կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-12 22:08
Քաղաքական

Ազգային երիտասարդությունը որպես քաղաքական ակտոր

Ազգային երիտասարդությունը որպես քաղաքական ակտոր

Երիտասարդության` որպես սոցիալական խմբի սահմանումը տարբեր ուսումնասիրողների կողմից տարբեր կերպ է տրվում՝ հիմք ընդունելով այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են կրթական ցենզը, տնտեսական ակտիվությունը, հասարակական դերակատարումը և այլն: Սակայն այստեղ փորձելու ենք անդրադարձ կատարել երիտասարդությանը՝ որպես հասարակաքաղաքական գործոնի, որի կարևորության ու ազդեցիկության մեջ համոզվեցինք հատկապես երկու տարի առաջ՝ «թավշյա» իշխանափոխության օրերին: Երիտասարդությունը մշտապես ձգտել է ակտիվ քաղաքական կյանքի: Դրա վառ օրինակն է 20-րդ դարի առաջին կեսը, երբ առավելապես ուսանող երիտասարդությունն էր մասնակցում ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումներին:

Երիտասարդությունը, լինելով ազդեցիկ քաղաքական գործոն և ներուժ, ինչպես նաև քաղաքական առաջնորդների և վերնախավի լեգիտիմության հենարան, գրավում է ոչ միայն քաղաքագետների, սոցիոլոգների և հարակից այլ ոլորտների ուսումնասիրողների, այլ նաև հասարակական առաջնորդների ու քաղաքական գործիչների ուշադրությունը և ինքնին մասնակցում է քաղաքական գործընթացին որպես առանձին, ասել է թե՝ ինքնուրույն քաղաքական ակտոր (դերակատար):

Երիտասարդությունը, որպես կանոն, քաղաքական գործընթացներում ներգրավվում է տարատեսակ շարժումներին մասնակցության միջոցով: Վերջիններիս յուրահատկությունը խմբային գործունեությունն է, երբ դրսևորվում է կոլեկտիվ վարքը: Այսօր երիտասարդներին հնարավոր է ներգրավել շարժումների, խմբերի և քաղաքական գործունեություն ծավալող այլ միավորումների մեջ միայն այն պարագայում, եթե նրանք համոզված լինեն, որ կկարողանան ազդեցություն ունենալ շրջակա աշխարհի և մարդկանց վրա՝ դրսևորելով իրենց անհատականությունը և իրականացնելով իրենց գաղափարները, ինչպես և բավարարելով սեփական հավակնությունները:

Որպես քաղաքական հարաբերությունների դերակատար՝ երիտասարդությունն աչքի է ընկնում սոցիալական ինքնագիտակցության յուրահատկությամբ, որը պայմանավորված է նրա ներկայացուցիչների տարիքով ու սոցիալական դիրքով: Երիտասարդների ինքնագիտակցությունը համեմատաբար հեշտ է փոփոխվում տարբեր գործոնների, օրինակ` տնտեսական, սոցիալական, քաղաքական, և հատկապես ԶԼՄ-ների ազդեցությամբ, ինչը պայմանավորված է երիտասարդների քաղաքական ոչ լիարժեք հասունությամբ: Սրանից ելնելով, հաճախ սեփական շահադիտական նպատակներով առաջնորդվելով` քաղաքական գործիչները, հատկապես հետխորհրդային և երրորդ աշխարհի անցումային փուլում գտնվող երկրներում, մանիպուլացնում են երիտասարդներին` որպես դեռևս ամբողջովին չձևավորված քաղաքական գիտակցության կրողների: Մեր օրերում երիտասարդությունը, կորցնելով հավատն առ օրվա իշխանությունը, մեծավ մասամբ անտարբեր է հասարակական-քաղաքական ակտիվության ցանկացած ձևի նկատմամբ՝ դրսևորելով քաղաքական աբսենթիզմ (խուսափողականություն):

Դարեր ի վեր կրթությունն է համարվել ուժեղ և կայուն հասարակության կառուցման հիմնական գործիքը, հասարակություն, որտեղ երիտասարդության դերակատարմանն անդրադարձանք վերևում: Իսկ կրթական համակարգերից լավագույնը, որը պատմական բարդ քննություն է բռնել, ազգային հայեցակարգ կրող կրթական համակարգն է, որի թողարկած սերունդն է միայն ի զորու դիմակայելու օտարածին և հոռի բարքերին՝ որպես ազգային հասարակության քայքայման թիվ մեկ գործոնի: Ազգային կրթահամակարգի նպատակն է մատաղ սերնդի ու պետության վաղվա քաղաքացու մեջ ձևավորել ու ամրապնդել սեփական մշակույթի, պատմության, ազգային արժեհամակարգի նկատմամբ ակնածանք և սեր, դրանք ամեն գնով արժևորելու և պահպանելու մղում: Միայն այս ամենի միջոցով կարող է ձևավորվել միասնական և իմուն (դիմադրողականությամբ օժտված) հասարակություն՝ ընդունակ արագ մոբիլիզացվելու ընդդեմ տարատեսակ մարտահրավերների: Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային քաղաքական իրադրության պայմաններում սա կենսական, ավելի շուտ` գոյաբանական նշանակություն ունի: Սակայն միասնական և ազգային հասարակության լոկոմոտիվը միայն ազգային կրթություն ստացած և ազգային արժեհամակարգի կրող երիտասարդությունը կարող է լինել՝ որպես հասարակության թարմ արյուն և որպես հավակնոտ ու ապագայամետ քաղաքական ուժ: Այս ամենը չգիտակցող կամ գիտակցաբար սրան ընդդիմացող քաղաքական էլիտան ոչ միայն դատապարտված է կորցնելու իր լեգիտիմությունը, իհարկե այն ունենալու դեպքում, այլև վաղ թե ուշ լքելու է քաղաքական ասպարեզը, վատագույն դեպքում` պետական դավաճանի խարանով:

Գլոբալիստական ահագնացող ալիքին ընդդեմ միակ գաղափարախոսությունը թե՛ եվրոպական երկրներում և թե՛ ամբողջ աշխարհում ընդհանրապես այսօր շարունակում է մնալ ազգային արժեհամակարգի վրա հիմնված գաղափարախոսությունը: Հայաստանյան քաղաքական ասպարեզում այն ևս ունի իր կայուն տեղը և դերակատարումը: Երիտասարդությունը` որպես քաղաքական դերակատար, քաղաքական ամենատարբեր գաղափարախոսությունների կրող է՝ սկսած քաղաքական մարգինալիզմից (լուսանցքայնությունից) ընդհուպ մինչև ազգային արժեբանության կրող քաղաքական ուժերի երիտթևերը: Այնուհանդերձ, վերոշարադրյալ հիմնախնդիրների համատեքստում առավել կարևոր է երիտքաղաքական ուժերի ազգային թևի` որպես ազգային պետությունը քայքայող հայեցակարգերի դեմ ներկայում և ապագայում պայքար մղող ուժի քաղաքական կայունացումն ու հզորացումը: Սակայն սա լավագույնս պետք է գիտակցվի և ընդունվի երկրի` օրվա իշխող քաղաքական ուժի կողմից՝ խթան հանդիսանալով կրթության և դաստիարակության համապատասխան հայեցակարգերի մշակման ու կենսագործման համար, ինչն այսօր ոչ միայն չի իրականացվում, այլ նաև ականատես ենք լինում միանգամայն հակառակ գործընթացին:

Այս համատեքստում երիտասարդության ազգային դաստիարակության պարտավորեցուցիչ գործն ընկնում է հանրային սեկտորի վրա՝ ի դեմս քաղաքական կուսակցությունների, հասարակական և այլ կազմակերպությունների, ինչը ևս իր առկա ներուժով չի իրականացվում գլոբալիստական արտաքին ֆինանսական հոսքերով պայմանավորված ուղղորդումների պատճառով:
Վերոշարադրյալի համադրումից գալիս ենք այն եզրահանգմանը, որ ազգայնական քաղաքական գաղափարախոսության կրող երիտասարդությունը` որպես քաղաքական ակտոր, այսօր առավել, քան երբևէ կարևոր առաքելությամբ է օժտված, և վերջինիս իրականացման հրամայականն օրեցօր ավելի արդիական է դառնում, ինչն էլ իր հերթին մեծացնում է ազգային երիտասարդության քաղաքական կշիռն ու դերը քաղաքական դաշտում:

Տիգրան Չանդոյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, քաղաքագետ

«Դրօշակ», թիվ 8 (1642), օգոստոս, 2020 թ.