կարևոր
4477 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-05 10:17
Հասարակություն

Չափորոշիչների և դասագրքերի մասին․ 168.am

Չափորոշիչների և դասագրքերի մասին․ 168.am

168.am-ը գրւմ է․

«2015թ.-ից Հայաստանում սկսվել են հանրակրթության և առարկայական չափորոշիչների, ծրագրերի մշակման աշխատանքները։ 2016թ.-ին ներկայացվեց հանրակրթության չափորոշիչների նախագիծը։ Սակայն նախագիծն այդպես էլ չհաստատվեց և 2018թ.-ից սկսվեցին նոր չափորոշիչների մշակման աշխատանքները։ Ի վերջո, 2021թ.-ին չափորոշիչները փորձնական տարբերակով հաստատվեցին և 2021-2022 ուսումնական տարում փորձարկվեցին Տավուշի մարզի բոլոր դպրոցներում։ Այստեղ կար երկու տարօրինակ բան։ Նախ, անհասկանալի է, թե ինչ է չափորոշիչների փորձարկումը։ Մենք երևի աշխարհի միակ երկիրն ենք, որը չափորոշիչ է փորձարկում։

Հասկանալի է, որ չափորոշիչների փորձարկումը բազմաթիվ խոցելի կետեր ուներ։ Օրինակ՝ եթե երեխան 6 տարի սովորել է հին չափորոշիչների հիման վրա գրված դասագրքերով և 7-րդ դասարանում՝ ընդամենը 1 տարով, փորձարկում ես նոր չափորոշչի հիման վրա պատրաստված կամ հին չափորոշչին համապատասխանող դասագրքերից պատճենված նյութեր, ապա ինչպե՞ս կարող ես պարզել՝ նոր չափորոշիչը լա՞վն է, թե՞ վատը։

Ցավոք, չափորոշիչների փորձարկումն իրականացվել է անհավասար ձևով։ Բնագիտամաթեմատիկական առարկաների չափորոշիչները փորձարկվել են Եվրամիությունից ստացված մեծ գումարներով, իսկ լեզուները, հասարակագիտական առարկաները, Շախմատը, Ֆիզկուլտուրան և այլ առարկաներ՝ պետական բյուջեից տրված խղճուկ ֆինանսավորմամբ։

Արդյունքում, եղել են դեպքեր, երբ գործող դասագրքերի նյութերը պատճենահանվել են և օգտագործվել որպես փորձարկվող նյութ։ Ավելին, 10-րդ, 8-րդ դասարանի դասագրքերի նյութը որոշ դեպքերում փորձարկվել է 7-րդ դասարանում, ինչը պարզապես անթույլատրելի է։ Երկրորդ տարօրինակ բանն այն էր, որ չափորոշիչը փորձարկվում է միայն մեկ մարզում։ Սա նույնպես անընդունելի է, քանի որ, թեև Հայաստանը փոքր երկիր է, այնուամենայնիվ, Հայաստանի մարզերը տարբեր են։ Երևանն ու Տավուշը, Գյումրին ու Իջևանը, Մխչյանն ու Այգեհովիտը շատ տարբեր են։ Ինչպե՞ս կարող ենք մեկ մարզում փորձարկվածը տարածել ամբողջ երկրի վրա։

 

Բայց ընդհանուր առմամբ, փորձարկումը նաև կարող է անօգտակար լինել հետևյալ պատճառով։ X մասնագետի կամ խմբի կողմից կազմված ուսումնական նյութը փորձարկվել է Տավուշում։ Բայց շատ հնարավոր է, որ Y մասնագետի կամ խմբի կազմած դասագիրքը հաղթի դասագրքերի մրցույթում, որը տարբեր լինի X մասնագետի և խմբի փորձարկած նյութից։ Ստացվում է, որ փորձարկումը կարող է անիմաստ լինել։

Ի՞նչ էր պետք անել չափորոշիչներ փորձարկելու փոխարեն։ Չափորոշիչների ընդունումից հետո, պետք է հրապարակվեր կարողունակությունների վրա հիմնված ուսուցման մեթոդական ուղեցույց։ Դրա հիման վրա պետք է հայտարարվեր դասագրքերի մրցույթ։ Մեկ տարվա ընթացքում պետք է մշակվեին 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանի փորձարկվող դասագրքեր։ Մեթոդական ուղեցույցը և մրցույթում հաղթած փորձնական դասագրքերը պետք է փորձարկվեին Հայաստանի բոլոր մարզերի տարբեր դպրոցներում։ Փորձարկման հիման վրա դասագրքերը պետք է լրամշակվեին և հաջորդ ուսումնական տարում ներդրվեին որպես հիմնական դասագրքեր։

Ի՞նչ իրավիճակ ունենք հիմա։ Արդեն դեկտեմբեր ամիսն է, սակայն դեռևս հաստատված չեն առարկայական չափորոշիչները։ Դրանց վերանայումը ձգձգվեց, դանդաղեց, և հոկտեմբերի 4-ին ավարտվեց հանրային քննարկումը։ Անցել է շուրջ 2 ամիս, բայց չկան հաստատված չափորոշիչներ։ Մինչդեռ արդեն հայտարարվել է դասագրքեր ընտրող հանձնաժողովի անդամների մրցույթ և 2-րդ դասարանի դասագրքերի մրցույթ։ Նոր ուսումնական տարին սկսվելու է 9 ամսից, բայց դեռ չկան հաստատված չափորոշիչներ։

Ստացվում է, որ մենք նորից նույն սխալներն ենք անում։ Զարգացումը ենթադրում է սխալվել տարբեր ձևով։ Բայց մենք անընդհատ նույն ձևով ենք սխալվում։ Շուրջ 15 տարի առաջ էլ դասագրքերի մրցույթն արվեց հապճեպ, մի քանի ամսում։ Հաշվի առնելով դասագիրք պատրաստելու, մրցույթ անցկացնելու, դասագիրքը հրատարակության պատրաստելու, տպագրելու ժամանակատարությունը, մենք, ըստ էության, շարունակում ենք անլուրջ մոտենալ կրթության հարցերին։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դասագրքերը տպագրվելու են 3-7 տարի ժամկետով, ապա կարելի է ասել, որ դրանք նորից խնդիրներ են ունենալու։

Ի դեպ, նոյեմբերի 29-ին հայտարարված 2-րդ դասարանի դասագրքերի մրցույթի համար նախարարությունը վերջնաժամկետ է հայտարարել հունվարի 5-ը։ Եկեք պատկերացնենք, որ մասնագետների մի խումբ (այս անգամ դասագրքերի մրցույթին կարող են դիմել ոչ միայն հրատարակչությունները, այլև մասնագիտական խմբերը) ցանկանում է գրել 2-րդ դասարանի դասագիրք։ Այս մարդիկ սպասում են, որ հրապարակվեն 2-րդ դասարանի առարկայական չափորոշիչները, որպեսզի պաշտոնապես սկսեն իրենց աշխատանքները։ Ու հանկարծ  հայտարարվում է մրցույթ, առանց հաստատված չափորոշիչների, և պահանջում են մեկ ամսից ներկայացնել դասագրքի ամբողջական տարբերակը։ Նման դեպք երևի կրթության համաշխարհային պատմության մեջ չի արձանագրվել։ Նախարարությունից տարիներ պահանջվեցին մոտ 50 էջանոց կրթության զարգացման պետական ծրագիր գրելու համար։ Բայց  176 էջանոց դասագիրք գրելու համար տրվում է մեկ ամիս ժամանակ։

Նախարարությունը խոստացել է, որ 2023թ.-ին նոր չափորոշիչները, դասագրքերը կներդրվեն դպրոցներում։ Բայց Հայաստանում շատ բաներ են խոստացվել ու տարիներով ձգձգվել։ Կարելի է նոր դասագրքերի մուտքը դպրոցներ իրականացնել 2024թ.-ին՝ հնարավորություն ստեղծելով ավելի որակյալ դասագրքեր ունենալու։ Այս ամենի մեջ մի շատ կարևոր դրական տեղաշարժ կա։ Վերջին 3 տարիներին Դասագրքերի շրջանառու հիմնադրամը հսկայական աշխատանք է կատարել ուսուցիչների հետ, պատրաստել է կարևոր ուղեցույցներ, որոնք կարող են մեր դասագրքերն ավելի որակյալ դարձնել։ Բայց հապճեպ մրցույթներ հայտարարելը կարող է խանգարել, որպեսզի ամեն ինչ ավելի հանգիստ և որակյալ արվի։

Բազմաթիվ այլ խնդիրներ կան դասագրքերի հրատարակման հետ կապված։ Բայց դրանց կանդրադառնանք այլ հոդվածներում»։