Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանի` վերջին երկու օրվա պահվածքը շատ դժվար է տեղավորել այն պատկերացումների շրջանակում, որ բնորոշ պիտի լիներ երկրի խորհրդարանի անդամին: Եվ շատ զարմանալի կլինի, եթե նրա սանձարձակ խոսքը, լկտի արտահայտությունները չգրավեն կուսակցության ղեկավարի ուշադրությունը, քանի որ դրանք արդեն հանրության ուշադրությանն են արժանացել: Հետտոնական թմբիրի մեջ գտնվող մարդկանց համար ուղղակի գյուտ է հայհոյող պատգամավորը: Եվ նույնիսկ կարևոր էլ չէ՝ ինչի համար է հայհոյում, «տեղ» ունի՞ դրա համար, թե` ոչ, կարևորը հայհոյելու բուն փաստն է: Իսկ եթե նկատի ունենանք, թե գեղարվեստական ինչ ոճավորմամբ է հնչում հայհոյանքը, կարելի է նաև պնդել, որ լսողները գեղագիտական որոշ պահանջմունքներ էլ են բավարարում:
Ահավասիկ խաղատներում գումար տարվելու վերաբերյալ լրագրողական հարցին պատգամավորական «վեհ» պատասխանը. «Տո վաբշե ես ինչ կայֆեր էլ ուզեմ, անում եմ, փաթթած ունենամ բոլորին»: Դժվար է պնդել, թե նույնիսկ այս իշխանություններին է անհրաժեշտ իր հակառակորդների հետ հայհոյանքով խոսող պատգամավոր, ով կարող է անվարան հայտարարել. «Զակազչիկներին փաթթած ունեմ` բոլորին, ով ինչ ունի, չունի, թող գա իմ հետ, դեմ առ դեմ խոսանք, կարճ կոնկրետ: Իրենց պապաներին էլ հետը փաթթած ունենամ, բոլորին: Դրանց պապաներին, որ արդեն կեղտ չկա վրես, ոչ մի բան չկա, զակազներ են կատարում, դրանց պապաներին փաթթած ունենամ իրենց երեխեքի հետ: Դրանց զակազչիկները, պապաները եւ իրենց կնանիք են ինձնից հղի, որ իմ վրա գրել են տալիս, ուրիշ բան չունեմ ասելու»: «Պատմական» այս խոսքերը հնչել են NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, այն բանից հետո, երբ մեր կայքը լուր էր տպագրել խաղատանը նույն օրը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի` տանուլ տված խոշոր գումարների մասին:
Ի դեպ, խմբագրության տեղեկատվության աղբյուրը միանգամայն արժանահավատ է, հետևաբար, լուրը տպագրելիս գրեթե տարակույս չկար, որ ամեն ինչ իսկապես այդպես էլ եղել է: Բոլոր դեպքերում խմբագրությունը չէր բացառել, որ լուրը կարող էր նաև չհամապատասխանել իրականությանը, հետևաբար` նաև հերքվել «տուժողների» կողմից: Տ. Կարապետյանը, ըստ Ժողովրդական կուսակցության քաղխորհրդի նախագահ Արտակ Հարությունյանի, հումորով է վերաբերվում մեր նյութին, մինչդեռ Ա. Մովսիսյանն արձագանք արձագանքի հետևից է տալիս, ընդսմին՝ հայհոյելու իր կուտակված կարիքը բավարարելով տարբեր լրատվամիջոցներում և ակնհայտորեն չհանգստանալով: Ի դեպ, նա չի հերքում գումար տանուլ տալու վերաբերյալ տեղեկությունները, նա ընդամենը հերքում է, որ իր մասշտաբներին հայաստանյան ոչ մի խաղատուն չի համապատասխանում, ինքը խաղատուն «էթում» է միայն Ամերիկայում, ավելի ստույգ՝ Լաս Վեգասում. «Հայաստանում ո՞ւր ա խաղատուն, որ մի հատ էլ էդ խաղատանը գումար տանուլ տանք»:
Փոքր-ինչ թերահավատ ենք այն հարցում, թե ԱԺ համապատասխան հանձնաժողովը Ա. Մովսիսյանի պահվածքը պատշաճ կերպով կքննի, առավել ևս՝ համարժեք գնահատական կտա, ուստի այդ պատճառով չենք փորձի դիմել այդ հանձնաժողովին: Բայց պատրաստ ենք պատգամավորի հայհոյանքի «առարկայի» վերաբերյալ առարկայական փաստերով հանդես գալ, եթե նա, որպես 2004 թվականի ՌԴ մի բուհի իրավաբան-շրջանավարտ (ասում են՝ գերազանցության դիպլոմով), այնուամենայնիվ հարմար տեսնի իր «ոտնահարված» պատիվը վերականգնել դատարանում: Մանավանդ, որ մենք էլ՝ իբրև լուրը առաջինը հրապարակած և պատգամավորական հայհոյանքների թիրախ դարձած լրատվամիջոց, մեր արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունենք: