կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 14:20
Քաղաքական

Քեսաբի հայերը փակում էին Թուրքիայի մուտքը Լաթաքիա, որn Ասադի հենակետն է. թուրքագետ

Քեսաբի հայերը փակում էին Թուրքիայի մուտքը Լաթաքիա, որn Ասադի հենակետն է. թուրքագետ

Քեսաբը մեծ կարևորություն ունի Սիրիայի հայ համայնքի համար, հայաշատ շրջան է, ինչն էլ թուրքական պետության համար կրկնակի կարևորություն է ստանում: Թուրքիան փորձում է և' հարվածել Ասադի դիրքերին, և' թուլացնել սիրիահայ համայքը. Թուրքիայից Քեսաբի ուղղությամբ զինյալ ջոկատներ ուղարկվելու եւ Քեսաբի հայաթափման կապակցությամբ Yerkir.am-ին ասաց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:

 

Նա նշեց, որ նախկինում ևս մշտապես տեղեկություններ էին շրջանառվում, թե Թուրքիան Սիրիայում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հայ համայնքին, ինչը Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող պետության համար կարևոր է, որպեսզի հարևան երկրում վերջնականապես թուլացնի հայկական հզոր համայնքը։ Եվ արդեն 130 տարի է, ըստ Գեւորգ Պետրոսյանի, Թուրքիան ուզում է հայերից մաքրել այս ամբողջ տարածաշրջանը' էլ չասած Հաթային կից հայկական բնակավայրերը, որոնք սահմանակից են Թուրքիային:

 

Թուրքիայի ակտիվ միջամտությունը Սիրիայի ներքին խնդրին կապված է Անկարայի՝ հարևան երկրում ազդեցությունը մեծացնելու ցանկության հետ, և այս համատեքստում էլ Քեսաբը, որը նաև աշխարհագրորեն մոտ է Թուրքիային, Անկարային ավելի ձեռնտու կլինի տեսնել առանց հայերի։ Որովհետեւ, պարզաբանեց թուրքագետը, Սիրիայի հայերը, խոշոր հաշվով, Ասադի կողմնակից են, Ցեղասպանության ուղիղ պահանջատերերն են, քանի որ շատերը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ են,  որոշակի փակում են Լաթաքիայի մուտքը Թուրքիայի համար, իսկ Լաթաքիան համարվում է Բաշար Ասադի հենակետը, եւ վերջապես, այստեղ գործում է «չկա հայ, չկա Եղեռն, չկա խնդիր, չկա հակաթուրքական զանգված» սկզբունքը:

 

«Թուրքիան այս ամենի համար օգտագործում է ոչ միայն սեփական ուժերը, այլ նաև Սիրիայում պատերազմող իսլամիստներին, վարձկաններին։ Հերթական նման դեպքին ականատես եղանք Քեսաբում, որտեղ զինյալները փորձում են առավելություն ստանալ' թուրքական կողմի ակտիվ մասնակցությամբ։ Հետաքրքիր է, որ հենց այս վայրում նախօրեին թուրքական F-16-երը վայր գցեցին Սիրիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-23 կործանիչը, ինչը հերթական անգամ վկայում է տեղում առկա բավական լարված իրավիճակն ու Թուրքիայի ակտիվ մասնակցությունը»,- նշեց Գեւորգ Պետրոսյանը եւ հավելեց, որ խիստ կարևոր է, որպեսզի Սիրիայի կառավարական ուժերը հնարավորինս շուտ իրավիճակն իրենց վերահսկողության տակ առնեն, քանի որ հակառակ դեպքում ժամանակն աշխատելու է թուրքական կողմի օգտին։