Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուզում էին ցույց տալ, որ ինչ-որ բան արեցին Արցախում: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային Ժողովի «Արցախի Արդարություն կուսակցություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ մեկնաբանելով Արցախի Ազգային Ժողովում կայացած «Կրթության նոր չափորոշիչները» թեմայով քննարկումը:
Պատգամավորի կարծիքով այն ի սկզբանե ձևական բնույթ էր կրում: «Կրթության ոլորտը գտնվում է նույն դաշտում, հետևաբար մենք ոչ թե կատարողի կարգավիճակում պետք է լինենք, այլ երկու գերատեսչությունները պետք է միասին որոշում կայացնեն»,- նշել է Մետաքսե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ որևէ առարկայի չափորոշիչում բարեփոխումներ հիմնականում արված չեն, ուղղակի ավելի ծանրաբեռնված են, բեռնաթափման մասին խոսք չկա:
«Ավելացվել են ինչ-որ առարկաներ, որպեսզի արդարացվեն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը, այն դեպքում, երբ տվյալ առարկայից ներառել են միայն ծեսերն ու ավանդույթները, կարծես մեր եկեղեցին միայն դա է իրականացնում: Այստեղ իրենց միակ խնդիրը հայագիտական առարկաներն էին»,- ասել է Մետաքսե Հակոբյանը՝ ավելացնելով, որ «Ես և շրջական միջավայր» առարկային վերաբերող չափորոշիչներում բողոքարկելի կետեր կան երեխաների բռնության հետ կապված, անհասկանալի է, թե ինչ է նկատի առնվում «բռնություն» ասելով:
Պատգամավորի տեղեկացմամբ՝ ՀՀ-ում արդեն ավարտում են չափորոշիչների լրամշակման հետ կապված աշխատանքները:
«Իրենց իսկ հավաստիացմամբ՝ չափորոշիչների լրամշակված տարբերակում հաշվի են առնելու հասարակության, մասնագետների կարծիքները, որոնք մինչ այդ ուղարկվել են նախարարություն կամ քննարկման ժամանակ են հնչել: Օրերս կհրապարակվի լրամշակված վերջնական տարբերակը: Հրապարակված չափորոշիչների մշակման և լրամշակման գործընթացներում Արցախը մասնակցություն չի ունեցել: Ուղղակի կարծիք հայտնողի դերում եղել է ու հիմա էլ այդպես է»,- նշել է Մետաքսե Հակոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ հնարավոր փոփոխությունները ձևական բնույթ են կրելու: