կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-06 17:26
Աշխարհ

Մենք ուշացել ենք, պետք էր դեռ անցյալ տարի ճանաչել Ցեղասպանությունը. Բունդեսթագի փոխնախագահ

Մենք ուշացել ենք, պետք էր դեռ անցյալ տարի ճանաչել Ցեղասպանությունը. Բունդեսթագի փոխնախագահ

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթը թեմայի շուրջ զրուցել է Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ, Կանաչների կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթի հետ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է Բունդեսթագին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե` ոչ», Ռոթը ասել է. 
«Այս մոտեցումը անհավատալի է. ոմն դեսպան բացահայտորեն կարողանում է զգուշացում անել Գերմանիայի խորհրդարանին: Մենք դա չենք ընդունում: Ոչ մի հյուպատոսարան, ոչ մի պետություն չի կարող սպառնալ մեր խորհրդարանին: Դա մեր իրավունքն է՝ որոշել, թե ինչը քննարկենք, ինչի վերաբերյալ որոշումներ կայացնենք:

Հուսով եմ, որ Սոցիալ-դեմոկրատական և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները հավատարիմ կմնան իրենց խոսքին, և խնդիրը ոչ միայն կքննարկվի, այլև նրանք կքվեարկեն բանաձևի օգտին և տեղի ունեցածը կկոչեն իր անունով: Իսկ այդ անունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ցեղասպանություն: Մենք նույնիսկ ուշացել ենք, անհրաժեշտ էր դեռ անցյալ տարի ճանաչել»:

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ դեռևս 10 տարի առաջ, երբ Հրանտ Դինքը պարբերաբար Գերմանիա էր այցելում և Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումներ կազմակերպում, ինքն ու Դինքը բազմիցս խոսել են Ցեղասպանության ճանաչման հնարավորությունների մասին: Եվ հիմա՝ 10 տարի անց, երբ Դինքն արդեն սպանված է, նա իրեն պարտավորված է զգում Դինքի հանդեպ՝ այս հարցը քննարկելու ու Ցեղասպանությունը ճանաչելու հարցում:

Իսկ այն հարցին, թե ինչ նշանակություն կարող է ունենալ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ռոթը պատասխանել է. «Այս ցեղասպանության ճանաչումը հնարավորություն կտա քննարկման դնելու դրանում մեր պատասխանատվության խնդիրը: Քանի որ տեղի ունեցածի համար պատասխանատու է նաև Գերմանիան: Գերմանիայի միապետությունը Թուրքիայի դաշնակիցն էր և, չնայած տեղեկություն ուներ ընթացիկ իրադարձությունների մասին, չմիջամտեց և չկասեցրեց Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է առերեսվենք մեր պատմության հետ»:

Նշենք, որ Կլաուդիա Ռոթը 1990-ականներին Թուրքիայում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտման լուրջ դեպքերը խորհրդարանի օրակարգ բերող եզակի դեմքերից մեկն էր: Նա 2013թ. Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցած բախումների ժամանակ ենթարկվել է ոստիկանների բռնությանը, իսկ վերջին տարիներին Ռոթը Գերմանիայում  Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությունը քննադատողներից մեկն է: