կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-28 10:42
Հասարակություն

Պետք չէ սևագիր անել ու դնել հանրության առաջ, իսկ հետո արդարացումներ փնտրել․ Մկրտիչ Կարապետյանը՝ ԿԳՄՍ կրթական նոր չափորոշիչների մասին

Պետք չէ սևագիր անել ու դնել հանրության առաջ, իսկ հետո արդարացումներ փնտրել․ Մկրտիչ Կարապետյանը՝ ԿԳՄՍ կրթական նոր չափորոշիչների մասին

7-12-րդ դասարաններում հայ գրականության դասագրքերի և հավելյալ ընթերցանության նյութերում ներկայացված շատ հեղինակներ, առավել ևս շատ ստեղծագործություններ, որոնք առանձին վերցրած թեպետ կարող են արժեքավոր լինել, սակայն դպրոցական տարիքի երեխաների աշխարհայացքի և արժեհամակարգի ձևավորման տեսանկյունից, մեղմ ասած, խոցելի են: Նման կարծիք ունի «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը՝ ԿԳՄՍՆ-ի կողմից 7-12-րդ դասարաններում հայ գրականության դասագրքերի և հավելյալ ընթերցանության նյութերի կազմման հանձնախմբի ներկայացրած չափորոշիչների վերաբերյալ։

«Շատ առողջ և բնական եմ համարում, որ հասարակության տարբեր մտահոգ խմբերում և անհատների, մասնագետների կողմից արձագանք եղավ, նաև շատ տեղին և բնական էին քննադատություններն ու դիտողությունները: Եթե հանձնախումբը նախագիծը դրել է քննարկման, ապա պետք է նաև պատրաստ լինի քննադատությունների: Բայց, սկսենք նրանից, որ հայ գրականության Ոսկեդարն ու Միջնադարը հանված էր, ինչն անընդունելի է ամեն պարագայում, և միայն բուռն քննադատությունների արդյունքում ինչ-որ պարզաբանումներ տրվեցին և որոշակիորեն վերականգնեցին մեր գրականության հիմք ու կարևորագույն ժամանակաշրջաններին վերաբերող նյութերը: Թեպետ այստեղ էլ վերապահումներ կան: Պետք չէ սևագիր անել ու դնել հանրության առաջ, իսկ հետո արդարացումներ փնտրել»,-նշում է Մկրտիչ Կարապետյանը։

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահը ունի նաև նկատառումներ հրատարակչության լույսընծայած գրքերի և հեղինակների մասով:

«Հարցը նրանում չէ, թե որ մի հրատարակչությունն է կոնկրետ հեղինակին կամ ստեղծագործությունը հրատարակել։ Ես չեմ ուզում հավատալ, որ ուղղորդված միտում կա այս ամենում, բայց ակնհայտորեն մեր հեղինակները անհասկանալի վերապահումներով ընդգրկված չեն որևէ ցանկում: Տեսեք, դպրոցահասակ ընթերցողների նախընտրած գրքերի ու հեղինակների ուսումնասիրություն արված չէ. այդ կարծիքն է ստեղծվում ցանկերը կարդալիս: Եթե ցանկում ներառվում են գրքեր ու հեղինակներ, որոնց միայն հանձնաժողովի կազմից որոշներին են հայտնի, արդեն իսկ անընդունելի է: Ավելի կոնկրետ. Ռեմարկից, Էքզյուպերիից և Ջոն Գրինից, որը դպրոցահասակների մասին պատմող գրքերի աշխարհում ամենաընթերցվող ժամանակակից հեղինակն է, ոչ մի ստեղծագործություն ներառված չէ, ի դեպ նշեմ, որ այս երեք հեղինակներն ամենաընթերցվողներից են նաև հայ  դպրոցահասակների կողմից: Ինքներդ կարող եք համոզվել՝ ճշտելով գրադարաններից և անգամ աշակերտներից»,-նշում է նա։

Մկրտիչ Կարապետյանն առանձնահատուկ շեշտում է՝ Ռեմարկն ու Էքզյուպերին համապատասխանում են դպրոցահասակներին: «Կարծում եմ, նույնիսկ ավելորդ է այդ հարցին անդրադառնալը. պարզից էլ պարզ է: Իսկ եթե հարց է դրված, որ աշակերտը պետք է դետեկտիվ ժանրի գրականության հետ ծանոթանա, ապա ինչպես է ստացվում, որ ցանկում շեշտված է Քոնան Դոյլի՝ Շերլոք Հոլմսին վերաբերող ընդամենը մի պատմվածք՝ «Վեց Նապոլեոնների առեղծվածը»: Ի՞նչ է, հանձնաժողովը տեղյակ չէ՞, որ մեր հրատարակչությունը հրատարակել է Շերլոք Հոլմսի մասին պատմող գրքերի լիակատար ժողովածուն: Ինչո՞ւ են հատուկ նշում այլ հրատարակչության կողմից առանձին գրքով հրատարակած մի պատմվածքը և հաջորդիվ նոր հպանցիկ ակնարկում Հոլմսին վերաբերող մյուս գործերը: Ի դեպ, եթե մասնագիտական մոտեցում է ցուցաբերվում հանձնաժողովի կողմից, ապա պետք է իմանալ, որ Շերլոք Հոլմսի հետ ծանոթությունը պետք է սկսել  «Արնագույն գործը» ստեղծագործությունից»,-շեշտում է հրատարակչության հիմնադիր-նախագահը։

Նրա խոսքով՝ «Էդիթ Պրինտ»-ին են պատկանում Ագաթա Քրիստիի գրքերի հայերեն հրատարակման իրավունքները (այժմ արդեն չորրորդ գործն է տպարանում), և հեղինակին ամբողջ աշխարհում կոչում են Դետեկտիվի թագուհի: Կարապետյանի խոսքով՝ Քրիստիից ոչ մի գործ ներառված չէ, սակայն ներառված են Ալլան Պոյի ստեղծագործությունները:

Ամփոփելով՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանն այս ամենի հետ կապված ոչ միայն կողմնապահություն է նկատում, այլ՝ անտեղյակություն, անգրագիտություն ու ոչ կոմպետենտություն: