կարևոր
3532 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-25 14:31
Հասարակություն

Խորը, ավելի՜ խորը փորել

Խորը, ավելի՜ խորը փորել

Մահիր Օզքան

Անհետացման վտանգի առաջ գտնվող լեզուների և մշակույթների ոլորտում ուսումնասիրությունների զգալի մասը, ցավոք, իրականացվում է մեծ քաղաքներում։ Ամսագրերն ու թերթերը մեծավ մասամբ տպագրվում են մեծ քաղաքներում, ալբոմները  ևս պատրաստվում են այստեղ, մեծ քաղաքներում են գործում հասարակական կազմակերպությունները։ Դրա պատճառներից մեկն այն է, որ մարդիկ, ովքեր իրականացնում են այդ գործունեությունը, ապրում են իրենց լեզվի և ինքնության միջավայրից հեռու, և նրանք իրենց մշակույթի և լեզվի ոչնչացման գործընթացն ապրած անձինք են: Մյուս պատճառն այն է, որ միջավայրում ապրող մարդիկ, ընդհակառակը, այդչափ չեն զգում այդ անհետացումը, որչափ մեծ քաղաքներում ապրողները, քանի որ ապրում են իրենց մշակութային և լեզվական միջավայրում։

Աճել սեփական հողում

Վտանգված լեզուներն ու մշակույթները պահպանելու ուղղությամբ խոշոր քաղաքներում իրականացվող  աշխատանքները որքան էլ կարևոր և անհրաժեշտ լինեն, բավարար չեն։ Մեծ քաղաքներում կատարվող ուսումնասիրությունները ավելի շատ ունեն պատմության մեջ հետք թողնելու, լեզուն և մշակույթը արձանագրելու և անհետացման վտանգի դեմ երաշխիք ստեղծելու գործառույթներ: Սա, անշուշտ, անթերագնահատելի գործ է։ Այնուամենայնիվ բավարար չէ լեզուներն ու մշակույթները կենդանի պահելու համար։ Մեր լեզուների և մշակույթների գոյատևման ամենակարևոր օղակը այն վայրերն են, որտեղ այդ լեզուներն ու մշակույթները դեռևս ապրում են որոշակի բնակչությամբ: Լեզվի, մշակույթի կեցությունն իր հայրենի հողն է։ «Հադիգը» (Համշենի բարբառում հատիկն ունի նաև սերմ իմաստը-Ակունքի խմբ) Ստամբուլում հիմնված միություն է, որը պայքարում է համշենյան լեզուն և մշակույթը կենդանի պահելու համար: Հիմնադրման հենց սկզբից պնդում էի, որ միությունը պետք է իր մասնաճյուղերը բացի այն վայրերում, որտեղ ապրում են համշենցիները, և որ մեր աշխատանքը պետք է հասցվի մեր հողին, մեր լեզվին և ինքնությանը: Սակայն կյանքը դեռ դա թույլ չի տվել։ Հատիկ նշանակում է սերմ: Սերմը հողին հանդիպելիս ամենագեղեցիկ ծաղիկներն է տալիս:

Լավ օրինակ

Փազարի մշակույթի և արվեստի տունը տեղական տարածքում լեզվական, մշակութային և արվեստի առումով լավ օրինակ է: Մինչ օրս իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ փայտի փորագրման արհեստանոցից մինչև լազերենի դասընթաց, կիթառի դասընթացներից մինչև բազմալեզու երգչախմբային աշխատանքներ, շնորհանդեսներից մինչև հարցազրույցներ։ Արժեքավոր ու կարեւոր գործունեությունից բացի, նաեւ հրատարակչական գործունեության ուշագրավ նմուշ են։ Օրինակ, մատենաշարի նպատակն է յուրաքանչյուր գյուղի համար գիրք պատրաստել:  Իրենց գյուղի պատմվածքները, գյուղի պատմությունը, տեղանունները, ավանդույթները, անհետացող բառերը և այլն, հեղինակների գրած այս գրքերը մեկ առ մեկ գանձի արժեք ունեն։ Լեզվի ու մշակույթի անհետացման դեմ պայքարում այսպես ասած լեզվի, մշակույթի մազանոթներում շրջանառվող նման ուսումնասիրությունների գործառույթը շատ-շատ կարևոր է։ Գաղափարի հեղինակի և բոլոր իրականացնողների վարձքը կատար լինի։ Մեկ այլ մատենաշար է «Ձայներ մեր սրտից»… Շարքի առաջին գիրքը «Հելուն և Իբալին» է։ Հեղինակը Յաշար Չելիքն է։ Խմբագրական գործը հարգարժան Իբրահիմ Քարաջան է իրականացրել։ Երկու վիպակ կա՝ մեկը գրքի անունը կրող «Հելուն և Իբալի», մյուսը «Սեվելուկցի երեխան»։ Գրքի վերջում էլ տեղ են գտել Յաշար Չելիքի համշենաբույր բանաստեղծություններն ու լուսանկարները։ Իմիջիայլոց, Յաշար Չելիքի միայն բանաստեղծությունները չեն համշենաբույր, այլև՝ վիպակները։ Հերոսները Համշենի բարբառով թուրքերեն են խոսում, հայերենից Համշենի բարբառում մնացած բազմաթիվ բառեր են օգտագործում։ Տեքստի բնական ընթացքի մեջ մոռացված ավանդույթները, բառերն ու տեղանունները տեսնելը մարդու հույս է ներշնչում։

 «Հելուն և Իբալի»-ում թաքնված բառերը

Յաշար Չելիքը գրքի վերջին բաժնի բանաստեղծություններն անվանել է «Թաքնված բանաստեղծություններ»։ Այս անունն իրականում գեղեցիկ պատահականություն է և դա նաև ցույց է տալիս, որ մենք ունենք նմանատիպ զգացմունքներ և ձգտումներ, թեև չենք ճանաչում դրանք: Ինքս էլ երկար ժամանակ է, ինչ համշեներենի մեջ քիչ հայտնի, մեկ-երկու տեղ մնացած, այսինքն՝ մի գյուղում, մի տեղանվան մեջ կառչած բառեր եմ փորձում գտնել ու գրառել, և «Գոր» ամսագրի այդ խորագիրն անվանում եմ «Թաքնված բառեր»: Գրքի սկզբում ներառված է նաև փոքրիկ բառարան։ Բառարանում շատ բառեր կան, որ թաքնված են տեքստի մեջ։ Սակայն տեքստում կան նաև բառեր, որոնք ներառված չեն բառարանում։ Դրանք բացահայտելն էլ է շատ հաճելի։ Գրքում գործածված այս բառերի մի զգալի մասը, անշուշտ, օգտագործվում են նաև Խոպայի համշենցիների կողմից։ Այս բառերը մեր լեզվի նշաններն են, որով մենք ժամանակին խոսել ենք միմյանց հետ: Այնուամենայնիվ, կան նաև այնպիսի բառեր, որոնք մոռացվել, անհետացել են Խոպայի համշեներենից և պահպանվել են Համշենի սրտում։ Հենց դրանք են այս գրքի «թաքնված խոսքերն» ինձ համար:

Ուզում եմ ձեզ հետ կիսվել այս թաքնված բառերից մի քանիսով:

Օրինակ՝ «Անգելդեղ», որը որպես տեղանուն հիշատակվում է Քավրուն յայլայում։ Հայերենում «դեղ» նշանակում է «տեղ»։ Խոպայի կողմում մենք այս բառը օգտագործում ենք որպես «լեռ»։ Այստեղ պահպանվել է գրավոր լեզվին համապատասխան ձեւը։ «Անգել» նշանակում է անկում, ընկնել: Մենք Խոպայի կողմից այս բառը հավանաբար թուրքերեն ենք թարգմանել ու ասել «ընկածս տեղը»։ Սկզբնական ձևը թաքնված պահպանվել է Համշենում։

Նույն ձևով մեկ այլ բառ է «Հանկեստեղը»:

Այս բառն էլ որպես տեղանուն տրվել է Միքրունքավաքի ճանապարհին մի վայրի։

«Տեղ» բառը իրականում «դեղ» բառն է, որը նշանակում է տեղ: Լավ, իսկ հանքես բառն արդյոք ի՞նչ է նշանակում։ Խոպայի կողմերում այս բառը չի հանդիպում։ Հայերեն բառարաններում այն ​​հիշատակվում է որպես «հանգիստ»։ Բառի իմաստը՝ հանգիստ, ընդմիջում է: Այսինքն՝ նշանակում է նույնը՝ հարմարավետ տեղ, հանգստավայր։ Խոպայի կողմերում մեր չօգտագործած, մոռացության մատնված «հանգիստ» բառը թաքնվել է Համշենի ծոցում։

Մեկ այլ թաքնված բառ՝ «տենչկապ / տենչգաբ»: Այս բառը, որ Խոպայում էլ է գործածվում, մի տեսակ շղարշի անուն է։ Նախկինում նորահարսները չէին կարող խոսել սկեսուրի կամ սկեսրայրի առջև՝ մինչև նրանց թույլտվությունը, և նրանք դեմքի քթից մինչև կզակ հատվածը ծածկում էին գլխաշորի այս մասով, որը կոչվում է «տենչգաբ»։ Անշուշտ, չենք ցանկանում այս ավանդույթը պահպանել, և ասում ենք՝ լավ է, որ այն վերացել է, բայց այս բառից հանում ենք նաև մեր թաքնված բառը։ Այս բարդ բառում հայերենում կզակ նշանակող «տունչ» բառի մեջ վերջածանց վերցնելիս, միաձայն ու-ն, ինչպես բոլոր բառերում, փոխվում է ձայնավորը ե-ի և դառնում «տենչ»: Մյուս բառը՝ «գաբ», նշանակում է կապ։ Այսպիսով, այս բառը նշանակում է «ծնոտի կապ»: Սակայն այս բառի մեջ էլ պահպանել ենք «տունչ» բառը։

Մեկ այլ բան, որ գրավեց իմ ուշադրությունը, գրքում օգտագործված «-իգ» վերջածանցն է: Համշեներենում բիձիգ՝ փոքր, բիձիլիգ՝ փոքրիկ է նշանակում։ Համշենում նույն ձևը փոխանցվել է թուրքերենին։ «Küçücük»՝ փոքրիկ ասելու փոխարեն ստեղծվել է «küçilig» բառը՝ օգտագործելով մեր «բիձիլիգ» ձևը:

Ամեն գյուղից մի գրող

Մեզ ամբողջ Համշենի տարածաշրջանում ավելի շատ յաշար չելիքներ են անհրաժեշտ, տեղանք, որտեղ խոսում կամ չեն խոսում համշեներեն։ Անրաժեշտ է հավաքել, մեկտեղել մեր ամեն մի գյուղի տեղանունները, բույսերի անունները, սննդի անվանումները, ազգանունները, դարձվածքները, պատմությունները, մանիները (խաղիկներ-Ակունքի խմբ): Կարծում եմ, դրա լավագույն ձևերից մեկն էլ այն կլինի, որ յուրաքանչյուրս իր գյուղի, իր ընտանիքի մասին պատմի, սեփական պատմությունը ներկայացնի։ Ով գիտի, թե դեռ որքա՜ն թաքնված խոսքեր, թաքնված բանաստեղծություններ, թաքնված պատմություններ են կարոտ բացահայտման։

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net