կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-01 12:01
Հասարակություն

Այս օրերին հոգ տարեք ոչ միայն ձեր, այլ նաև դասընկերների և ուսուցիչների նկատմամբ. Արայիկ Հարությունյան

Այս օրերին հոգ տարեք ոչ միայն ձեր, այլ նաև դասընկերների և ուսուցիչների նկատմամբ. Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։

Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս սա է պատճառը, որ այսօր դպրոցների բակերում երեխաների աղմուկն ու աշխուժությունը չկա, սակայն համավարակը մեզ չի կարող զրկել կրթության իրավունքն ապահովելու հաստատակամությունից, և մեր աշակերտները խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» դիմավորելու են 14 օրից։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ, հատկապես՝ ուսուցիչներին։

Սիրելի' մանկավարժներ, նվիրյալ մարդիկ, որ անցած կես տարում ուժ ու եռանդ գտաք արտակարգ պայմաններում աշխատելու և ուսումնական տարին հաջող ամփոփելու համար։ Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասվում. պետք է կարողանանք ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունը, պարտաճանաչ անցկացնել դասերը, արագ կողմնորոշվել փոփոխությունների պայմաններում։ Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի հաղթանակի և բնականոն գործունեությանը վերադառնալու հաջող մեկնարկ։

Սիրելի' աշակերտներ, դուք եք մեր դաշնակիցն ու հենարանը։ Հորդորում եմ որդեգրել պատասխանատու կեցվածք, կատարել սանիտարահիգիենիկ բոլոր պահանջները, ձեր վարքով և պատրաստակամությամբ օգնել թե' ուսուցիչներին, թե' ձեր ընտանիքների ավագ անդամներին` օր առաջ հաղթահարելու մեր պետությանը պատուհասած այս մարտահրավերը, հաղթելու այս կռվում։ Ի վերջո, կրթության
նպատակը մեկն է՝ ձևավորել բանիմաց և օրինապահ քաղաքացի, հայրենասեր և ստեղծարար անհատ։

Կոչ եմ անում ձեզ այս օրերին հոգ տանել ոչ միայն ձեր, այլ նաև դասընկերների և ուսուցիչների նկատմամբ, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Հայաստանի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի։

Կրկին շնորհավորում եմ, թող գիտելիքի լույսն ու ուժը բոլորիս ուղեկից լինի»։