Ադրբեջանում: Եթե Ռուսաստանը շարունակի իր չեզոք դիրքորոշումը, ապա, անկախ հակամարտության ներկա փուլի արդյունքներից, այն ռիսկի է դիմում կորցնել հերթական տարածաշրջանը: Ադրբեջանը կշարունակի գործել որպես Թուրքիայի դուստր ձեռնարկություն, իսկ պանթուրքիզմը համարձակ քայլով կշարունակի իր երթը դեպի հյուսիս եւ արեւելք:

Իսկ այժմ Հայաստանի նկատմամբ ՌԴ քաղաքականության ներքին ռուսական դիսկուրսի ամենակարեւոր փաստարկի մասին: Այո, ռուս վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները ճիշտ են: Հայաստանում իշխանությունը «պատահական» մարդիկ ենք, ովքեր մինչ այդ հակառուսական քաղաքականության խոսափողներն էին երկրում, դեմ էին ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին, կողմ էին ռուսական բազան Հայաստանից դուրս բերելուն եւ պարբերաբար մեղադրում էին Ռուսաստանին բոլոր մեղքերի մեջ: Եվ հիմա, իշխանություն դառնալուց հետո, նրանք հանկարծ թե ՀԱՊԿ-ի, թե ԵԱՏՄ-ի ջերմեռանդ աջակիցներն են դարձել: Ի դեպ` ինչու՞: Պետք է նկատի ունենալ, որ այդպիսի մարդկանց` իշխանության գալը նախորդ իշխանությունների վարած քաղաքականության արդյունք է, իսկ ժողովրդի կողմից նոր կառավարության ընտրությունը պայմանավորված էր միայն հինը փոխարինելու ցանկությամբ: Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը պայմանավորված չէ իշխանությունների որոշմամբ: Դա հայ ժողովրդի ընտրությունն է: Այդ պատճառով նոր իշխանությունները ստիպված էին շարունակել նախկին արտաքին քաղաքական վեկտորը: Ի տարբերություն Ադրբեջանի` որտեղ պատերազմն ավանդաբար ներքաղաքական իրավիճակի սրման է հանգեցնում, Հայաստանում հասարակության համախմբում է տեղի ունենում: Հայ ժողովուրդը երբեք առանձնապես հիացած չի եղել իր ղեկավարներով: Բայց վտանգի տարիներին նա միշտ համախմբվում էր բանակի ու պետության շուրջ` ներքաղաքական քաշքշուկները թողնելով ավելի հարմար ժամանակի համար: Հայ ժողովուրդը Ռուսաստանին ռազմավարական դաշնակից է համարել եւ համարում, եւ հենց նա է ազդում երկրի կառավարության արտաքին քաղաքական ընտրության վրա, այլ ոչ թե հակառակը: Այդ պատճառով հասարակությունը չի կարող ընկալել ներկայիս ղեկավարության նկատմամբ զգուշավոր եւ անվստահ վերաբերմունքի վերագրումը (որին քաղաքացիները շատ հարցեր ունեն), Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքին: Ժամանակակից փորձը (առաջին հերթին` արեւմտյան երկրների) ցույց է տալիս, որ քաղաքականությունն արդյունավետ է, երբ աշխատում ես ոչ միայն պետությունների ղեկավարության, այլ նաեւ նրանց հասարակության հետ: Իսկ քաղաքական ուժերի եւ գործիչների հետ աշխատելիս պետք է հաշվի առնել եւս մի կարեւոր գործոն: «Նա շան որդի է, բայց գոնե մերն է» սկզբունքը չի աշխատում բաց եւ ազատասեր հասարակություններում: Հասարակության համար վարկաբեկված կամ անընդունելի անձանց հետ համագործակցությունը վարկաբեկում է ինչպես համագործակցության գաղափարը, այնպես էլ նրանց, ով դրանում ներգրավված է:

Հայ-ռուսական հարաբերությունները պետք է հանվեն բացության, անկեղծության եւ փոխվստահության ավելի բարձր մակարդակի վրա: Համատեղ ինտենսիվ աշխատանքը տարածաշրջանային ռազմավարական նախագծերի իրականացման ուղղությամբ դեռ առջեւում է: Տարածաշրջանին փոխոխություններ են սպասվում: Ռազմավարական դաշնակիցները պետք է իրենց սեփական տեսլականն ունենան տարածաշրջանային նոր կազմաձեւի վերաբերյալ, ինչպես նաեւ համբերատար եւ առօրյա աշխատանքներ կատարեն այն կյանքի կոչելու համար: Նոր գլոբալ մարտահրավերներն ու հավակնոտ ծրագրերի համար նոր գաղափարներ եւ նոր մարդիկ են անհրաժեշտ: Եվ իրավիճակի ներկայիս սրումը եւ նոր պատերազմը ոչ միայն նոր ռիսկեր եւ վտանգներ են, այլեւ` նոր աշխարհի նոր հնարավորություն:

Արա Նռանյան

Աղբյուրը` news.am