կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-01 14:36
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Մեսչյանի խոստումներն իրատեսական չէին. Մարինա Խաչատրյան

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոստումները, կարծես, նախընտրական քարոզարշավի խոստումների շարունակությունը լինեին, դրանք իրատեսական չէին, բայց այլ կերպ նա չէր էլ կարող ասել. ըստ Yerkir.am-ի՝ ասաց «Փարիզ Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը մամուլի ասուլիսում՝ իր դիտարկումները ներկայացնելով Երևանի քաղաքաշինական հիմնախնդիրների մասին՝ գլխավոր ճարտարապետի պաշտոնանկության փաստի համատեքստում:

Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանին 2018թ-ին Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակել քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այլ հարց է, թե մարդկանց ինչ տոկոս հավատաց այդ խոստումներին։ Ինքս վերապահումով մոտեցա այդ խոստումներին՝ սկսած մետրոյի կանգառներ կառուցելուց, մինչև ճոպանուղու կառուցում։ Ասաց, որ անելու են մասնավորի միջոցներով: Դա, կարծես, հասկանալի էր, որովհետև պետությունն այդքան գումար չուներ՝ 120 միլիոն դոլար արժե գիծը մինչև կանգառ հասցնելը։ Միայն թե, մասնավոր ո՞ր ներդրողը դա կանի, ինչքան էլ խոստանան կողքի հողերը տալ, բարձրահարկեր կառուցել։ Դա իրատեսական չէր»,- ասաց նա։

Մարիամ Խաչատրյանը նշեց, որ պետական միջոցներով ևս դա առաջնահերթ լինել չի կարող՝ ո՛չ ճոպանուղին, ո՛չ մետրոյի կանգառները։

Քաղաքաշինության դոկտորի խոսքով՝ հեղափոխությունից հետո էլ քաղաքաշինական հիմնախնդիրները շարունակեցին մնալ նույնը։

«Նույնը շարունակվում է. կարող է՝ 18 հարկը 15 հարկ են սարքել, բայց նույն տեղում է։ Դուք ասեք՝ ինչ աշխատանք է կատարվել, ես ասեմ․․․ Ես աշխատանք չեմ տեսնում։ Ֆիրդուսին է, որը նույն խայտառակությունն է՝ պետական շահի տակ են անում, իսկ պետական շահը, եթե վաղը-մյուս օրն այս կառավարությունը գնա, մյուսը գա, հնարավոր է, որ այդ նույն պետական շահի տակ գնացած Ֆիրդուսին դուրս գա պետության դեմ, որովհետև այնտեղ պետական շահ չկա»,- ասաց նա։

Որևէ բան փոխելու համար, Մարիամ Խաչատրյանի համոզմամբ, շատ խիզախ մարդ պետք է գտնվի, կառավարությունն էլ պետք է այդ խիզախ մարդու թիկունքին կանգնի, որ ստացվի։

«Քաղաքավերիչ գործունեություն»՝ այսպես է որակում նախկին իշխանությունների քաղաքաշինական գործունեությունը Մարիամ Խաչատրյանը։ Նա նշում է, որ հեղափոխությունը եղավ, բայց քաղաքավերիչ գործունեությունը շարունակվում է, և այս պայմաններում հնարավոր չէ ոչ մի հուշարձան պահել։ «Եթե կոռուպցիա է եղել, այդ կծիկները մինչև չբացեն, ոչ մի նորմալ քաղաքաշինություն չի լինի»,- նշեց Մարիամ Խաչատրյանը։

Բանն այն է, որ մինչև 2000 թվականը գործել է Երևանի՝ խորհրդային շրջանում ընդունված գլխավոր հատակագիծը։ Հաջորդն ընդունվել է 2005-ին։ Այնինչ՝ 2000-2005 թթ. ընկած 5 տարում իրականացվել են խոշոր ծրագրեր՝ Հյուսիային պողոտայի շինարարությունը, կենտրոնի կառուցապատումը և այլն, որոնք 2006-ին մեխանիկորեն ներառվել են նոր ընդունված գլխավոր հատակագծի մեջ։

«2006-ին այդ բոլոր ծրագրերը ավտոմատ անցան նոր գենպլանի մեջ։ Այսինքն՝ ստացվեց խայտառակ մի բան. ինքը գենպլանում կա, մշակվել է Նարեկ Սարգսյանի օրոք»,- ասաց նա։

Գործող գլխավոր հատակագծի ժամկետն ավարտվում է 2020-ին։ Քաղաքաշինության դոկտորը համոզված է, որ այս տարի ընդունվելիք նոր հատակագիծը եթե նույն՝ խորհրդային սկզբունքով մշակվի, աղետալի կլինի։

«Սովետական քաղաքաշինությունը տարբերվում է եվրոպական կամ հայկական քաղաքաշինությունից։ Սովետական քաղաքաշինության քաղաքները կրիզիսի մեջ են, որովհետև այն սկզբունքով են հատակագծվել, որն, ասենք, Հարավարևմտյան թաղամասն է՝ գիգանտոմանիա է ամբողջը, փոքր թաղամասեր չեն նախագծում, պետք է մեծ թաղամաս լինի, մեջն էլ զիբիլանոց՝ գարաժներ և այլն։ Եթե 2020-ի գլխավոր հատակագծում հին սկզբունքները շարունակեն, կավերեն, մինչդեռ այսօր հենց այդ հին սկզբունքներով աշխատող մասնագետներն են»,- նշեց Մարիամ Խաչատրյանը։

Նրա առաջարկները հետևյալն են.՝ նախ՝  հուշարձանների 1990 թ. ցուցակը, առանց վերապահման, ԱԺ-ն պետք է կրկին ընդունի, առանց քննարկումների, քանի որ, նրա խոսքով, ԿԳՄՍՆ-ում մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Նարինե Խաչատրյանը ընդհանրապես մասնագետ չէ, այսօր մի բան է ասում, մյուս օրը՝ մեկ այլ բան։ Հաջորդը՝ պետք է որոշել՝ քաղաքի կառուցապատումը գլխավոր հատակագծո՞վ ենք անում, թե՞ զոնինգով: «Գենպլանով անելու դեպքում հաստատված է՝ շենքի բարձրությունը, տեսքը, նշանակությունը և այլն։ Սովետական ձևով՝ մանրամասն պլանավորմամբ, եթե մի քանի շենքին մեկ խանութ է նախատեսված, չես կարող այլ բան կառուցել, բայց ներդրողը գուցե չուզենա խանութ կառուցել, ուզենա լավ բիզնես կենտրոն սարքել։ Այդ կոնցեպցիաները պետք է փոխվեն»,- նշեց մասնագետը:

Նա նաև վստահ է, որ գիգանտիզմից պետք է հրաժարվել, ներքին ապահովվածություն, պաշտպանվածություն ապահովող փոքր թաղամասերի մոդելով աշխատելն ավելի նպատակահարմար է։

Մանրամասն՝ տեսանյութում: