կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-05 15:17
Քաղաքական

Վահրամ Բաղդասարյանը «փրկեց» Մհեր Սեդրակյանին` լեզվի սայթաքում է եղել

Վահրամ Բաղդասարյանը «փրկեց» Մհեր Սեդրակյանին` լեզվի սայթաքում է եղել

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ են որոշ ՀՀԿ-ականներ, մասնավորապես` Մհեր Սեդրակյանը, բարձրաձայնում, թե Հայաստանը սովոր է լծի տակ ապրելուն, նշեց. «Նա նկատի է ունեցել, որ մենք հիմա լծերից ազատվում ենք: Եղել է ժամանակ, որ մենք չենք ունեցել պետականություն, հիմա մենք ինքնուրույն, անկախ պետություն ենք»:

 

Պատգամավորը շեշտեց, որ որոշ պատգամավորներ երբեմն լեզվի սայթաքումներ են ունենում, երբեմն էլ չեն կարողանում ճիշտ ձևակերպել իրենց միտքը:

 

Հարցին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների՝ համամասնական ընտրակարգին անցնելու հարցի քվեարկության ժամանակ ՀՀԿ որոշ պատգամավորներ կողմ եւ ձեռնպահ քվեարկեցին, այսինքն` խրամատից կրակեցին ժողովրդի օգտին, ինչպե՞ս է դա բացատրում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Որեւէ մեկն այդ կրակոցներից վիրավորվե՞լ է: Դե լավ է, որ վիրավորներ չեն եղել: Մենք կատեգորիկ չենք դրել, թե ով ինչ կարծիք հայտնի: Բայց դա եղել են թյուրիմացություն, 3 պատգամավոր ձեռք է բարձրացրել, որ շփոթվել են: Քանի որ դա քվեարկության արդյունքների վրա ազդեցություն չի ունեցել, քարտուղարությունը ուշադրություն չի դարձրել: Բայց ես վատ չեմ նայում դրան, որովհետեւ ԸՕ-ն բարեփոխումների կարիք ունի, մենք միշտ դա ասել ենք»:

 

ԵՏՄ պայմանագրի վերաբերյալ մտահոգությանը, թե արդյո՞ք այն չի սպառնալու Հայաստանի անվտանգությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Չի կարող կնքվել որևէ պայմանագիր, որը կվնասի մեր անկախությանը: Հիմա Հայաստանն ունի պետականություն և չի պատրաստվում հրաժարվել այդ պետականությունից»: