Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ-վրացական հարաբերություններին բնորոշ է փոխըմբռնման և վստահության մթնոլորտը, մեր համատեղ պատմությունն աչքի է ընկնում բարեկամ երկրների ավանդույթներով և քաղաքակրթական բազմաթիվ ընդհանրություններով. պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Դրանց հիման վրա այսօր զարգանում և ամրապնդվում է մեր երկու երկրների բազմոլորտ համագործակցությունը: Եվ այսօր կրկին Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, և այդ մասին են վկայում վերջին շրջանի ամենաբարձր մակարդակի պարբերական հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Արդյունավետ եմ գնահատում տիկին նախագահի հետ մեր բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձանք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային մի շարք հարցերի: ՀՀ-ն մշտապես շահագրգռված է տարածաշրջանում կայունության, անվտանգության և համագործակցության մթնոլորտի ձևավորմամբ և պահպանմամբ»,- նշեց ՀՀ-ի նախագահը՝ նշելով, որ Վրաստանի ղեկավարի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և հակամարտությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, և որ իրենք համակարծիք են՝ հիմնահարցերն ու հակամարտությունները նույնական չեն:
«Հետևաբար` նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը: Այնուհանդերձ, իմ անձնական համոզմամբ, լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահը տեղեկացրեց, որ քննարկել են համատեղ ծրագրերի իրագործման ճանապարհները, ինչպես նաև կարևորել Հարավային Կովկասում լոգիստիկ, ենթակառուցվածքային, էներգետիկ ծրագրերի իրագործման նշանակությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովան նպատակով:
«Չափազանց կարևորում ենք համագործակցությունը կրթության, մշակույթի և մշակութային ժառանգության պահպանման ոլորտում: Համոզված ենք, որ այդ ուղղություններով մեր գործադրած համատեղ ջանքերը կլինեն արդյունավետ»,- ավելացրեց նա՝ վստահեցնելով, որ կկարողանան վրաց գործընկերոջ հետ համատեղ ջանքերի արդյունքում առավել զարգացնել հայ-վրացական ավանդական հարաբերությունները:
Նախագահը նշեց, որ ընդունում է Վրաստանի նախագահի հրավերը՝ այցելել Վրաստան:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է` նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: