ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի` այսօր ԱԺ-ում լրագրողին ուղղված սպառնալից խոսքերից հետո մի խումբ լրագրողներ հանդես են եկել պահանջով:
Facebook-ում քիչ առաջ բացված խմբում լրագրողները նամակ-պահանջ են ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Ավբրահամյանին, որի տեքստը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոն Աբրահամյան, Ձեր ղեկավարած Ազգային ժողովում այսօր կան պատգամավորներ, ովքեր անվայել վարք են ցուցաբերում լրագրողների հետ շփվելիս: Զորօրինակ, վերջին թարմ դեպքը, երբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է որպես Թոխմախի Մհեր, անվայել խոսքեր է ասել «Ա1+» լրատվամիջոցի լրագող Մհեր Արշակյանի հասցեին` ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ» (ի դեպ, այդ ամենը տեսաձայնագրված է):
Խնդրում ենք կարգի բերել Մհեր Սեդրակյանին, ինչպես նաև Սամվել Ալեքսանյանին, ովքեր խորհրդարանում աշխատող լրագրողների հետ իրենց թույլ են տալիս շփվել ոչ հարգալից արտահայտություններով` «քուր ջան, ազիզ ջան» և այլն:
Պահանջում ենք Ձեր քաղաքական գնահատականը կատարվածին, հայտարարել նկատողություն Մհեր Սեդրակյանին և պարտադրել հրապարակային ներողություն խնդրել լրագրողից»: