կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-30 15:01
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիշերը զանգող ու հայհոյող ադրբեջանցիների վնասը միայն այդքանն է․ մեդիա փորձագետ

Մեսինջերով ձայնային հաղորդագրություն ուղարկելն աստիճանաբար ընդունված հնարք է դառնում ապատեղեկատվություն տարածելու համար. ըստ Yerkir.am-ի` ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ռազմական իրավիճակում տեղեկատվական անվտանգության ռիսկերն ու հետևանքները. կեղծ և չճշտված ինֆորմացիայի տարածում» թեմայով մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ ձայնային հաղորդագրություններով ինչ անհեթեթություն ասես չի տարածվում։

«Օրինակ` երեկ ասում էին՝ համակարգիչները պետք է գիշերը 12-ին անջատեն, որ ռադիացիա չլինի։ Անհեթեթություն է դա, մարդիկ սկսում են տարածել՝ ինչ-որ վախեր ունենալով»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ ձայնային հաղորդագրությունների աղբյուրն անհայտ է, քանի որ հենց ուղարկողը չէ դրանց հեղինակը, ուստի պետք չէ դրանք տարածել։

«Ընդ որում` մեծամասնությունն այդ ձայնային հաղորդագրություններն ուղարկում է առանց մեկնաբանության, այսինքն՝ չի էլ բացատրում՝ ումից է ստացել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձագետը չի կարծում, որ այս ամենը միայն ադրբեջանցիներն են անում․ «Մեր «մտավորականների» ներուժն էլ քիչ չէ՝ անհեթեթություններ արտադրելու համար։ Նույն ձայնայինները ամիսներ առաջ Հայաստան բերեցին իմբիրի գնաճ, երբ ինչ-որ «պրոֆեսորներ» ձայնայինով ասում էին՝ իբր թե, վե՛րջ, իմբիր կեր ու կորոնավիրուսով չես վարակվի»։

Նրա խոսքով՝ հիմնական ապատեղեկատվության աղբյուրները մի քանիսն են․ դրանցից են ադրբեջանցիների կողմից ջարդված հայաստանյան օգտահաշիվները՝ ինչպես ֆեյսբուքյան անձնական պրոֆիլները, այդպես էլ մեծ էջերը։

Այդ էջերում հայերի անունից ինչ-որ գրառումներ են արվում, իբր պաշտոնական նյութեր տեղադրվում։

Մյուս խնդիրն, ըստ փորձագետի, այն է, որ փորձում են անհայտ աղբյուրներ օգտագործել։

«Օրինակ` «Տելեգրամ»-ում անհայտ ծագմամբ ալիքներում նյութեր են դրվում, հետո դրանք գնում են մամուլ ու տարածվում։ Հաջորդ խնդիրը մեր վախերի հետ է կապված։ Երեկվանից «Հայաստան» համահայկական հիմնադրամը փորձում է հաղորդագրությունների միջոցով գումար հավաքել,  բայց մարդիկ տեղադրում են նյութեր, թե պետք չէ ուղարկել այդ գումարները, քանի որ ադրբեջանական հաքերներն են դա սարքել, ու գումարն իզուր կորչելու է։ Չափազանց զգուշավորությունն էլ լավ բան չէ»,- ասաց նա։

Մարտիրոսյանը նշեց, որ եթե մեկը ինչ-որ անծանոթ համարից զանգում ու հարց է տալիս, միանգամից պետք չէ հրապարակել այդ համարն ու նշել, որ ադրբեջանցիներ են։

«Եթե հասարակ քաղաքացին, իր վախերից ելնելով, ենթադրություններ է անում, պետք չէ տարածել։ Քանի որ, օրինակ, հայտարարությունը, որ հիմնադրամին գումար պետք չէ փոխանցել, միայն մեկ էջից 3000 տարածում ուներ։ Դա փաստացի պարալիզացնում է հիմնադրամի աշխատանքը»,-ասաց նա։

Մեդիափորձագետը վստահեցրեց, որ նամակներ ու զանգեր ստանալը չի կարող վնասել մարդուն, իսկ ադրբեջանցիներն ունեն հոգեբանական ճնշման ձև. գիշերով զանգում են մարդուն, հայհոյում ու անջատում․ «Բայց դա մաքսիմալ վնասն է, որ կարող է զանգը մարդուն հասցնել»։

Նա նշեց, որ զանգերից ու նամակներից միակ վտանգն այն կլինի, եթե մարդիկ հավատան այդ ապատեղեկատվությանը կամ հետ զանգեն, այդ դեպքում մեծ գումար կկորզվի։

Պետք չէ գնալ նաև սոցցանցերով ուղարկվող հաղորդագրությունների հղումներով։

Մանրամասն՝ տեսանյութում: