կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-23 10:40
Առանց Կատեգորիա

Աշխատավարձ չեն ստացել... Հոգ չէ չինովնիկի համար

Աշխատավարձ չեն ստացել... Հոգ չէ չինովնիկի համար

Աշխատավարձ չկա, որովհետեւ այդ գումարները հատկացվել են Համահայկական խաղերի կազմակերպմանը. այս ունիկալ պատասխանն են ստանում Գյումրիի երաժշտական դպրոցների աշխատողները, ովքեր դեռեւս չեն ստացել հուլիս ամսվա աշխատավարձը, ինչպեսեւ օգոստոս ամսվա արձակուրդային վճարը:

Ուսուցչուհի Անահիտ Մովսիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ երկու շաբաթ առաջ զանգահարել է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանին` իմանալու, թե ե՞րբ են վճարելու իրենց հասանելիքը. «Ինձ պատասխանեց, որ երկու-երեք օրից կլինի, թե Համահայկական խաղերին ենք տրամադրել գումարը: Ես էլ ասացի, թե Համահայկական խաղերն իրենց ֆոնդն ունեն, ինչու՞ պիտի դուք վճարեք: Ինձ խոսք տվեց, որ կլինի, բայց արդեն երկու շաբաթ է անցել արդեն»:

Անցյալ շաբաթ նորից Ա. Մովսիսյանը զանգահարել է Ա. Կարապետյանին, սակայն նա զանգերին չի պատասխանում, աշխատակիցներն էլ ասում են, թե տեղում չէ: Իսկ վերջին անգամ, անցյալ չորեքշաբթի օրը զանգին պատասխանած աշխատակիցներից մեկը պարզապես անջատել է հեռախոսը, երբ կինն ասել է, թե դիմելու է լրատվամիջոցներին.

«Այսպիսի խայտառակ վիճակ է էս  քաղաքում, ոչ մեկ չի կարողանում իր իրավունքները պաշտպանել, ով ինչ ուզում է, անում է: Կան մարդիկ, ովքեր էդ գումարի հույսին են,  բայց չեն կարողանում խոսել, որովհետեւ վախենում են»:

Անահիտ Մովսիսյանը նշեց, որ չի վախենում իր աշխատանքը կորցնելուց, սակայն չի էլ ցանկանում բարդություններ ստեղծել իրենց դպրոցի տնօրենի համար, ումից կախված չէ աշխատավարձ ստանալ-չստանալը. «Ես պահանջված մասնագետ եմ, կունենամ  իմ աշխատանքը, չնայած այս աշխատանքից էլ եմ հոգնել, բոլորն են հոգնել: Հիմա ես չգիտեմ, թե էս անօրինականության վերջն ինչ է լինելու: Էս քաղաքը երբ պիտի չվախենա ղեկավարներից: Ես իրավունք ունեմ, չէ՞, պահանջելու իմ աշխատավարձը»:

Զրուցեցինք Արտաշես Կարապետյանի հետ. հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ ասել է, թե աշխատավարձն ուշանում է, որովհետեւ Համահայկական խաղերին է հատկացվել գումարը, պատասխանեց. «Համահայկական խաղերն ի՞նչ կապ ունեն աշխատավարձերի հետ»:  Իսկ ավելի ուշ, երբ ճշտում էի, թե նման պատասխան տվել է, թե` ոչ, ասաց. «Դե գիտե՞ք ինչ, դա մի դասատուի խոսք է, կարող էր ավելի վատ բան ասել, էլի շնորհակալ եմ, որ Համահայկական խաղերի հետ է կապել»:

Ինչեւիցէ, փաստ է, որ երկու ամսվա աշխատավարձ երաժշտական դպրոցների աշխատողները չեն ստացել: Թե ինչու՞ չեն ստացել, Արտաշես Կարապետյանի պատասխանը հետեւյալն էր. «Հունիս ամիսը վարձատրվել են: Հուլիսն էլ կստանան օգոստոսին, օգոստոսն էլ դեռ ընթացքի մեջ է, ի՞նչ է պատահել: Մի տասն օր ուշանում է, ի՞նչ խնդիր է»:

Մշակույթի հարցերով բաժնի պետը նշեց, թե քաղաքապետարանի բյուջեն կուտակվում է քաղաքացիների վճարած հարկերի միջոցով, եւ եթե քաղաքացիները պարտաճանաչորեն վճարեն պետհարկերը, ճիշտ ժամանակին էլ աշխատավարձ կստանան. «Քաղաքապետը լուրջ աշխատանք է տանում, հարկերի գանձումները կազմակերպում է, ամառվա ամիսներ են, մարդիկ գնացել են, բացակայում են քաղաքից, հնարավոր է գումարների հավաքագրումը մի տասն օր հետ է ընկնում»:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ աշխատավարձը պետք է վճարել մինչեւ հաջորդ ամսվա 15-ը: Սակայն, հուլիս ամսվա աշխատավարձի վճարման ուշացումը դեռեւս միակ խախտումը չէ:

Համաձայն նույն օրենսգրքի 169-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն` ամենամյա արձակուրդային աշխատավարձի վճարումն իրականցվում է ոչ ուշ, քան արձակուրդի սկսվելուց երեք օր առաջ:

Այս դեպքում մարդիկ օգոստոսին գնացել են արձակուրդ, սակայն արձակուրդային վճարը չեն ստացել: Իսկ թե ինչու՞, Ա. Կարապետյանի պատասխանն այնքան էլ ադեկվատ չէր. «Պարզապես դժգոհ տարրեր են  եղել, անձնական խնդիրներ են ավելի շատ այստեղ: Ամբողջ ցանցում աշխատում է հազար հոգի եւ եթե մեկն ահազանգում է, դա ոչինչ չի նշանակում»:

Պարոն Կարապետյանը խոսքի մեջ ասաց, թե այսօր-վաղը կստանան, իսկ հետո էլ` այս շաբաթվա ընթացքում: Իսկ թե մարդիկ երբ կստատան իրենց հասանելիքը, ժամանակը ցույց կտա: Կարապետյանի խոսքերով, իրենք ուրախ կլինեն, եթե մի տասն օր էլ շուտ վճարեն, բայց դե...  «Թող ըմբռնումով մոտենան, ամիսներ չեն, օրեր են ընդամենը: Ես դրա մեջ «կրիմինալ», աշխատողի իրավունքների ոտնահարում չեմ տեսնում: Կուզենք, որ ժամանակին ստանան, բայց որ տասն օր շեղում է տալիս, ես դա ողբերգություն չեմ համարում»:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ