կարևոր
4987 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-22 13:02
Հասարակություն

Ինչպե՞ս վերացան հայերեն ներկայացումների փառապանծ օրերը Թուրքիայում. “Ակօս”-ի անդրադարձը

Ինչպե՞ս վերացան հայերեն ներկայացումների փառապանծ օրերը Թուրքիայում. “Ակօս”-ի անդրադարձը

Երվանդ Տանձիկյան

Հրանտ Դինք հիմնադրամի կողմից նոյեմբերի 4-ին և 5-ին կազմակերպված «Ստամբուլ, 1914-1922 թթ. պատերազմի, անկման, օկուպացիայի և դիմադրության պատմություն» խորագրով համաժողովի զեկուցողներից մեկն էլ Նեսիմ Օվադյա Իզրաիլն էր։ Համագումարի փակմանը Իզրաիլը հանդես եկավ ելույթով՝ «Զինադադարի տարիներին Ստամբուլում հայկական թատերական գործունեության վերելքը» վերնագրով։ Իզրաիլի ելույից ելնելով՝ նրա հետ անդրադարձանք Թուրքիայում հայերեն ներկայացումների պատմությանը։

Մինչ զինադադարը, այսինքն՝ մինչև 1918-1922 թթ. ինչպիսի՞ն էր հայկական թատրոնի վիճակը։ Ե՞րբ են հայ թատերական գործիչները հայերեն ներկայացումներ խաղալու հնարավորություն ստացել, և ե՞րբ է դա ընդհատվել։

Եվրոպական ոճի թատրոնը օսմանյան հասարակություն մուտք գործեց 19-րդ դարում այս հասարակության հատվածներից մեկի՝ հայերի շնորհիվ։ 1858-1881 թթ․ խաղացված հայերեն և թուրքերեն բազմալեզու թատերական ներկայացումները այս տարեթվից հետո արգելվել է հայերեն ներկայացվել։ Թատերական բեմի հիմնադիրներն ու մշակողները և հայ արտիստները, ովքեր հանդիսատեսին վարժեցրել էին դահլիճ գնալ և ներկայացում դիտել, դրանից հետո Մարտիրոս Մնակյանի գլխավորությամբ թուրքերեն բեմադրություններով շարունակեցին իրենց ուղին մինչև 1908-ի Սահմանադրության հռչակումը և Աբդուլ Համիդի բռնակալության տարիների թատրոնի նավը հասցրին Սահմանադրական միապետության նավահանգիստ։ Այս տարիների միակ արեւմտյան ոճի թատերախումբը Մնակյանի օսմանյան դրամատիկական թատերախումբն էր։ Երբ 1908 թ․ ընդունվեց Սահմանադրությունը, հայերեն թատերական գործունեությանը ազատություն տրվեց։ Հարաբերական ազատության այս օրերին մեծ հուզմունքով բեմ բարձրացած թուրք արտիստները բաղկացած էին դեռևս բավարար փորձ չունեցող երիտասարդ կամավորներից։ Բռնակալության տարիների անկմամբ բեմում ամեն ինչ կարելի էր ազատ ասել ու խաղալ։ Թուրք կամավորներից ոմանք հայ արտիստների հետ միություններով, ոմանք էլ ինքնուրույն խմբեր կազմելով՝ թատերական փորձեր էին անում։ Հայ արվեստագետների համար ազատության միջավայրում Սահմանադրական միապետության ամենակարևոր առանձնահատկությունն այն էր, որ այժմ ազատ էր հայերեն խաղալը: Բեմ դուրս գալով՝ ոգևորված հայ երիտասարդ արտիստները 1908 թ․ առաջին օրերին ստեղծեցին «Ազատ թատրոն» խումբը։ Ամբողջովին հայկական խաղացանկով ճամփա դուրս եկած երիտասարդների այս խումբը հայտարարեց, որ մոտ են սոցիալիզմին՝ ժամանակաշրջանի նոր փայլող գաղափարախոսությանը։ Բեմադրված պիեսներում դա տեղի է ունեցել թագավորների, կեղեքիչների ու տերերի դեմ ուղղված, հայ ազգին իր ինքնությունը հիշեցնող թեմաներով։ «Ազատ թատրոն» խմբի հիմնադիրներն ու նշանավոր անուններն էին Աշոտ Մադաթյանը, Ենովք Շահենը, Շահեն Հովհաննիսյանը և նոր բեմ դուրս եկած Էլիզա Բինեմեջյանը։ Ստամբուլցի Վահրամ Փափազյանը, ով դերասան էր Իտալիայում, պարբերաբար գալիս էր մայրաքաղաք և իր փորձը կիսում այս խմբի հետ և վերջինիս հետ  բեմ բարձրանում։

Թուրք մտավորականների՝ Ռեշադ Ռըդվանի և Բուրհանեթթին Թեփսինի նման թուրք թատերական ղեկավարների համար Վահրամ Փափազյանն իր հաջողակ բեմական ներկայացմամբ դիտվում էր որպես թուրքական թատրոնի զարգացման տարբերակ: 1910 թ․ թուրքական թատերական ընկերությունների հետ փորձ է արվել խաղալ հայկական դրամատիկական արվեստի առաջատար արտիստ Վահրամ Փափազյանի կերպարով։ Թեև եվրոպական կարգապահությամբ մեծացած Փափազյանի և օսմանյան ազգային թատրոնի թուրք արտիստների միջև կային հակասություններ (ինչպես 1910 թ. սեպտեմբերին միասին խաղացած Օթելլո ներկայացման ժամանակ), կարևոր համագործակցության ցուցիչ էր նաև 1912-ի ապրիլին «Նոր թատերական ընկերության» կողմից երկլեզու «Համլետի» բեմադրությունը թուրքերենով Մուհսին Էրթուղրուլի և հայերենով Վահրամ Փափազյանի կողմից։ 1910 թ․ երկրորդ կեսին ստեղծվել է Հայ թատերական ընկերությունը՝ հայ թատերական գործունեությանը նյութապես և հանդիսատեսի առումով աջակցելու նպատակով։ Այս աջակցությունը ստացած հայկական դրամատիկական թատրոնը 1911 թ. ձևավորվեց այնպիսի երիտասարդ կադրերի մասնակցությամբ, ինչպիսիք են՝ Վահրամ Փափազյանը, Աշոտ Մադաթյանը, Ենովք Շահենը, Գևորգ Սարգսյանը, Էլիզա Բինեմեջյանը և Մկրտիչ Չանանը, Էդվարդ Չափրասդը, Հրաչյա Ներսիսյանը, Հրաչ Դերձակյանը, նրա քույր Ադրինե Դերձակյանը, Նշան Պեշիքթաշլյանը։ Բալկանյան պատերազմի օրերին ընդհատված թատրոնների ներկայացումները վերսկսվեցին 1913 թ․ ապրիլին երիտասարդ արտիստներ Մկրտիչ Չանանի, Էդվարդ Չափրասդի և Ադրինեի մասնակցությամբ․ 1914 թ․ Ստամբուլում հիմնադրվեց Դարուլբեդային (Ստամբուլում դրամատիկական թատրոնի անվանումը-Ակունքի խմբ), որը նախատեսվել էր որպես թուրքական ազգային թատրոն, և նրա հիմնական նպատակներից էր վերջ տալ հայ դերասանական գերակայությանը բեմում։ Դարուլբեդայի, որտեղ հայ դերասաններ չեն ընդունվել, ստիպված ընդունում  են հայ դերասանուհիների, քանի որ թուրք եւ մահմեդական կանանց արգելված էր բեմ դուրս գալ։ Այս ողբերգական իրավիճակը շարունակվեց ինը տարի՝ մինչև 1923 թ.։

Զինադադարի շրջանում, գիտենք, որ հայերեն թատրոնը վերածնունդ ապրեց։ Որքա՞ն տևեց դա, և ովքեր էին այս շրջանի արվեստի նշանավոր գործիչները:

1918 թ․ պատերազմը շարունակվում էր, սակայն դրա ընթացքը դանդաղեց, և Ցեղասպանությունից և տեղահանությունից փրկված և հիմնավոր պատճառներ ունեցող հայ քաղաքացիներին թույլատրվեց վերադառնալ իրենց բնակության վայրերը և Ստամբուլ: Ցեղասպանությունից համեմատաբար նվազ կորուստներ կրած Ստամբուլի հայերի և թուրք ու մահմեդական քաղաքացիների միջև անվստահության մթնոլորտում երիտասարդ հայ թատերական գործիչները գործունեություն վերսկսելու համար ծրագրեցին և 1918 թ․ առաջին ամիսներին սկսեցին պատրաստել Ստամբուլի հայկական դրամատիկական թատրոնի կանոնադրությունն ու կանոնակարգը։ Չնայած որ 1918 թ․ աշխատանքներն արդեն ամփոփվել էին, սպասեցին, որ պատերազմը պաշտոնապես ավարտվի։ 1918 թ․ դեկտեմբերին հրապարակված կանոնադրությամբ, 1908 թ․ «Ազատ թատրոնի» նախաձեռնած թատերական գործընթացին համահունչ հայտարարվեց «Պոլսո հայ դրամատիկական ընկերության» հիմնադրման մասին։ Ընկերության հիմնադիրներն էին նախապատերազմյան տարիներին բեմում նորեկ երիտասարդ արտիստներից Մկրտիչ Չանանը, Էդվարդ Չափրասդը և Երվանդ Տոլայանը։ Խմբի ղեկավար կադրերը շատ կարճ ժամանակում մեծ ոգևորությամբ համախմբվեցին և սկսեցին փորձերը։ Դերասանուհիներից Սիրանուշ Ալեքսանյանը, Հրաչ Դերձակյանը, Եվգինե Աճեմյանը, Ադրինե Չանանը և դերասաններից Հրաչյա Ներսիսյանը, Տրդատ Նշանյանը, Հրանտ Ստեփանյանը, Գրիգոր Հակոբյանը, Շահան Սարյանը և Տիգրան Պողոսը այն արտիստներն էին, որոնք առաջին օրերին աչքի ընկան։ Այս ընթացքում Հալեպում գտնվող Աշոտ Մադաթյանը մի քանի ամիս ուշացումով եկավ Ստամբուլ ու միացավ խմբին։ Ամբողջ երկրում թուրք և մահմեդական մեծամասնության համար սկսված օկուպացիայի և վերջինիս դեմ պայքարի օրերին ի հայտ եկած քաղաքական հաշտեցման նոր միջավայրը Ստամբուլի հայ համայնքի համար դարձավ հանգստի և շունչ քաշելու շրջան։ Ստեղծվեց հայերեն թատրոն ստեղծելու համար հարմար, ազատ միջավայր, և դա Ստամբուլի հայ բեմի համար փառավոր օրերի սկիզբ դարձավ։ Վերստին ոտքի կանգնած հայ թատերական գործիչների շատ մեծ մասը հարուստ հայերի աջակցությամբ հավաքվել էր Ստամբուլի հայկական դրամատիկական թատրոնի հովանու ներքո։ Մյուս կողմից, «Բենլիյան» օպերետային թատերախմբի հետ միասին այնպիսի թատերախմբեր, ինչպիսիք են Ֆելեքյան քույրերի թատրոնը, Վահան Շահինյանի «Կիլիկիա» հայկական դրամատիկական թատրոնը, Գրիգոր Հակոբյանի «Արեւելյան» թատրոնը, Ստամբուլի հայերեն բեմը նրանք հասցրեցին գագաթնակետին։ Ստամբուլի հայկական դրամատիկական թատրոնում 1919 թ․ փետրվարին տեղի ունեցավ բուռն բեմադրությամբ՝ ի պատիվ ծերացած մեծ արվեստագետ Մարտիրոս Մինասյանի, և արտիստի երկրորդ հոբելյան ներկայացմամբ սկիզբ դրվեց բուռն չորս տարվա: Այնուհետև հայերենով բեմադրվեց պատգամավոր, իրավաբան, լրագրող, գրող և համալսարանի ուսուցիչ Գրիգոր Զոհրապի «Փոստալ» պատմվածքը։ Զոհրապն սպանվել էր Միություն և առաջադիմության կողմից կազմակերպված Ցեղասպանության ժամանակ օգտագործված ավազակախմբերից մեկի անդամների կողմից, որը ջախջախել էր նրա գլուխը։ Այնուհետ հայկական ներկայացումների շրջանը բուռն ու հարուստ խաղացանկով շարունակվեց Ստամբուլի ամենաշատ հանդիսատես ունեցող սրահներում։ Ստամբուլում հարաբերական կայունության և վստահության մթնոլորտը հարմար միջավայր ստեղծեց Կովկասի հայ մտավորականների և բեմադրիչների համար, և նրանք հերթով սկսեցին այցելել Ստամբուլ։ Առաջին այցն իրականացվեց 1919 թ․ սեպտեմբերին՝ հայ նշանավոր վիպագիր, դրամատուրգ, արձակագիր և լրագրող Ալեքսանդր Շիրվանզադեի կողմից։ Շիրվանզադեից հետո 1919 թ․ նոյեմբերին Ստամբուլում էր թատրոնի բարեփոխական շարժման առաջամարտիկներից, Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայի կարևոր դերասան-ռեժիսոր Հովհաննես Սևումյանը։ Սակայն նա հիվանդության պատճառով մահացավ Ստամբուլում։ 1920 թ․ մարտին Հայաստանից Ստամբուլ եկավ Հայ դրամատիկականին ոչ անհայտ, քաջածանոթ անուն՝ Վահրամ Փափազյանը։ Նա մինչեւ հունիսի վերջ Ստամբուլի հայկական բեմերը լցրեց իրեն հատուկ խաղացանկով։ Աշոտ Շահխաթունին, ով Ստամբուլ եկավ 1921 թ. հունվարին, ներդաշնակ բեմական միություն կազմելով Դարուլբեդայիի պրիմադոննայի՝ Էլիզա Բինեմեջիյանի հետ՝ կարևոր երանգ հաղորդեց Հայ դրամատիկականի բեմին։ Հայ գրականության ամենագերազանց ազգային բանաստեղծներից և գրողներից Հովհաննես Թումանյանը 1921 թ. այցելեց Ստամբուլ՝ հայ մշակութային գործիչների հետ կապեր հաստատելու և Պոլսահայ արվեստի տան ստեղծումը ղեկավարելու համար:

1922-ից հետո տեսնում ենք, որ հայկական թատրոնի գործունեությունն այստեղ նորից ընդհատվում է։ Ինչպիսի՞ն էր հայ թատերական գործիչների կյանքը 1922 թ հետո։ Ասացիք, որ Դարուլբեդային դուրս էր թողել հայ թատերական արտիստներին։ Ինչպե՞ս էին հայ թատերական արվեստի գործիչներն իրենց ապրուստը վաստակում այս շրջանում։

Այս պատկերը լիովին փոխվեց, երբ 1922 թ․ սեպտեմբերի 9-ին Անկարայի ազատագրական բանակը մտավ Իզմիր, և չորս օր անց բռնկված մեծ հրդեհի լուրը հասավ Ստամբուլ։ Հայկական բեմի՝ չորս տարի տեւած այս փայլուն շրջանն ավարտվեց, եւ արտիստները շատ կարճ ժամանակում սփռվեցին արեւմտյան երկրներ ու Հայաստան։ Հայ դրամատիկական թատրոնը Կ․Պոլսում փաստացի վերացավ։

Դեպի Հանրապետություն տանող 1923-ի առաջին ամիսներին հայերեն թատրոնի վրա դրված արգելքը վերջին հարվածը եղավ։ Մինչ Ստամբուլում մնացած որոշ արվեստագետներ ներփակվեցին իրենց պատյանի մեջ, այնուհանդերձ, հայտնի շատ հայ արտիստներ իրենց բեմական գործունեությունը շարունակելու համար այլընտրանք չունեին, քան թուրքական պիեսներ խաղալը: Բազմամշակույթ և բազմալեզու թատրոնից անցում կատարվեց դեպի միալեզու բեմ։ Հայ բեմական գործիչների հանդեպ արհամարհանքը շարունակվեց այնտեղից, որտեղ կանգ էր առել։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ աշխարհում տիրող դեմոկրատիայի և հակաֆաշիզմի մթնոլորտում, Թուրքիայում ազատ թողնվեց հայերեն թատերական գործունեությունը։ Վերստին շունչ առած հայկական բեմականացումներն ավելի պայծառ օրեր ապրեցին պրոֆեսիոնալ ներկայացումներով, որ տևեց մոտ տասը տարի: Ոչ մուսուլման քաղաքացիների շարունակական դուրսմղումն ու ձուլումը, 1955-ի սեպտեմբերի 6-7-ի դեպքերը և նմանատիպ իրադարձությունները մարեցին հայ պրոֆեսիոնալ թատրոնի պայծառ օրերը, և թատրոնի դրոշը ստանձնեց սիրողական հայկական բեմը։ Տարիներ տևած հայկական սիրողական թատրոնը աստիճանաբար շատ բան կորցրեց իր ուժից։ Այսօր հայկական սիրողական թատրոնը հայերեն ներկայացումների տեղը զիջելով թուրքերեն ներկայացումներին, անբավարար մակարդակով շարունակում է իր ուղին։

https://www.agos.com.tr/tr/yazi/27904/ermenice-tiyatronun-parlak-gunleri-nasil-sona-erdi

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net