Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 5-ին թիվ 1 հիվանդանոցում էր հայտնվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 28-ամյա դերասան Սերգեյ Գրիգորյանը, ում, ըստ մամուլի, ծեծի էին ենթարկել Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Պատգամավորը թեեւ հերքել էր լուրը, որ ինքը կապ ունի այս միջադեպի հետ, այդուհանդերձ, այցելել էր հիվանդանոց։ Այդ պահին «Ա1+»-ի նկարահանող խումբը մի քանի այլ ԶԼՄ-ների հետ միասին հիվանդանոցում է եղել եւ նկարահանել է նաեւ հիվանդանոց այցելած Սեդրակյանին, ինչը պատգամավորին եւ նրա թիկնապահներին խիստ զայրացրել է:
«Տենց բաներ մի արա, ձեր կապիկությունները հիմա կասեի որտեղ…»,- սպառնացել է պատգամավորը:
Բայց սրանով պատգամավորը չի բավարարվել: Դրանից հետո, ինչպես Yerkir.am-ին տեղեկացրեցին «Ա1+»-ից, Սեդրակյանի թիկնապահները մի կողմ են տարել «Ա1+»-ի օպերատորին եւ սպառնացել նրան: Միջադեպից վիրավորված եւ վախեցած օպերատորը հայտարարել է, որ այդպես աշխատել չի կարող, որ դուրս է գալիս աշխատանքից: Օպերատորը այդ օրվա սպառնալիքները չի տեսաձայնագրել, այդ պատճառով էլ «Ա1+»-ն այս միջադեպի մասին եւ օպերիատորի` աշխատանքից դուրս գալու մասին չի բարձրաձայնել, քանի որ չեն ունեցել արձանագրված փաստը` տեսաձայնագրությունը:
«Եթե առաջին դեպքը լիներ Մհեր Սեդրակյանի կողմից, գուցե այսպես տրամադրված չլինեինք, բայց քանի որ սա արդեն 3-րդ դեպքն է մեկ ամսվա մեջ, եւ մենք կորցրեցինք այնպիսի օպերատոր, ինչպիսին Սերգեյն էր, սա արդեն այլ բանի մասին է խոսում: Մենք առաջին անգամ չբարձրաձայնեցինք, որ նման բան է եղել, մեղմ ասած` կուլ տվեցինք, բայց այս անգամ կուլ տվող էլ չկա»,- հայտարարեց «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը:
Նշենք, որ «Ա1+»-ը Սեդրակյանի հարցով դիմելու է ԱԺ էթիկայի հանձնաժողով: