Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հռոմի պապը վերջերս ամբողջ աշխարհին կոչ արեց վերացնել մահապատիժը, քանի որ անգամ հանցագործները կյանքի իրավունք ունեն, եւ նրանց կյանքից զրկելը ճիշտ չէ: Թե ինչպե՞ս կարձագանքի այս կոչին աշխարհը, չգիտեմ, բայց հիշեցնեմ, որ Հայաստանում մահապատիժը վաղուց վերացված է, այստեղ անգամ հանցագործները կյանքի իրավունք ունեն՝ անկախ նրանից` երեխա՞ են սպանել, բյուջե՞ են թալանել, թե՞ ԱԺ-ի շենքում լրագրողների խմբին նախիր են անվանել, լրագրողներից մեկին էլ` «քֆուր» տվել: Այնպես որ` երբ լրագրողները նախաձեռնել են բողոքի ակցիա, որպեսզի պատգամավոր Մհեր Սեդրակյանը պատժվի՝ մի քանի օր առաջ լրագրողների խմբին նախիր անվանելու, ապա լրագրողներից մեկին հայհոյելու համար, մի բան հստակ է` Մհեր Սեդրակյանին ոչ ոք մահապատժի չի ենթարկելու, եթե անգամ լրագրողները կարողանան հասնել նրան, որ բոլորը Մհեր Սեդրակյանին մեղավոր ճանաչեն:
Առհասարակ, թեև ես երկու ձեռքով կողմ եմ, որ Մհեր Սեդրակյանը կամ ցանկացած այլ ոք այլեւս չմտածի անգամ մարդկանց խմբին նախիր անվանելու, առանձին մարդկանց քֆուր տալու մասին, բայց, այդուհանդերձ, ես չգիտեմ, թե ինչպե՞ս, ի՞նչ եղանակով պետք է պատժել Մհեր Սեդրակյանին: Այսինքն` նրան ի՞նչ պետք է անել, որից նա իրեն պատժված զգա: Կան, իհարկե, որոշ տարբերակներ, օրինակ` մանդատից զրկել: Բայց մի՞թե սա հարցի լուծում կլինի, այսինքն` մեր խնդիրն այն է, որ ԱԺ պատգամավորը լրագրողներին նախիր չանվանի՞, թե՞` որ Մհեր Սեդրակյանն այլեւս լրագրողներին նախիր չանվանի: Չէ՞ որ, եթե անգամ Սեդրակյանից մանդատը վերցնեն, նա կգնա իր հարազատ Էրեբունի վարչական շրջանը եւ այնտեղ գնացած ցանկացած լրագրողի նախիր էլ կանվանի, քֆուր էլ կտա, մանավանդ, որ հենց նրանք իրեն այնքան «դավադիտ» արեցին /ինչպես կասեր նրա ընկերը՝ Սամվել Ալեքսանյանը/, որ ինքը ստիպված քֆուր տվեց, որի պատճառով էլ հիմա պատգամավոր չէ: Այնպես որ` Սեդրակյանին մանդատից զրկելով` գուցե մենք հասնենք նրան, որ ԱԺ ոչ մի պատգամավոր լրագրողներին այլեւս նախիր չանվանի, բայց դրանով մենք չենք հասնի նրան, որ լրագրողներին նախիր չանվանեն:
Եվ, ուրեմն, եկեք չզրկենք Սեդրակյանին մանդատից, թող տանջվի, չէ՞ որ ԱԺ պատգամավոր լինելն ամենօրյա տանջանք է` հանուն ազգի, պետականության, երկրի, ժողովրդի եւ այլն… Փոխարենը Սեդրակյանին կարելի է այլ կերպ պատժել: Օրինակ` նրան իր մոտ է կանչում ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ առանձնազրույցի, մանավանդ, որ Սեդրակյանը առանձնազրույցներ սիրում է: Ապա սենյակում միացնում է Մոցարտ կամ Բեթհովեն, բայց ոչ երբեք` Բախ /քանի որ այն որոշ ագրեսիվ բռնկումների է բերում, ինչը Սեդրակյանին հակացուցված է/, հետո ինքը դուրս է գալիս սենյակից՝ դուռն ամուր փակելով իր հետեւից: Այսպիսով` Սեդրակյանը մնում է Բաղդասարյանի սենյակում միայնակ` ինքը եւ Մոցարտը, և այսպես` վեց ժամ: Գուցե օգնի, հնարավոր է՝ չօգնի, եթե չօգնի, ապա կարելի է ավելի դաժան բան մտածել. վեց ժամ անց, Մոցարտից հետո, Սեդրակյանի հետ միեւնույն սենյակում փակել մի քանի տասնյակ լրագրողների, որոնք վստահաբար այնքան «դավադիտ» կանեն պատգամավորին, որ մարդը ստիպված կասի՝ լավ, հանձնվում եմ:
Բայց սրանք արդյունավետ պատժի միայն հնարավոր տարբերակներ են, այսինքն` եթե Սեդրակյանին այդ եղանակներից մեկով պատժեն, ապա միայն հնարավոր է, որ այդ պատիժն արդյունք տա, եւ պատգամավորն այլեւս քֆուր չտա լրագրողներին /իսկ հետաքրքիր է` բժիշկներին, իրավաբաններին, քանդակագործներին եւ պարուհիներին քֆուր տալ կարելի՞ է/: Իրականում կա միայն մեկ միջոց, որից հետո Սեդրակյանը ե\'ւ իր արժանի պատիժը կստանա, ե\'ւ այլեւս քֆուր չի տա: Պետք է ուղղակի այնպես լինի, որ լրագրողները սկսեն լրագրություն անել, դա մոտավորապես նույն բանն է, որ բժիշկները սկսեն բժշկություն անել, իրավաբանները՝ իրավաբանություն, քանդակագործները քանդակեն, պարուհիները պարեն: Թվում է` շատ հեշտ է եւ բնական, բայց սա միայն թվում է: Իրականում լրագրությունը ոչ թե այն է, որ մենք պահանջում ենք պատժել պատգամավոր Սեդրակյանին, քանի որ նա մեզ նախիր է անվանել, այլ այն, երբ մենք մասնագիտորեն, փաստարկված, ճշգրիտ, վկայություններով, փաստաթղթերով ապացուցում ենք, որ իրականում Սեդրակյանը ԱԺ պատգամավոր չի ընտրվել, կեղծել է, վախեցրել է, քֆուր է տվել: Եթե դա չենք ապացուցել, ուրեմն համաձայնել ենք, որ ԱԺ պատգամավոր դառնա մեկը, ով կարող է տեսնել մեզ եւ ասել՝ էս ինչ նախիր ա: Իսկ գիտե՞ք, թե դա ինչու չենք ապացուցել, որովհետեւ հանկարծ կպարզվեր, որ այսօր շատերը պատգամավոր չեն ընտրված, այն նույն շատերը, որոնք լրատվամիջոցներ ունեն, որոնց լրագրողները պահանջում են պատժել Մհեր Սեդրակյանին, սակայն միայն` Մհեր Սեդրակյանին:
Հովիկ Աֆյան