Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանի կարծիքով` «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքի նախագիծը օգտակար կլինի բուհական կրթության համար, քանի որ պարտադրված է միջազգային համաձայնագրերով, նաև` Բոլոնիայի հռչակագրով:
«Փոփոխություններն էական են: Հույս ունեմ, որ դրանք կգործեն ի շահ կրթողների, կրթվողների: Առաջարկվող փոփոխություններն ավելի դրական են, քան բացասական և, ընդհանուր առմամբ, համահունչ եվրոպական կրթական համակարգին»,- լրագրողներին ասաց նա:
Հարությունյանը թվարկեց նոր օրենքով նախատեսված փոփոխությունները, որոնք դրական է համարում: «Էականը կրթական աստիճաներն են: Մենք վաղուց Հայաստանում կիրառում ենք եռաստիճան ուսուցումը` բակալավրիատ, մագիստատուրա և ասպիրանտուրա: Նոր օրենքը տալիս է ասպիրանտուրայի բովանդակային իմաստը և անվանումը: Մեզ մոտ ևս գիտական թեզերը պետք է պաշտպանեն երրորդ կրթական փուլում: Այսինքն`պետք է պաշտպանեն մեկ թեզ և ստանան մեկ գիտական աստիճան, ինչը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- նշեց նա:
Հարությունյանը նաև անդրադարձավ ակադեմիական ազատություններին, որոնք կտրվեն նոր օրենքով: «Սա առաջին պայմանն է ԲՈւՀ-ի և սովորողի զարգացման համար: Օրենքի նախագծում մի քանի էջ է նվիրված ակադեմիական ազատությոններին, բայց դրանք դեռ պետք է մտնեն կյանք: Շատ լավ է, որ օրենքով դա կա, բայց էլի մարդկանց ձեռքին ու խղճին է թողնված»,- ասաց նա:
Թվարկելով դրական կետերը նախագծի` Հարությունյանը, այդուհանդերձ, նշեց, որ որոշ բացթողումներ էլ կան: «ԱԺ լսումների ժամանակ, կարծում եմ, այդ բացթողումները կշտկվեն: Մասնավորապես` բացթողում եմ համարում այն, որ տրված չեն բարձրագույն կրթության սուբյեկտների տեսակները ՀՀ-ում, տարբերակված չեն: Սա մեծ բաց է, որը շարունակելու է ազդել մեր բարձրագույն կրթության վրա»,- ասաց նա:
Հարցին` պետական ԲՈւՀ-երի ղեկավարության դժգոհություններն օրինագծից ինչո՞վ են պայմանավորված, Հարությունյանը պատասխանեց, որ չի կարող ասել պատճառը որն է: «Ինձ շատ է դուր գալիս հենց պետական ԲՈւհ-երի վերաբերյալ կատարած փոփոխությունը, որը եթե մտնի կյանք, ամբողջ հասարակությունը կզգա դրական արդյունքները: Սևով սպիտակին գրված է` քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, այդ թվում` մարզպետերը չեն կարող լինել պետական ԲՈւՀ-ի կառավարման խորհրդում: Համալսարանը, կրթօջախը չի կարող լինել քաղաքակացված, կարող է լինել խիստ մշակութային, կրթական, գիտական, բաց աշխարհի համար, բայց պետական ուժերի ազդեցություն չի կարող ունենալ: Տեսեք` հիմա բուհերը ոնց են աշխատում, քաղաքական դեմքերի ազդեցությունն անպայման գործում է: Աշխարհում ԲՈւՀ-ի էլիտան որոշվում է գիտելքիների բարձր որակով: ՀՀ-ում այդպես չէ, հանրությանը տվել են տեսարան, որ եթե մի տեղ վարչապետն է ԲՈւՀ-ի խորհրդի նախագահը, ուրեմն այն առաջնային է, եթե նախարար է, ուրեմն տվյալ ԲՈւՀ-ը երկրորդ պլանում է: Համալսարանը ապաքաղաքականացված, ազատ, բաց գործող օջախ է, և նրա վրա ազդեցություն կարող է ունենալ գիտնականը, մանկավարժը, հանրությունը, պատմությունը, բայց ոչ` քաղաքական գործիչները, ովքեր կարող են միայն խանգարել»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ նախատեսվում է 70-ն անց դասախոսների հետ պայմանագիր չկնքել, ինչը դժգոհության առիթ է դարձել, Անահիտ Հարությունյանը նշեց, որ այդ դրույթը ևս վիճելի է, թեև, ըստ նրա, դրական է: «Օրենքում կա կետ, որ համալսարանի ղեկավարությունը 70-ն անց անձի հետ կարող է կնքել նոր պայմանագիր: Սա դրական է, որովհետև եթե ԲՈւՀ-ի ղեկավարությունը, ուսանողությունը եզրահանգում են, որ պետք է շարունակել տվյալ դասախոսի հետ աշխատել, կարող է պայմանագիր կնքել: Բայց որ մրցույթին չեն մասնակցի, դա ճիշտ է. ԲՈւՀ-ը պետք է պատրաստի իր կադրերին, կամ եթե չկա համապատասխան ժամանակակից մեթոդների տրիապետող, դասախոսի հրավիրի դրսից»,- ասաց նա:
Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի խոսքով էլ՝ նախագիծը երեք ուղղվածություն ունի` հասարակություն և քաղաքացի, պետություն և քաղաքացի, պետություն և կրթական համակարգ: Ըստ նրա` այս ճյուղերը կանոնակարգման խիստ անհրաժեշտություն ունեն:
Աղուզումցյանը նշեց, որ եթե բուն նախագծում չկան կարգավորումներ, պետք է ենթաօրենքներով լրացնել: «Կարիք կա ներգրավելու նաև սովորողներին: Հին կրթական ձևերը գերակշռում են, երբ ուսանողը կախված է դասախոսից, այն դեպքում, երբ ճիշտ հակառակը պետք է լինի` դասախոսը պատվեր կատարողն է, և ուսանողը պահանջող պետք է լինի»,- ասաց նա: