կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-22 17:03
Քաղաքական

Աշխատակիցների նույնական թիվ. ո՞րն էր ԿԳՄՍՆ-ի ստեղծման նպատակը

Աշխատակիցների նույնական թիվ. ո՞րն էր ԿԳՄՍՆ-ի ստեղծման նպատակը

Yerkir.am-ը հետաքրքրվել էր ՀՀ ԿԳՄՍՆ-ից, թե քանի՞ հաստիք են ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ առանձնաբար, մինչ 2019 թ. տեղի ունեցած միավորումը, ներառյալ քաղաքացիական ծառայողները, հայեցողական պաշտոնները և վարչական  աշխատողները (օգնական, վարորդ և այլն),  և քանի՞ հաստիք ունի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը միավորումից հետո:

Ստացված գրավոր տեղեկանքում (կցվում է) նշված է, որ մինչ միավորումը վերոհիշյալ նախարարություններն ընդհանուր թվով ունեցել են  378-382 աշխատակիցներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաստիքների թիվը, ըստ ԿԳՄՍՆ-ի վերոհիշյալ տեղեկատվության, 2020 թվականի դրությամբ կազմում է 368: ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ՝   որպես ՀՀ ԿԳՄՍՆ աշխատողների առավելագույն թիվ սահմանված է 351-ը: 

Փաստորեն, եթե համեմատում ենք նախարարության հաստիքների թիվը նախքան միավորվելը (երեք նախարարությունները միասին վերցրած) և միավորվելուց հետո, ապա տարբերությունը ընդամենը 14 հաստիք է կազմում: Ի դեպ, դա է հաստատում նաև ՀՀվարչապետիաշխատակազմից Yerkir.am-իմեկայլ հարցմանն ի պատասխան 03.02.2020 թ. ստացված նամակում բերված թիվը, ըստ որի՝ ԿԳՄՍՆ-ում կրճատվել է ընդամենը 12 հաստիքային միավոր, որից 5-ը՝ քաղաքական պաշտոն, 7-ը՝ հայեցողական։

2019 թ. հուլիսի 1-ի դրությամբ երեք նախարարություններում միասին կար 318 քաղաքացիական ծառայող, իսկ միավորումից հետո, այն է՝ ներկայումս, այդ թիվը դարձել է 323 (ավելացել է 5-ով): Փաստորեն, մի քանի հայեցողական և քաղաքական պաշտոնի կրճատման դիմաց քաղծառայողների թիվը, ընդհակառակը, ավելացվել է։

Հետաքրքրական է, որ, կառավարության կառուցվածքի ուռճացված լինելու, տարբեր նախարարություններում ավելորդ հաստիքների, այն է՝ «սուրճ խմողների բանակի» առկայության մասին բարձրաձայնող այսօրվա իշխանությունների օրոք (2019 թ.) տեղի ունեցած կառավարության կառուցվածքի փոփոխությունների հիմնական փիլիսոփայությունը հենց այդ ուռճացված համակարգից ազատվելն էր: Փաստորեն, որևէ նման բան տեղի չի ունեցել: Ճիշտ հակառակը՝ 5-ով ավելացվել է «սուրճ խմող ձրիակերների» թիվը։ Ստացվում է՝ կա՛մ իշխանությունների քննադատությունն անտեղի էր, և վերոհիշյալ հաստիքները պետքական էին, անգամ՝ քիչ, կա՛մ կառուցվածքային փոփոխություններն ու սուպերնախարարությունների ստեղծումն իրականում ուներ բոլորովին այլ նպատակ: Օրինակ, լծակների և լիազորությունների գերկենտրոնացում վարչապետին հավատարիմ մի քանի մարդկանց ձեռքում:

Բնականաբար՝ այս անհեթեթ պատկերը միայն ԿԳՄՍՆ-ում չէ։ Մենք կշարունակենք անդրադառնալ այլ նախարարությունների ևս։ Օրինակ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ ժողովրդին առավել հայտնի «Փետրվարի 31-ի»  նախարարությանը, որից անռանձնացվեցին բոլոր ոլորտները՝ թողնելով այնքան գործառույթներ, որոնք կարելի էր համակարգել 10 հոգանոց վարչության միջոցով։ Այնինչ, այդ նախարարությունն այսօր ունի շուրջ 200 աշխատակից, ինչը պարզապես աբսուրդ է։

Հավելենք, որ ԿԳՄՍՆ-ից 14.02.2020 թ. ստացված մեկ այլ նամակով տրված տեղեկատվության  համաձայն էլ՝ 2019 թ.ԿԳՄՍՆ-ի ընդհանուր աշխատավարձի ֆոնդը կազմել է 1.754.225.600 դրամ, որից պարգևավճարները՝ 456.208.974 ՀՀ դրամ կամ ավելի քան 955.000 ԱՄՆ դոլար:

 

Վահե Սարգսյան