կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-04 22:29
Քաղաքական

Նապոլեոնյան պատերազմներից հետո վերադառնալ Հին Արևելք՝ լուրջ չէ. Ե. Գրեկյանը՝ չափորոշիչների մասին

Նապոլեոնյան պատերազմներից հետո վերադառնալ Հին Արևելք՝ լուրջ չէ. Ե. Գրեկյանը՝ չափորոշիչների մասին

Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Երվանդ Գրեկյանը գրում է. «Տարիներ առաջ բախտ ունեցա լինելու Գեթթիի թանգարանում (Լոս Անջելոսում), որը, տարբեր հավաքածուների կողքին, ունի նաև Անտիկ աշխարհի /հունա-հռոմեական նկատի ունեմ/ լավագույն հավաքածուներից մեկը: Ինչու՞ հենց հունա-հռոմեական. որովհետև միլիարդատեր Ժան Փոլ Գեթթին, թանգարանի հիմնադիրը և հավաքածուի սեփականատերը, չէր ճանաչում այլ քաղաքակրթություն հունա-հռոմեականից բացի և, մեղմ ասած, «արհամարհած ուներ» մյուսներին, դրանք, հույների և հռոմեացիների պես, համարելով ցածր և բարբարոսական:

Դատելով «Հանրակրթական «Համաշխարհային պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգ (նախագիծ), «Համաշխարհային պատմություն» առարկայի օրինակելի ծրագիր 7-րդ դասարան» ենթավերնագրի տակ դրված տեքստից` մենք այժմ ևս ունենք Գեթթիի հետևորդներ:

Համաշխարհային պատմությունը, նախագծի հեղինակների պատկերացմամբ, սկսվում է Հին Հունաստանից և սահմանափակվում Հին Հռոմով: Ես հին ու նոր հույներին շատ եմ սիրում, հին հռոմեացիներին բացարձակապես չեմ սիրում, բայց դա չպետք է առիթ դառնա հանելու ամբողջ Հին Արևելքը: Ի՞նչ տխմար ուղեղ պետք է ունենալ նման բան անելու համար: Ես սա չեմ ասում մասնագիտական շարժառիթներով պայմանավորված. պարզապես կցանկանայի հիշեցնել, որ այդ նույն Հին Արևելքում, երբ ձևավորվում էին դասական պետական կառույցները և կազմավորվում առաջին պետություններն ու կայսրությունները, ախր այդ նույն ժամանակ ոչ հին հույներն էին այսօրվա Հունաստան հասել, և ոչ էլ հռոմեացիները Ապենինների տեղը գիտեին:

Իհարկե, Հին Արևելքը տեղ է գտել ավագ դպրոցում, բայց դե, ասենք, նապոլեոնյան պատերազմներից հետո վերադառնալ Հին Արևելք, էն էլ եգիպտական բուրգերի, Բաբելոնի աշտարակի կամ կախովի այգիների տեսքով, լուրջ չի թվում էլի»։