Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 27-ի լուսաբացին արցախա-ադրբեջանական հակամարտող կողմերի շփման գծի ողջ երկայնքով թշնամին խախտեց տևական լռությունը՝ սանձազերծելով ռազմական գործողություններ: Արդեն 5-րդ օրն է Արցախում, ինչպես նաեւ ՀՀ սահմաններում Ադրբեջանի զինված ուժերն իրենց ագրեսիան ցուցաբերում են սահմանամերձ բնակավայրերի ու գյուղերի ուղղությամբ` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այսօր արդեն հակառակորդը հրթիռակոծել է նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, իսկ «Սմերչ» զինատեսակով հարվածել է Հադրութ քաղաքին։
Փաստենք, որ հենց սեպտեմբերի 27-ից ՀՀ-ում և Արցախում հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդի հետ մարտերն այս պահին էլ շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ ու տարբեր տրամաչափի զինատեսակներով։
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը բացառիկ ու աննախադեպ է որակել այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները․ «Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ»:
Սեպտեմբերի 27-ից մինչև այսօր՝ հոկտեմբերի 2-ը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելու և անհավասար մարտեր ծավալելու ընթացքում ունենք 158 զոհված զինծառայող, որոնցից յուրաքանչյուրի անունը ոսկե տառերով գրվեց հայոց պատմության մեջ։
Yerkir.am-ը ներկայացնում է հերոսի մահով ընկածների թիվը` ըստ օրերի։
Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, կեսգիշերն անց ՀՀ ՊՆ-ն հրապարակեց 16 նահատակված հերոսների անուններ։
Ժամեր անց` արդեն սեպտեմբերի 28-ի առավոտյան, հրապարակվեցին ևս 15 նահատակված զինվորների անուններ։ Նույն օրը, ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս 28 նահատակված հերոսների անուններ հայտնեց, որից ժամեր անց հայտնի դարձավ, որ ունենք ևս 26 հերոսացած հայորդի։
Սակայն ուրախությամբ պարզվեց, որ զոհվածների անունների ցուցակում հրապարակված Հարութ Սաղաթելի Գևորգյանը ոչ թե զոհվել, այլ վիրավորում է ստացել։
Հաջորդ օրը Պաշտպանության բանակը, կրկին ներողամտություն հայցելով, տեղեկացրեց ևս 1 զինծառայողի՝ Վահագն Վարդանի Թախմազյանի ողջ լինելու մասին` շեշտելով, որ նա շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։
Նույն օրը երեկոյան ՊԲ-ն կրկին բարի լուրով հանդես եկավ` հրապարակելով այս անգամ արդեն 3 զինվորի՝ Հակոբ Բենիկի Զարգարյանի, Սոսիկ Գարիկի Ղազարյանի և Աշոտ Ավետիքի Քարամյանի ողջ լինելու մասին, որոնք նույնպես շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները։
Սեպտեմբերի 30-ին, ՊԲ-ի հրապարակած տվյալներով, արդեն ունեինք 23 հերոսացած զինծառայող։
Հոկտեմբերի 1-ին զոհերի մասին տվյալներ չհրապարակվեցին, բայց փոխարենը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արդեն հնգօրյա ընթացող պատերազմի արդյունքում ամենաշատ զոհերի անուններ հրապարակվեցին ՝ 54 անմահ հերոսներ։
Չանտեսենք, որ թշնամու ագրեսիվ գործողությունների զոհ են դարձել նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում` նաեւ կանայք ու երեխաներ։ Երեկ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ճեպազրույցում ներկայացնելով վերջին տվյալները, շեշտեց, որ ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավոր, որոնցից 42-ն ունեն լուրջ վնասվածքներ։ Վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, որի 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը` վիրավորվել։
Լիլիթ Եղիազարյան