Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է հարկային նոր օրենսգիրքը: Ելույթներ ունեցան ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ովքեր դեմ արտահայտվեցին հարկային նոր օրենսգրքին՝ սուր քննադատության ենթարկելով: Նրանք նշեցին, որ միասին կաշխատեն, բազմաթիվ առաջարկություններ կներկայացնեն` հույս ունենալով որ դրանք կընդունվեն հարկային նոր օրենսգրքում:
Վահե Էնֆիաջյանը կրկին բարձրացրեց ավիտոմսերի մատչելիության հարցը, թե ինչո՞ւ են Հայաստանի քաղաքացիները նախընտրում Թբիլիսիից գնել ավիատոմսերը, այլ ոչ` Հայաստանից, դրանով ահագին գումարներ Հայաստանի բյուջե չեն մտնում: Պատգամավորը նշեց. «Մի՞թե ընկալելի չեն մեր խմբակցության մոտեցումները: Էդքան մեծ քիթ ունեք, քթածակ չունե՞ք»:
Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ կառավարությունն այնքան շրջահայացություն կունենա, որ չի ընդունի այս նախագիծն այս կերպ, հակառակ դեպքում` մի գրանիտե տապանաքար պետք է դնենք Հայաստանի տնտեսության վրա ու վրան գրենք. «Վախճանվեց անփառունակ տնտեսության պատճառով»:
Նաիրա Զոհաբյանը դժգոհեց, որ մինչ ԱԺ քննարկումները հարկային նոր օրենսգիրքը չի քննարկվել շահառուների հետ, ովքեր կարծում են, որ այս օրենսգիրքը կկործանի տնտեսությունը: ԲՀԿ խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, որ կառավարության հայտարարած` կոռուպցիայի դեմ պայքարը արդյունք չի տալիս, այդ պատճառով որոշել են, հարկերը քամելով, լուծել բյուջեի հավաքագրման խնդիրը: Նա անընդունելի համարեց շրջանառության հարկի շեմի նվազեցումը, որը կհարվածի ՓՄՁ-ներին:
«Կարող ա՞ կոռուպցիան անորսալի Ջոն ա: Տեղը չգիտեք, չեք կարողանում մոնոպոլիստներին գտնեք, անցել եք այս անընդունելի տարբերակին: Կոռուպցիոներների տեղն էլ գիտեք, հարկերից խուսափողների տեղն էլ գիտեք, գնացեք` նրանց դեմ պայքարեք»- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա համոզմամբ` այս տեսքով եթե ընդունեն օրենսգիրքը, ապա ՓՄՁ-ները կփակվեն, կլինի գնաճ, արդյունքում` կլինի հարկային մուտքերի նվազում: Պատգամավորն առաջարկեց հետաձգել այս քննարկումը, կազմակերպել մի քանի լսումներ շահառուների հետ, փոփոխել այն: «Ինչպե՞ս է լինում, որ ասում եք` լավ հարկային օրենսգիրք է, կնպաստի շահառուների զարգացմանը, բայց շահառուները բողոքում են: Ի՞նչ է, նրանք մազոխիստնե՞ր են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նշեց, որ ՓՄՁ-ները արդարացիորեն են ընդվզում այս հարկային նոր օրենսգրքի դեմ: Շրջանառության հարկի շեմի նվազեցմանն անդրադառնալով` նա նշեց, որ հարկային վարչարարությունն է մեղավոր, որ խոշորները տրոհվում են ու մտնում փոքրերի դաշտ, և որ իրական փոքրերը դրանում մեղավոր չեն: Միքայել Մելքումյանը փոքր վարսավիրանոցի կամ տաքսի ծառայության օրինակով ու հաշվարկով փորձեց ցույց տալ, որ շահութահարկի շեմի նվազեցումը հիմնավոր չէ:
Ակցիզային հարկի ավելացման առումով պատգամավորը նշեց, որ համաձայն է օղու և ծխախոտի ակցիզային հարկի ավելացմանը, սակայն դեմ է դիզվառելիքի, բենզինի ու գազի ակցիզային հարկի ավելացմանը, քանի որ դա կհանգեցնի ներդրումների նվազեցմանը: