Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին տեղի է ունեցել նոր ձևավորված Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Սրբուհի Գալյանը, ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ինչպես նաև տասից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախարար Բադասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ անցկացվել են քննարկումներ, ներկայացվել են Հակակոռուպցիոն ռազմավարության՝ www.e-draft.am –ում տեղադրված նախագծի տարբերակը, որն արդեն լրամշակման փուլում է և դատաիրավական ռազմավարության Նախարարության տեսլականը, որի ամբողջական տարբերակը պատրաստ կլինի առաջիկա շաբաթներին:
Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և գործողությունների ծրագրում ներդրվելիք նորարարական գործիքները, ուղղված՝ միջոցառումների ֆինանսական գնահատմանը, դրանց մշտադիտարկման և գնահատման չափելի գործիքակազմերի ներդրմանն ու իրականացված աշխատանքների վերաբերյալ պատշաճ հաղորդակցության կազմակերպմանը: Բովանդակային առումով փոխնախարարն առանձնացրել է դատավորների բարեվարքության և գույքային դրության գնահատման արդյունավետ գործող մեխանիզմների սահմանումը Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով, կարճ ժամանակահատվածում ամփոփելով վերջիններիս ուղղությամբ տարվող աշխատանքները, ստանալով միջազգային մասնագիտացված կառույցների փորձաքննության արդյունքները, փաստաթղթի շուրջ կկազմակերպվեն հանրային քննարկումներ շահագրգիռ բոլոր կողմերի հետ:
Նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Հակակառուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ նախագիծը դեռևս լրամշակման փուլում է և դրա արդյունքում նախագծում կներառվեն նաև մոնիթորինգի իրականացման համակարգը և ռազմավարության ֆինանսական գնահատականը:
Հասարակական խորհրդի անդամներն իրենց առաջարկներն ու դիտարկումներն են ներկայացրել երկու կարևոր փաստաթղթերի վերաբերյալ, որոնց ի պատասխան նախարար Բադասյանը ներկայացրել է լուծման իր տարբերակներն ու մոտեցումները:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների ներկայացուցիչներին ակտիվ ու արդյունավետ մասնակցության համար և վստահեցրել, որ այս ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: