կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-16 20:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական և ներհայաստանյան որոշ շրջանակների թիրախները հաճախ նույնական են․ Մելքոնյանը՝ ՄԻՊ-ի թիրախավորման մասին

Հայաստանի դեմ արտաքին ու ներքին հարձակում է տեղի ունենում և, ցավոք սրտի, ներքին հարձակում իրականացնողները Հայաստանի քաղաքացիություն ունեցող մարդիկ են՝ կլինեն պատգամավորներ, թե պետական այլ պաշտոնյաներ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դեմ հարձակումները իշխող ուժի կողմից, որը վերջին շրջանում արտահայտվեց ՄԻՊ-ի ֆինանսական անկախության երաշխիքները վերացնելու քայլերով։

«Մարդիկ իրավունք ունեն հիմնավոր կասկածի, որ ադրբեջանական թիրախները և ներհայաստանյան որոշակի շրջանակների թիրախները «զարմանալիորեն» շատ հաճախ նույնական են»,-նկատեց Ռուբեն Մելքոնյանը։  

Նա արձանագրեց, որ մեր պետության դեմ իրականացված արտաքին ու ներքին ագրեսիան նաև նպատակ ունի վերացնել, կործանել, պարալիզացնել պետական ինստիտուտները։

«Եվ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այն եզակի ինստիտուտներից է, որ դիմադրեց մինչև այս, և հուսով եմ, էլի շարունակելու է դիմադրել, քանի որ որպես ինստիտուտ շարունակում է մնալ կայացած և իր լիազորությունները իրականացնում է հավուր պատշաճի։ Այստեղ, իհարկե, պետք է նաև անձնավորել, որ Մարդու իրավունքների պաշտպանը՝ պրն․ Արման Թաթոյանը, այս պահին նաև էլ ավելի մեծ պատասխանատվությամբ իրականացնում է իր առաքելությունը, երբեմն նաև դուրս գալով՝ լավ իմաստով, մարդու իրավունքների պաշտպանի նեղ գործունեության ոլորտից և ներառելով մեր պետության համար շատ կարևոր խնդիրներ․ անգամ սահմանագծման խնդիրը, երբ պետական տարբեր կառույցներ դա անտարբերության են մատնում, Մարդու իրավունքների պաշտպանը դրան անդրադառնում է հենց մարդու իրավունքների համապատկերում, բայց, այնուամենայիվ, որպես պետական կառույց տալով իր գնահատականը, ընդ որում, պրոֆեսիոնալ գնահատականը»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Նա մի քանի օրինակ բերեց, որոնցում ադրբեջանական և հայկական ներքաղաքական որոշ շրջանակների թիրախներ նույնական են․ ԳՇ պետի հայտարարությունը թիրախավորում էին Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանի ներքին որոշ շրջանակներից։ Մելքոնյանը նկատեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի դեմ հարձակումներում ևս կարող ենք ունենալ հիմնավոր կասկածի իրավունք։

Ինչ վերաբերում է Արման Թաթոյանի գործունեությանը և, հատկապես, Ադրբեջանի անմարդկային, ցեղասպան պահվածքի բացահատմանը, Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ այստեղ նույնպես այդ կառույցը կարողացել է շատ ճիշտ աշխատանք տանել՝ նաև փորձելով ներկայացնել այդ խնդիրները միջազգային տարբեր օղակներում, իսկ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, մասնագիտական առումով, շատ ակտիվ համագործակցել է նրա հետ։

«Եվ, այս պարագայում, թիրախավորել տարբեր առումներով՝ ֆինանսավորման կրճատման սպառնալիքից մինչև անձնական, երբեմն պարկեշտության սահմանները անցնող, վիրավորանքներով թիրախավորել մի անձի և մի ինստիտուտ, որը պայքարում է մեր թշնամու դեմ, այն թշնամու դեմ, որը Հայաստանի քաղաքացիների է գլխատում, Հայաստանի քաղաքացիների է գերում, Արցախի մեծ հատված է օկուպացրել, դա առնվազն տարօրինակ է»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Նա, սակայն, նկատեց, որ մեր ժամանակներում, ցավոք սրտի, այնքան տարօրինակություններ կան, որ դրանք արդեն դարձել են օրինաչափություն։

«Եվ այդ մարդիկ՝ իշխանության մեջ եղած որոշ շրջանակներ,  շատ խրոխտ քննադատում են իրենց քաղաքացիներին, բայց գրեթե լուռ են  կամ խոնարհ հեզությամբ արձագանքում են Ադրբեջանի շատ կոպիտ հայտարարություններին՝ սկսած իրենց ղեկավարից՝ Փաշինյանից, մինչև շարքային պատգամավոր գրեթե չեն անդրադառնում կամ ուղղակի չեն անդարադառնում Ադրբեջանի վիրավորաննքերին»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Փոխարենը, իշխանական շրջանակները խրոխտ պահվածքով վիրավորում, թիրախավորում են Մարդու իրավունքների պաշտպանին, որը, Մելքոնյանի գնահատմամբ, իրենց բոլորի փոխարեն պատասխանում է Ադրբեջանին։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․