կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-28 13:49
Հասարակություն

Ես չեմ ուզում հավատալ, որ Հայաստանից Ադրբեջան ապրանք կարող է արտահանվել. գյուղատնտեսության փոխնախարար

Ես չեմ ուզում հավատալ, որ Հայաստանից Ադրբեջան ապրանք կարող է արտահանվել. գյուղատնտեսության փոխնախարար

Այս պահին հանրապետության ամբողջ տարածքում շուրջ 50 հազար հեկտար ցանք է կատարվել, ամբողջ մայիս ամիսն առջևում է, և մինչև հունիսի 22-ն էլ ժամանակը ներում է ցանք կատարելու համար. այսօր լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ից Հայաստան է ներկրվել գարնանացան հացահատիկային մշակաբույսերի համապատասխան սերմնաքանակ, և ինտենսիվ կերպով ընթանում է բաշխման հարցը: Ըստ Հարությունյանի՝ կարտոֆիլի ներկրման հարցը ևս կարգավորված է: «Կարտոֆիլը ներմուծվում է Հոլանդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Չեխիայից, որոշ քանակությունն էլ՝ այլ երկներից:  Որակի առումով ամեն ինչ ապահովված է  համապատասխան փաստաթղթերով»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ մկնասպան նյութի՝ ամբողջ հանրապետության տարածքով բաշխման հարցը ևս լուծված է:

Պարարտանյութերի ներկրման հետ կապված էլ Հարությունյանն ասաց, որ խմբաքանակը ներկրվում է հիմնականում Վրաստանից, որոշ քանակություն՝ ՌԴ-ից, որոշակի քանակություն էլ՝ Իրանից, և այս պահին շուրջ 13500 տոննա պարատանյութ է ներկրվել Հայաստան, 3000 տոննա խմբաքանակն էլ մաքսազերծման փուլում է:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ Հայաստանի հողօգտագործողներն այս տարի ևս պետական օժանդակությամբ կկարողանան մատչելի գնով դիզվառելիք ու պարարտանյութ ձեռք բերել: «Դիզվառելիքի պահանջարկ  եղավ, և կառավարությունը որոշեց դարձյալ դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիր իրականացնել, և հողօգտագործողներին կտրամադրվի մատչելի դիզվառելանյութ:  Երեկվա դրությամբ մրցույթն արդեն անցկացվել է, երկու կազմակերպություն ներկայացրել է գնային՝ իրար բավականին մոտ առաջարկ, և հուրախություն մեզ, նախորդ տարվա համեմատ, գինը նվազել է: Հողօգտագործողներին դիզելային վառելանյութը մարզերում կտրամադրվի  1 լիտրը 280 դրամով կամ, ժողովրդական լեզվով ասած, մեկ կանիստրը` 5600»,- ասաց  Հարությունյանը:

Անդրադառնալով հարևան Ադրբեջանից Հայաստան ներկրված խնձորին՝ Հարությունյանը նշեց. «Ինչ վերաբերում է մեր հարևան կոչեցյալ երկրից բերված խնձորին, ասեմ հետևայլը, ընդհանուր առմամբ իմ գործառույթներին դա չի առնչվում, բայց որպես գյուղատնտեսության փոխնախարար, ասեմ, որ համապատասխան մարմինները զբաղվում են ուսումնասիրությամբ, մամուլով հնչեցվել է հարցը, որն ուսումնասիրման, բացահայտման փուլում է, համապատասխան արդյունքներն արդեն ձեզ կտեղեկացվեն՝ և՛ պատժամիջոցների, և՛  ներկրողի և ընդհանրապես այդ  բացասական երևույթի հետ կապված»:

Հարցին՝ հնարավո՞ր է նույն տրամաբանությամբ Հայաստանից էլ Ադրբեջան արտահանվեն  որոշակի մթերքներ,  փոխնախարարը պատասխանեց. «Թե հանրապետությունից որևէ ձևով հնարավո՞ր է, որ նմանաիպ բան լինի, ասեմ, որ դա նույնպես պատկանում է մաքսային ծառայությանը, ես, որպես հայ մարդ,  չեմ ուզում հավատալ, որ նման բան կարող է լինել»: