կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-08 18:08
Հասարակություն

«Անհեթեթություն է. նպատակը մամուլին խեղճացնելն ու ոչնչացնելն է». կարծիքներ Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագծի մասին

«Անհեթեթություն է. նպատակը մամուլին խեղճացնելն ու ոչնչացնելն է». կարծիքներ Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագծի մասին

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկն՝ ուղղված վիրավորանքի և զրպարտության համար պատժաչափերի բարձրացմանը, մամուլին  զսպելու փորձ է համարում:

«Սա հերթական փորձն է՝ զսպաշապիկ հագցնել մամուլին: Լրատվամիջոցներն ամեն հրապարակումից առաջ շատ ավելի զգուշորեն կմոտենան հարցին՝ ոչ թե դրական իմաստով, այլ ուղղակի կխուսափեն վտանգվել և միլիոնանոց տուգանքներ վճարել»,- Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ այս առաջարկը համալրում է այն բոլոր նախաձեռնությունների շարքը, երբ, հակառակ վարչապետի հայտարարության, թե «քաղաքացին տուգանքի մատերիա չէ», ամեն քայլափոխի ականատես ենք լինում հակառակին:

«Դա արդեն իսկ, որպես երևույթ, ուղղակի խայտառակություն է, որովհետև տարիներ առաջ էր, որ մեծ ջանքերի, պայքարի, հասարակական սեկտորի, լրատվամիջոցների ու նաև քաղաքական գործիչների պայքարի արդյունքում այդ ամենն ապաքրեականացվեց և ձևակերպվեց որպես տուգանք: Հիմա որոշել են, որ քրեական պատիժ չի սահմանվում, բայց այնպիսի պատժիչ գործիքներ են կիրառելու, որ շատ ծանր բեռ լինի լրատվամիջոցների համար»,- ասաց Մանուկյանը:   

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը ևս այս առաջարկն անհեթեթություն է որակում, իսկ առաջարկվող փոխհատուցման շեմի փոփոխությունը՝ շատ բարձր: Նրա խոսքով՝ թեև զրպարտությունը ծանր հանցանք է, բայց նման միջոցներն ուղղված  են մամուլի դեմ:

«Նպատակը մամուլը խեղճացնելը, ոչնչացնելն է: Յուրաքանչյուր լրատվամիջոց այդքան գումար վճարելու պարագայում պարզապես անհետանում է, ֆինանսատնտեսական լեզվով ասած՝ սնանկանում է: Դա, ըստ իս, ուղղորդված է հատկապես մամուլի դեմ»,- ընդգծեց Ավետիքյանը:

Անդրադառնալով սոցցանցերում տիրող հայհոյանքներին, զրպարտություններին ու վարկաբեկումներին՝ նա նշեց, որ եթե այդ կարգավորումները տարածվեն նաև սոցցանցերի վրա, կնշանակի, որ դրանց մասով օրենք պիտի ընդունվի, որից աշխարհում միջազգային մամուլի մասնագետները, զրպարտություններին ու հայհոյանքների դեմ լինելով հանդերձ, զգուշանում են, որովհետև յուրաքանչյուր օրենք ունի նաև կաշկանդող հանգամանք:

«ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջին հերթին պետք է սկսի իրենից, որովհետև ինքը նման ոչ պարկեշտ արտահայտություններ, վիրավորանքներ ամենաշատը կիրառած անձն է»,- նշեց Ավետիքյանը՝ հավելելով, որ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պետական գործիչների՝ սպառնալիքի լեզվով խոսելը պատճառ դարձավ մամուլի և սոցցանցերի սանձարձակ դառնալուն: 

 «Հիմա լավ կլիներ, որ այդ ամենը սկսվեր իրենցից, և կողպեք դրվեր վիրավորական արտահայտությունների, զրպարտությունների, սպառնալիքների այդ ենթամշակույթի վրա»,- հավելեց «Ազգ» օրաթերթի խմբագիրը:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իշխող ուժի ներկայացուցիչների նմանաբնույթ առաջարկները սկսել են զուտ անձնական բնույթ կրել:

«Նախագծին դեռ ծանոթ չեմ, բայց, հիմնվելով Ձեր մատնանշած դրույթների վրա, կարող եմ ասել, որ ցանկացած հարց, որը գտնվում է իշխանությունների անձնական տիրույթում կամ նեղություն է պատճառում, նրանք անմիջապես օրենսդրական գործիքակազմ են կիրառում՝ հաշվի չառնելով մի շարք կարևոր հանգամանքներ՝ չի ուսումնասիրվում միջազգային փորձը, հասարակության հետաքրքրության շրջանակը, անհրաժեշտությունը և այլն»,- ասաց նա:

Սահմանադրագետն ընդգծեց, որ իշխող ուժը չի հանդուրժում լրատվամիջոցների՝ իր հասցեին հնչեցրած քննադատությունները:

«Կոնկրետ պարոն Սիմոնյանի դեպքում ականատես ենք լինում, թե ինչքան շահարկումներ են տեղի ունենում նրա անվան հետ կապված, և, բնականաբար, նա անձնական մոտիվներ ուներ նմանաբնույթ նախագիծ առաջարկելու: Չորրորդ իշխանության կողմից իշխող ուժի համար ոչ ականջահաճո քննադատական խոսքի պարագայում անհանդուրժող կոպիտ արձագանքի ենք ականատես լինում, ինչը ժողովրդավար պետությունների համար աշխատելու անընդունելի ձև է»,- ասաց նա:

Ըստ Գոհար Մելոյանի՝ տուգանքի չափը պետք է ուսումնասիրել՝ մեր հասարակության սոցիալական վիճակից ելնելով, քանի որ արդեն իսկ սահմանված տուգանքի չափերն այդքան էլ ցածր չեն:

Հարցի շուրջ Yerkir.am-ը մեկնաբանություն խնդրեց նաև ՄԻՊ-ից՝ հասկանալու համար, թե օրենքը որքանով կարող է դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում: ՄԻՊ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ ՄԻՊ-ն այս պահին ուսումնասիրում է նախաձեռնությունը:  

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել էր «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ առաջարկվում է վիրավորանքի դեպքում պատժաչափը սահմանել նվազագույն աշխատավարձի չափի մինչև 5000-ապատիկի չափով՝ գործող 1000-ապատիկի փոխարեն (1 մլն դրամից դարձնել 5 մլն դրամ), իսկ զրպարտության դեպքում՝ 10 000-ապատիկի չափով՝ գործող 2000-ապատիկի փոխարեն (2 մլն դրամից դարձնել 10 մլն դրամ)։

 

Վարդուհի Ստեփանյան