Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության արդյունքում պարզվել են Երևանի Էրեբունի համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
Ըստ ՔԿ-ի՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից ընդհանուր՝ 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ներառել վերջիններիս սեփականության ֆոնդում:
Նշվում է՝ Մհեր Սեդրակյանը, վերոնշյալ ինքնակամ կառուցված անօրինական շինությունները և զբաղեցրած հողամասն օրինականացնելու ու դրանց նկատմամբ նախ՝ համայնքի, ապա՝ որդու և եղբոր սեփականության իրավունքը գրանցելու համար, 2004թ. մայիսի 27-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ միաժամանակ տրամադրելով ապօրինի կառուցված ինքնակամ շինությունների վերաբերյալ չափագրական տվյալներ: Վերոգրյալի հիման վրա ՀՀԿԱ ԱԳԿՊ կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից կազմված հատակագիծը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան, որից հետո ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կարգավիճակի մասին Երևանի քաղաքապետի՝ 2004թ. հուլիսի 19-ի թիվ 1319-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Վարդավառի զբոսայգու և Վարդավառի լճի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ ճանաչվել է Էրեբունու թաղապետարանի սեփականության իրավունքը:
Այնուհետև՝ 2004թ. օգոստոսի 5-ին, Էրեբունու թաղապետարանի դիմումի հիման վրա՝ կատարվել է վերը նշված անշարժ գույքի բաժանում 5 մասի, իսկ 2004թ. օգոստոսի 6-ին կատարվել է բաժանված գույքերի նկատմամբ Էրեբունու թաղապետարանի իրավունքների պետական գրանցում:
Մ.Սեդրակյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն և եղբորը, որի արդյունքում նշված 12035.5քմ. ընդհանուր մակերեսով հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: