Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեղինակները կա՛մ միտումնավոր են խեղաթյուրում իրավիճակը, կա՛մ ուղղակի պատկերացում չունեն, թե ինչ է Վճռաբեկ դատարանը, ինչ է Սահմանադրական դատարանը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները մեկ ատյանի մեջ միավորելու առաջարկին։
«Դա տգետ մոտեցում է։ Սա նշանակում է, որ, առաջին հերթին, հեղինակները կա՛մ միտումնավոր են խեղաթյուրում իրավիճակը, կա՛մ էլ ուղղակի պատկերացում չունեն, թե ինչ է Վճռաբեկ դատարանը, ինչ է Սահմանադրական դատարանը։ Ի՞նչ է սա նշանակում: Անցում նախկինին։ Ամեն քայլափոխի ասում են, որ մերժում են հինը, բայց, իրանց խմբային շահերից ելնելով, նորից վերադառնում են հնին։ Այստեղ ոչ թե արդարադատության ոլորտը կատարելագործելու խնդիր են լուծում կամ, ինչպես իրենք են սիրում ասել, անկախ դատական համակարգ կառուցելու, չնայած դատարանը երբևէ այսքան կախված չի եղել իշխանությունից, որքան հիմա է, պարզապես մարմիններ են ձևավորում կամ լուծարում՝ հանուն ինչ-որ անձանց, ինչ-որ անձանց վրայով հագուստ են կարում պետական մարմինների միջոցով, ինչը ամոթալի է, չէ՞ որ ամբողջ աշխարհը հետևում է, և վաղը, մյուս օրը այս ամենը մեր պետության քթից է գալու։ Չի կարելի այսպես անհեռատես և անգրագետ քաղաքականություն վարել»,- ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը բոլորովին ուրիշ գործառույթներ, ձևավորման մեխանիզմներ ունի, Վճռաբեկը՝ բոլորովին այլ։
Պատգամավորն ընդգծեց, որ, պետական մարմինները ձևախեղելով, փորձ է արվում ազատվել իշխանության համար անցանկալի ՍԴ անդամներից։
«Իրենք այսօր ամեն ինչ անում են, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրենց ապիկար իշխանության օրերը երկարաձգելու համար։ Սա միայն այդ նպատակն է հետապնդում։ Դրա համար էլ ես չեմ մասնակցում այդ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև, թող ներեն հանձնաժողովի այն անդամները, որոնք իսկապես ազնիվ նկատառումներով են գործում այդ հանձնաժողովի կազմում, բայց հիմնական լոկոմոտիվ կոչվածն ուղղակի այդ բարեփոխումները տանում է փակուղի, և ոչ մի սահմանադրական բարեփոխում էլ չի լինելու։ Եթե այդտեղ նստած մարդկանց մի մասը չի տարբերում կամ չի ուզում տարբերել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները, ապա այդ հանձնաժողովն անելիք չունի մեր իրականության մեջ»,- ասաց նա։
Պետրոսյանը հանձնաժողովը որակեց «ձևական նկատառումներով ստեղծված հանձնաժողով», որի նպատակն է կոծկել հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, թե իշխանափոխությունից հետո Սահմանադրությունը պիտի փոխվի։
«Ինքը լավ էլ տեղավորվել է այդ Սահմանադրության իրավակարգավորումների մեջ, լավ էլ տեղավորվել է այս Սահմանադրությունից բխող այլ օրենսդրական կարգավորումների մեջ, իրեն շատ լավ է զգում՝ որպես սուպերվարչապետ և ամենևին էլ նպատակ չունի փոխելու իրերի դրությունը, որովհետև, իսկապես, իր համար ստեղծվել է աննախադեպ երանելի վիճակ»,- ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք կա այնպիսի միջազգային փորձ, որին կարող են հղում անել հեղինակները, Պետրոսյանը պատասխանեց, որ միջազգային փորձին հղումը պարտադիր չէ, և եթե մի երկրում Սահմանադրական դատարան չկա, չի նշանակում, որ նույն փորձը պետք է կիրառել նաև մեզանում։
«Եթե արտասահմանյան որևէ պետությունում Սահմանադրական դատարան չկա, կամ կա դատարան, որն իրականացնում է Գերագույն և Սահմանադրական դատարանների լիազորությունները, վստահաբար կարող եմ ասել, որ դա ոչ թե արվել է իշխանության համար ցանկալի, հնազանդ դատավորներ սարքելու և անհնազանդներին գահընկեց անելու նպատակով, այլ բխել է երկրի հասարակական հարաբերությունների տվյալ իրավիճակի թելադրանքից։ Ես չեմ հավատում, որ ևս երկրորդ երկիր կա այս մոլորակում, որտեղ պետական մարմինները կարվեն մարդկանց վրայով»,- ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց, որ եթե հեղինակներն իսկապես կարողանան հիմնավորել, թե դատարանների միացումն ինչով կարող է նպաստել դատական համակարգի առողջացմանը, ինքը սկզբունքորեն դեմ չէ դրան: «Մինչդեռ վստահ եմ, որ իրենք չեն էլ պատկերացնում, թե ինչ են ուզում։ Պարզապես Փաշինյանի հրահանգն են կատարում ՝ մի բան մտածել, ազատվել Սահմանադրական դատարանի այսօրվա կազմից, որովհետև այսօրվա կազմը հնազանդ չէ և չի կարող ի կատար ածել Փաշինյանի պատրանքները»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։
Վարդուհի Ստեփանյան