կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-16 12:47
Առանց Կատեգորիա

Փառապանծ պատգամավոր Բելաջոյի Գրիշը

Փառապանծ պատգամավոր Բելաջոյի Գրիշը

Yerkir.am-ի լրագրողի հարցին, թե` Ձեզ համար սպասելի՞, թե՞ անսպասելի էր ԲՀԿ նախագահի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) բորբոքված պատասխանել է. «Սպասելի էր, սպասելի չէր... Մենք ստեղ բախտագուշակ չենք, ես ԱԺ պատգամավոր եմ»: Լրագրողը համարձակվել է տալ երկրորդ հարցը. «Իսկ Դուք ուրա՞խ եք, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնալու»: «Ազի'զ ջան, ես քաղաքական դաշտում եմ, ստեղ հարսանիք չի, որ ես ուրախ կամ դիլխոր ըլնեմ... Էս ի՞նչ անհեթեթ հարցեր եք տալիս... Ես էլ Ձեզ եմ հարցնում` Դուք ուրա՞խ էիք, որ առավոտյան արեւ էր... Այ այսպիսի անհեթեթ հարց եք տալիս: Ես Ձեզ խուրհուրդ կտայի մի քիչ որակական առումով, գիտելիքների իմացության մակարդակը Ձեր բարձրացնեիք եւ նմանատիպ անհեթեթ, մանր հարցեր չտայիք»,- հայտարարել է նա եւ կրկին կոչ արել «համապատասխան հարցեր տալ ԱԺ պատգամավորին»:

 

Որ քաղաքական դաշտը հարսանիք չէ, այդ մասին երեւի ավելի լավ գիտեն լրագրողները, իսկ ահա որոշ գործիչներ, այդ թվում` Բելաջոյի Գրիշը, քաղաքականությունն ու հարսանիքը հաճախ իրարից չի զանազանում` արդյունքում երեք անգամ քաղաքական ամուսնություն կնքելով ՕԵԿ-ի, ապա՝ ՀՀԿ-ի, այժմ՝ ԲՀԿ-ի հետ: Հաջորդ «ամուսնական զույգին» էլ ի հայտ կբերեն քաղաքական գործընթացները:

 

Ես, եթե «համապատասխան հարց» տալու լինեի Գրիգորի Մարգարյանին, կհարցնեի՝  Դուք ի՞նչ գործ ունեք խորհրդարանում 12 տարի շարունակ, ի՞նչ եք անում այդտեղ: Լրագրողը ուրիշ հարց է տալիս՝ գազի գնից: Պատգամավորն էլ, թե՝ «գազի գնից զանգ տվեք «ՀայՌուսգազարդի» տնօրենին հարցեք: Պատգամավորները օրենքներ են գրում»: Ստացվում է, որ պատգամավորը միայն պետք է օրենք գրի՝ խորհրդարանի իր աշխատասենյակում կամ էլ զոքանչի անունով գրանցած «հաց բերող» օֆիսում: Օրենք, օրենք եւ կրկին օրենք, որով պետք կարգավորվեն թե' գազի գինը, թե' հոսանքի գինը եւ մեր կյանքն` ընդհանրապես:

 

«Համապատասխան հարց» Գրիգորի Մարգարյանին՝ քանի՞ օրինագիծ եք ներկայացրել ներկայիս՝ 5-րդ գումարման խորհրդարանում: Գուցե նա այս հարցն էլ համարի անհեթեթ: Պատասխանենք` սույն փառապանծ պատգամավորը որեւէ օրենք չի հեղինակել, ավելին` երբեք հարց չի տվել ու ելույթ չի ունեցել: Որեւէ հարց ու ելույթ չի ունեցել նաեւ նախորդ գումարման խորհրդարանում` 5 երկարուձիգ տարիներին: Այլընտրանքային այս պատգամավորը հասցրել է «կողմ» քվեարկել 102 օրինագծի, «դեմ»` 2, 15 անգամ ձեռնպահ է եղել, 25 անգամ չի քվեարկել:

 

Եվս մեկ հարց պատգամավորին` այդ դեպքում ի՞նչ է քաղաքական դաշտը Ձեզ համար, եթե ոչ՝ խաղ ու պար:

 

Գրիգորի Մարգարյանը պատգամավոր է ընտրվել Երեւանից` թիվ 11 ընտրատարածքից, այդտեղից ընտրվել էր նաեւ նախորդ անգամ: Խորհրդարանական մեծամասնությունը, երբ դեմ էր արտահայտվում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցմանը, փաստարկներից մեկն այն էր, որ պետք է քաղաքացին դեմքով ճանաչի իր պատգամավորին եւ դիմի կոնկրետ խնդրանքներով՝ իր ձայնը խորհրդարանականի միջոցով հասցնելով կառավարությանը: Մեր քաղաքացիները դեմքով իրենց պատգամավորներին չգիտեն, իսկ ահա մականուններով գիտեն շատ լավ: Գրիգորի Մարգարյանին, պարզվում է, ո'չ դեմքով գիտեն, ո'չ էլ մականունով: Թերթերից մեկը գրել էր, որ մի օր ԱԺ մուտքի մոտ լրագրողներին է մոտենում 11 ընտրատարածքից մի կին` Գրետա Հակոբյան անուն-ազգանունով. «Չեմ կարողանում պարզել, թե ով է իմ դեպուտատը. մեկ ասում են Մարտին Սարգսյանն է, մեկ` Բելաջո Սերոժիկը»,- ասում է կինն ու խնդիրը փոխանցում լրագրողների միջոցով: 2011-ի սակավաթիվ հարցազրույցներից մեկում Գրիգորի Մարգարյանն ասել էր, թե ոչ միայն առաջադրվելու է խորհրդարանական ընտրություններում, ավելին` ընտրվելու է խորհրդարանի նախագահ: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պարզաբանել էր. «Կարծում եմ` հումոր է արել…»: Քաղաքական դաշտը, իսկապես որ, հումորի է վերածվել:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ