կարևոր
2815 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-29 14:47
Քաղաքական

Դու չես կարող բանակցել մի պետության հետ, ում հիմնական դոկտրինը քեզ ոչնչացնելն է․ «Հրապարակ»

Դու չես կարող բանակցել մի պետության հետ, ում հիմնական դոկտրինը քեզ ոչնչացնելն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախօրեին մեկնարկել է հայ-ադրբեջանական բանակցության «վաշինգտոնյան» ձեւաչափի հերթական փուլը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Այն, ինչպես հայտնի է, պետք է տեղի ունենար մոտ 2 շաբաթ առաջ, սակայն հետաձգվեց Բաքվի խնդրանքով: Բանակցությունների առաջին օրը համացանցը ողողվեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուրախ-զվարթ լուսանկարներով, Միրզոյանը ժպտում, հրճվում է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ տպավորություն թողնելով, որ ամեն ինչ սպասվածից ավելի լավ է։ Մինչդեռ երեկ առավոտյան Արցախից գուժեցին, որ թշնամու սադրանքի հետեւանքով չորս զոհ ունենք։ Արցախի խորհրդարանն ադրբեջանական սադրանքից հետո գումարած հերթական նիստում ընդունեց հայտարարություն, որով դիմում է միջազգային հանրությանը, ՄԱԿ ԱԽ-ին, Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանին` կոչ անելով սանձել Ադրբեջանին եւ ենթարկել պատասխանատվության՝ Արցախի շրջափակման եւ Արցախի դեմ ագրեսիայի համար:

Մի հայտարարությամբ էլ Արցախի խորհրդարանը դիմում էր ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի պատվիրակությանը` կոչ անելով դադարեցնել բանակցությունը Վաշինգտոնում, մինչեւ Ադրբեջանը չդադարեցնի Արցախի դեմ իր ագրեսիվ քաղաքականությունը, ու չհաստատվի կայունություն շփման գծում եւ Հայաստանի սահմանին: Դադարեցնե՞լ Վաշինգտոնում բանակցությունը, թե՞ ոչ: Ժամեր շարունակ Երեւանն անարձագանք թողեց այդ հայտարարությունը, որոշ տեղեկություններով՝ իշխող վերնախավում ակտիվ քննարկումներից հետո Հանրայինի եթեր են գործուղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ով այնտեղ պատասխանեց Արցախին, ասելով․ «Ո՞րն է բանակցությունները դադարեցնելու այլընտրանքը, հապճեպ հայտարարության փոխարեն պետք է մտածել հետեւանքի մասին»։ Ապա ասպարեզ նետվեցին այլ մանր ու միջին իշխանականներ, ֆեյսբուքյան ֆեյք քշող գործիչներ, որոնք սկսեցին հակադրվել Արցախի խորհրդարանին՝ հայտնագործելով, թե բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, եւ Արցախի ԱԺ-ն պատերազմի կոչ է անում։

Իշխանության մի թեւ էլ սկսեց քարոզչություն անել, թե վաշինգտոնյան բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի նախագիծն է, այ, երբ այն ստորագրվի, Արցախում այլեւս մարդ չի զոհվի, Ադրբեջանն այլեւս չի կրակի։ Հայաստանը, ինչպես պարզ է դառնում վաշինգտոնյան հանդիպումների հաղորդագրությունից, շարունակում է շեշտել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությունը` միջազգային հովանու ներքո, այս հեռանկարը մերժող Ադրբեջանը շարունակել է խոսել իր տարածքային ամբողջականությունից եւ կրակել։
«Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաեւ բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը: Կարեւորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի եւ 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։ «Երեւանը խաղաղության գործընթացին խոչընդոտելու փորձեր է անում եւ սադրանքների դիմում»,- իր հերթին կեղծիք է տարածվում Ադրբեջանի ԱԳՆ-ից:

«Նշվել է, որ խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար անհրաժեշտ է զերծ մնալ սադրիչ քայլերից, դուրս բերել հայկական զինված ուժերն ադրբեջանական տարածքներից, հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թե՛ խոսքով, թե՛ գործով»,- հայտնում է ադրբեջանական կողմը։ Այս անգամ ակնհայտորեն նկատի ունեն Արցախից մնացած մի բուռ հատվածը` նախկին ԼՂԻՄ-ից մնացած մասը:

Քաղաքագետ Արման Աբովյանի կարծիքով՝ ՀՀ իշխանություններն անհապաղ պետք է իրականացնեն Արցախից հնչող կոչերը՝ ժամանակավորապես դադարեցնելով բանակցություններ կոչվող ֆարսը։ Նրա գնահատմամբ՝ բանակցություններ չեն ընթանում, այդ հանդիպումները Հայաստանի զիջումները «գեղեցիկ փաթեթավորելու» քայլեր են ընդամենը․ «Իսկ իշխանությունները՝ լավ կլինի հասկանան, որ պատերազմն առհասարակ չի ավարտվել, եւ քանի գնդակոծվում են Հայաստանի ինքնիշխան տարածքները, այդ տարածքներից առեւանգվում են մարդիկ, քանի պետական դոկտրինի շրջանակներում Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են Հայաստանի տարածքների հանդեպ օկուպացիոն եւ անեքսիոն գործողություններ, պատերազմը շարունակվում է: Եթե ՀՀ-ն, իսկապես, չդադարեցնի վաշինգտոնյան զրույցը, ապա կփաստի, որ իրականում բանակցություններ չեն վարում, դու չես կարող բանակցել մի մարդու, պետության հետ, որի հիմնական դոկտրինը քեզ ոչնչացնելն է։ Ի վերջո, այս իրավիճակն ապտակ է ոչ միայն Հայաստանին, այլեւ՝ ԱՄՆ-ին, որը միջնորդի դեր է ստանձնել։ Հայաստանը եթե կոշտ արձագանքի ադրբեջանական սադրանքներին, ապա սա կստիպի միջնորդ բոլոր պետություններին, ոչ միայն ԱՄՆ-ին, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում