կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-13 10:42
Քաղաքական

Խորը ցնցումները դեռ առջևում են, մենք արդեն ուշացել ենք․ Արծվիկ Մինասյանը՝ տնտեսության մասին

Իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկատվություն է տարածվում տնտեսության վիճակի վերաբերյալ։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը՝  անդրադառնալով հարցին, թե իսկապե՞ս  տնտեսական և սոցիալական կոլապսի մասին խոսք լինել չի կարող, ինչպես հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Կառավարության նիստին՝ վարչապետն ասաց, որ 2020 օգոստոսին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով: Ըստ վարչապետի՝ այդ թիվը վկայում է, որ կան խնդիրներ, բայց սոցիալական կոլապս ևսոցիալական ճգնաժամ չունենք։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն պահել որպես թերթի խմբագիր։  Եվ արդեն անթույլատրելի է, երբ նա փորձում է պրոֆեսիոնալ տնտեսագիտական վերլուծություն իրականացնել, առավել ևս երբ չի տիրապետում տնտեսագիտության տարրական կանոններին։ Երբ հայտարարում է թվեր, նստած են պատասխանատու գերատեսչության ղեկավարները, որոնք տնտեսագետներ են կամ առնվազն պարտավոր են այդ մասով  արձագանքել, ու  զրո արձագանք է, արդեն պարզ է, որ մենք գործ ունենք ոչ թե Կառավարության, այլ մի միջավայրի հետ, որտեղ կարևոր չէ, թե ի՞նչ մակարդակի սուտ ես ասում, կարևոր է, թե ինչպիսի՞ համոզվածությամբ ես ասում, և ցավում եմ, որ մեր հասարակության զգալի մասը շարունակում է մնալ էդ պատկերացումների մեջ։ Ակնհայտ, իրականությանը չհամապատասխանող,  սուտ տեղեկատվություն է տարածվում տնտեսության վիճակի վերաբերյալ, սոցիալական վիճակի վերաբերյալ։ Ես չեմ ասում, որ ամեն ինչ պետք է սև գույներով ներկայացնել, բայց ճշմարտությունը պետք է ասվի, որովհետև ժամանակակից տնտեսագիտության մեջ  չափազանց կարևոր են մարդկանց սպասումները, իսկ այդ սպասումները ոչ թե կեղծ տեղեկատվության վրա պետք է կառուցել, այլ իրականության համապատասխանող տեղեկատվության վրա, որպեսզի հետո մարդիկ հիասթափություն չապրեն, իրենց տնտեսական որոշումները կայացնելիս՝ չսխալվեն, կորուստներ չունենան և այլն։ Առավել ևս տնտեսվարող սուբյեկտների մասով,  երբ  նրանք պլանավորում են ապագա գործունեությունը, ուստի երբ այդ թվերը հրապարակվում են, և վկայակոչվում է Ազգային վիճակագրական  ծառայությունը, գոնե հանուն  բարեխղճության  պետք է վերցնել և նայել՝ ի՞նչ է հրապարակված, և ի՞նչ եմ ես ասում»,- ընդգծում է Արծվիկ Մինասյանը, ապա ներկայացնում, որ 2020թ․-ի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում ՀՆԱ-ն 24 %-ից ավելիով անկում է ապրել։

«Հրապարակված է, որ 2020թ․-ի օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ․-ի օգոստոսի համեմատ 10%-ից ավելիով անկում է ապրել։ Վիճակագրական ծառայությունը պարզաբանել էր, աշխատատեղերի թիվը, երբ հրապարակում են, նկատի չեն առել այն հանգամանքը, որ քաղաքացիները հարկադիր արձակուրդ են գնացել և վարձատրություն չեն ստացել, այսինքն՝ աշխատատեղերի թիվը հրապարակելիս այդ մարդկանց դեռևս համարում են աշխատողներ։ Հրապարակված է առևտրի և ծառայությունների անկման ցուցանիշները և այս ամենից հետո խոսել մի թվի մասին, որը ՀԴՄ-ների շրջանառության մասին է, անցնում է տրամաբանության սահմանները։ Վարչապետի խոսքով՝ եթե անգամ կա շուրջ 12% առևտրի նվազում, դա բերել է ընդամենը 2,5% ՀԴՄ կտրոնների նվազման, սա անբացատրելի անիմացություն է կամ կանխամտածված ապատեղեկատվություն»,- ասաց տնտեսագետը։

ՀՅԴ քաղաքական գործիչը պնդում է, որ  Հայաստանում չկա տնտեսական քաղաքականություն։

«ՀՆԱ-ի ցուցանիշներով, երբ ծախսային մեթոդներով հրապարակվում է, թե ի վերջո համախառն կուտակումը  ինչ է, որը մակրո մակարդակով ավելի մոտ է ներդրում ասված հասկացությանը, մենք տեսնում ենք, որ  2019թ․-ի նկատմամբ 50-55%  անկում ունենք այստեղ, 2019թ․-ին էլ մի լուրջ ներդրումներ չունեինք, հիմա պատկերացրեք, որ դրա հետ համեմատած անկումն ավելի է, այսինքն՝ ամբողջ տնտեսությունում համախառն կուտակումները չեն անցնում  11%-ը, սա խայտառակ ցուցանիշ է։ Այս ցուցանիշով մտածել, որ տնտեսությունը նույնիսկ հետկորոնավիրուսային շրջանում կվերականգնի իր վիճակը, կստեղծի հնարավորություններ տնտեսական աճի համար, առնվազն միամտություն է»,- ասում է պարոն Մինասյանը։

 Կորոնավիրուսով պայմանավորված՝ Կառավարության հակաճգնաժամային երկու տասնյակից ավելի միջոցառումները, ըստ տնտեսագետի՝ անարդյունավետ էին։

«24-ից 25 ծրագիր է հայտարարված, կարող եք դուրս գալ փողոց և հարցնել, թե քաղաքացիներն օգտվել այն ծրագրերից, հե՞շտ էր դրանցից օգտվել, Ձեզ կպատասխանեն, որ «չեմ օգտվել, կամ էլ այնքան բարդ էր, որ զահլես գնաց, չեմ էլ ուզում օգտվել»։ Կառավարությունը պետք  է այնքան հեշտացներ այդ օժանդակության սխեմաները, հասանելի դարձներ մարդկանց համար, որ մարդիկ իրենց մաշկի վրա զգային, իրենց սառնարանում «տեսնեին», որ կա Կառավարություն,  և նա ամենօրյա ռեժիմով օգնում է իրենց՝ դուրս գալու այս ճգնաժամային վիճակից։ Հակառակը՝ Կառավարությունը իր միջոցառումներով ոչ միայն  խորացրեց ճգնաժամը, ավելի մեծ սպասումներ ձևավորեց, այլև առաջիկայում սպասվում են շատ ավելի վատ հետևանքներ, այդ թվում՝ սոցիալական  կոլապսի հասնող հետևանքներ, որովհետև ի վերջո ռեսուրսն անվերջ չէ։ Այն, ինչի մասին մենք ասում էինք մարտին, որ չի կարելի գումարները բաշխել ափռ- ցփռ, հարկավոր է խնայողական ռեժիմով գնալ, որովհետև վարակը երկարաժամկետ է, բայց դրա երկարաժամկետությունը ենթադրում է, որ ցանկացած պահի Կառավարությունը պետք է կարողանա համարժեք ներարկումներ անել տնտեսության մեջ, սկսած՝ արատքին պարտքի վերակառուցումից, ավարտված՝ բյուջեի մի շարք ծախսերի ուղղությամբ միջոցները խնայելու ռեժիմով, այդ թվում՝ պարտադիր կուտակայինի գումարները,  որոնք բյուջեի վրա հսկայական բեռ են և շարունակում  են փոխանցումները իրականացցել։ Կառավարությունը ոչ միան  չլսեց, չընկալեց այս ամենը, այլև շարունակեց իր քաղաքականությունը, այդ թվում՝ պարգևավճարների քաղաքականությունը, միջոցները անարդյուանվետ ծախսելու իր մոտեցումները, արտաքին պարտքը մեծացնելը, որն անշուշտ անխուսափելի էր, բայց դրա նպատակայնությունը պետք է հստակ երևար, ինչպես նաև այն օժանդակության միջոցները, որոնք հատկացվեցին COVID 19-ի դեմ պայքարի շրջանակներում։ Դեռ ժամանկը կգա խորը վերլուծություններով փաստելու Կառավարության ապաշնորհ քաղաքականությունը և դրա հետևանքները, բայց այսօր արդեն ակնառու է դառնում, որ մարդիկ կորցնում են վաղվա օրվա նկատմամբ իրենց եկամուտներ վաստակելու հնարավորությունները և բողոքի ակցիաները պատահական չեն, որովհետև ամեն մի օր մի  նոր խմբի անկայունության և ապագայի անորոշության պայման է ձևավորվում»,- ասում է նա։ 

Արծվիկ Մինասյանն անդրադառնալով հարցին, թե որքա՞ն կկազմի տնտեսական աճի անկումը տարվա կտրվածքով և  որքա՞ն ժամանակ կպահանջվի նախաճգնաժամային ցուցանիշներին հասնելու համար, ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները։  Օրինակ՝ 2020թ․-ի հուլիսին 2019թ․-ի հուլիսի նկատմամբ տնտեսական ակտվիության ցուցանիշը նվազել է 10, 2 %-ով։

«Դեռևս ամիսներ առաջ մենք գնահատել էինք իրավիճակն ու ասել, որ եթե այս ձով շարունակվի և Կառավարությունը էս վարքագիծը դրսևորի,  ցավոք, ունենալու ենք երկնիշ թվով տնտեսական անկում»,-հիշեցնում է պարոն Մինասյանը։

 Շարունակելով ներկայացնել վիճակագրական ծառայության մյուս ցուցանիշները, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն ասում է, որ տնտեսության  վերականգնումը երկար ժամանակ է պահանջելու։

«Եթե Կառավարությունը այս ձևով է մնալու, այս ձևով է փորձելու շարունակել,  ապա առնվազն այդ ժամկետը պետք է կրկնապատկել, եռապատկել, որովհետև գործադիրն այսօր ունակ չէ հստակ ծրագրային քաղաքականություն վարել։ Իրավիճակային, կարճաժամկետ, ամպագոռգոռ,  ամբարտավան, առանձին դեպքերում՝ պոպուլիստական  հայտարարություններով փորձում են  հասարակությանը շեղել հիմնական խնդրից։ Ցավալի է, որ շատերը, այդ թվում՝  իրենց թիմում գործող պրոֆեսիոնալ տնտեսագետներն  այսքանը տեսնելով շարունակում են լռել, այսինքն՝ իրենց համար իշխանության աթոռն այնքան «քաղցր» է դարձել, որ մոռանում են՝ վաղը պատասխան տալու ժամանակն է գալու, ի վերջո այս հարցերին պետք է պատասխանել, չի կարելի նստել ու լռել։ Ամենալավ քաղաքականությունը այն կարող էր լինել, որ այս վիճակում Կառավարությունը առնվազն համահայկական խորհրդակցություններ հրավիրեր այս հարցերով, ներուժի բացահայտում իրականացնեին և կարողանային կազմակերպված ձևով տնտեսական արդյունավետ քաղաքականություն վարել»,- նշեց նա։

Արծվիկ Մինասյանը արձանագրում է, որ տնտեսությունում ցնցումները շարունակվում են, և անորոշությունը ավելի է խորացել։

«Ես չեմ խոսում փոքր բիզնես միջավայրի համար, որոնց համար նախկին վարչարարության խիստ լինելը հաշվի առնելով՝ այսօր ավելի մեղմ է, և իրենց թվում է, որ  ամեն ինչ շատ լավ է, ես խոսում եմ միջին և երկարաժամկետ հեռանկարում այն տնտեսվարողների մասին, որոնք իսկապես կառուցում են իրենց ծրագրերը այսօրվա գործողություններով։ Ակնհայտ է, որ իրենց սպասվում է խորը և մեծ հիասթափություն այս իշխանությունների իրականացրած տնտեսական քաղաքականությունից։ Ինձ համար ակնհայտ է, որ սա երկար չի տևելու, հասարակությունը փողոց է դուրս գալու  և իշխանության շահերից է բխում, որ իրենք օր առաջ այս ամենը գիտակցեն, ոչ թե փորձեն մանիպուլյատիվ վարքագիծ ցուցաբերել»,- նկատում է տնտեսագետը։

ՀՅԴ-ական գործչին հիշեցրեցինք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ Կառավարությունը պիտի ամբողջ կազմով հրաժարական տա, որովհետև կորոնավիրուսի դեմ պայքարը տապալել է, տնտեսությունը վատ վիճակում է, մարդիկ զրկվել են աշխատանքից, եկամտից, առաջիկայում էլ սով է սպասվում։ Նրա նշած ժամկետն ավարտվում է, բայց սով, կարծես, չկա: Հարցին, թե Ծառուկյանի գնահատականներն իրոք արտացոլո՞ւմ են իրականությունը, Արծվիկ Մինասյանը պատասխանում է, թե նույնիսկ 90-ականների սկզբին, նման իրավիճակ չկար, բայց տրված գնահատականները իսկապես համազոր են այսօրվա ստեղծված վիճակին։

«Եթե անգամ կարճ ժամկետում փորձ է արվում քաղաքացիներին խոստումներ տալ, այդ թվում՝ արտաքին պարտքը մեծացնելու հաշվին, սա սպառվող ռեսուրս է, չի կարող դա երկարաժամկետ կտրվածքով  լինել։ Խորը ցնցումները դեռ առջևում են, օր առաջ է պետք այդ ամենը կանխել, մենք արդեն իսկ ուշացել ենք, որովհետև ոչ թե օրինակ՝ սեպտեմբերի 11-ին սով է սկսվելու, չէ, այդպես չէ, բայց միտումները գնում են դեպի այն, որ մարդիկ զրկվում են իրենց եկամուտներից,  զրկվում են իրենց տնտեսությունները կազմակերպելու հնարավորությունից, ամեն օր շատ ավելի ակնառու է դառնում։ Այդ ամենը բարդել կորոնայի վրա, անշուշտ ճիշտ չէ։ Իհարկե, կորոնան իր բացասական դերակատարությունն ունեցել է, վիրուսը հիմնարար փոփոխություններ մտցնում պետություններում՝ տնտեսական, սոցիալակն  քաղաքականության մասով,   բայց շահելու  է այն պետությունը, որն այնքան ճկուն է և գիտակցում է, որ այս իրավիճակում անհրաժեշտ է թիրախային քաղաքականություն վարել, մեր Կառավարության մոտ սա բացակայում է, և քաղաքացիներն իրենց մաշկի վրա շատ ավելի շուտ են զգալու»,- նշում է պարոն Մինասյանը և սթափության կոչ անում թե՛ ժողովրդին, թե՛ իշխանություններին։

Անդրադառնալով՝ սեպտեմբերի 16-ին նախատեսված՝ ԼՀԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացին և բողոքի ակցիա անելուն, Արծվիկ Մինասյանն ասաց, որ քաղաքացիները պետք է աջակցեն այն ուժերին, որոնք ունակ են ու ընկալում են ԿԳՄՍՆ-ի քաղաքականության փոփոխությունների անհրաժեշտությունը։

«Երբ պատգամավորը մանդատը վայր է դնում և պաշտոնապես հայտարարում,   թե ինչի համար է դա անում, սա նշանակում է, որ իրենց թիմում էլ արդեն հասկացել են, որ նման ապազգային քաղաքականությամբ իշխանությունը ապագա չունի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Հավելենք, որ ամիսներ առաջ  հենց Դաշնակցությունն էր փողոցային պայքար ծավալել և պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը։