կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-06 23:10
Քաղաքական

Մակրոնի մուտքը ծխացող եւ սգացող Բեյրութ. հայերը նոր Լիբանանում

Մակրոնի մուտքը ծխացող եւ սգացող Բեյրութ. հայերը նոր Լիբանանում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 6-ին այցելել է աղետի գոտի դարձած Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, որտեղ օգոստոսի 4-ին տեղի ունեցավ նավահանգստի սարսափելի ուժգնությամբ պայթյունը:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի արագ որոշումը՝ մեկնել Բեյրութ, աղետից տուժած լիբանանյան հանրության հանդեպ մարդասիրական հոգածության եւ կարեկցանքի, միաժամանակ աղետի գոտու վերածված Լիբանանի հանդեպ քաղաքական պատասխանատվության նկատելի դրսեւորում էր: Պատասխանատվություն, որը լիովին հասկանալի է ֆրանս-լիբանանյան հարաբերության պատմության համատեքստում, որը սակայն վերջին տարիներին բերել էր Լիբանանում Ֆրանսիայի իրական քաղաքական դերի նվազման:

Ֆրանսիայի նախագահի մուտքը ծխացող ու սգացող Բեյրութ եղել է կարեկցագին, միաժամանակ շատ խիստ: Մակրոնը կոշտ գնահատական է տվել Լիբանանի քաղաքական դասին եւ կառավարությանը, խոսելով համակարգային կոռուպցիայից, քաղաքական, տնտեսական, բարոյական ճգնաժամից, որի հետեւանք է փաստացի դարձել նաեւ սարսափելի աղետը՝ անփութության եւ անվտանգության կանոնների խախտման պաշտոնական վարկածով:

Մակրոնը հայտարարել է, որ պայթյունը պետք է դառնա Լիբանանի համար նոր դարաշրջանի սկիզբ, որը պետք է արմատապես փոխի Լիբանանը, դնի նոր որակի կառավարման սկիզբ: Լիբանանցիները նրան ուղեկցել են «հեղափոխություն» կոչերով, քննադատելով կոռումպացված պաշտոնյաներին:

Արդյոք պատմական է լինելու Մակրոնի մուտքը Բեյրութ, վերադարձնելով Լիբանանում Ֆրանսիայի երբեմնի ազդեցությունը եւ փաստացի նոր իրողություններ ձեւավորելով մերձավորարեւելյան բարդ եւ թեժ ռեգիոնում: Ֆրանսիայի նախագահի շտապ այցն ու խիստ քննադատությունը վկայում են Փարիզի վճռականության մասին: Անկասկած է, որ Լիբանանի պայթյունն իսկապես դնելու է այդ երկրի համար նոր դարաշրջանի սկիզբ, սակայն բաց թողնելով հարցը՝ հատկապես ո՞ր ուժային կենտրոնը կամ կենտրոններն են կառուցելու այդ նոր դարաշրջանը:

Այն, որ Լիբանանի համար անխուսափելի է լինելու ընտրությունը, թերեւս վեր է կասկածից: Դա է լինելու գրեթե զրոյացված պետության վերականգնման ու հետագա կենսագործունեության նախադրյալը կամ պայմանը:

Հայաստանի եւ հայության համար Լիբանանի նոր դարաշրջանը ունի էական նշանակություն, հաշվի առնելով պատմա-բարոյական, քաղաքական մի շարք էական գործոններ: Միեւնույն ժամանակ, Լիբանանի «նոր դարաշրջանում» հայությունը պետք է ունենա իր պատվախնդիր եւ համարժեք տեղն ու դերը: Հայաստանն ու հայությունը պետք է լինեն այդ գործընթացների աշխույժ ներգավվողների շարքում:

Ֆրանսիան այդ իմաստով Երեւանի համար գործընկեր ու բարեկամ է, հաշվի առնելով հայ-ֆրանսիական կապի եւ բարեկամության պաշարն ու բնույթը:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Սկզբնաղբյուրը՝  lragir.am