կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-04 13:17
Հասարակություն

Հերթական արկածախնդրությունը պատժվեց հայկական զինված ուժերի կողմից

Հերթական արկածախնդրությունը պատժվեց հայկական զինված ուժերի կողմից

2020 թվականի հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հայկական կողմի համար անհասկանալի պատճառով, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Մեկուկես ժամ անց Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները փորձել են գրավել հայկական զինված ուժերի սահմանային դիրքը` 82 մմ ականանետից և տանկից բացելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Հայկական կողմը, անցնելով պատժիչ-կանխարգելիչ գործողությունների, բարելավում է իր դիրքը՝ ադրբեջանական բանակից գրավելով երկու մարտական դիրք։ Այդ դիրքերը գտնվել են ՀՀ տարածքում, որտեղ մի քանի տասնամյակ (90-ականների սկզբից) տեղակայված են եղել ադրբեջանական ուժերը և կրակի տակ պահել հայկական սահմանամերձ մի քանի բնակավայրեր (Մովսես, Չինարի, Այգեպար), ինչպես նաև այդ տեղանքից իրականացնում էին դիվերսիոն գործողություններ։ Հայկական կողմը գործողությունների ընթացքում կորուստներ չի կրել:
Կրելով խայտառակ պարտություն` ադրբեջանական կողմը չէր կարողանում հաշտվել իրականության հետ, և գնդակոծություններն ու հրետակոծությունները շարունակվեցին հաջորդ օրերին։ Բայց հակառակորդի բոլոր փորձերը հայկական զինված ուժերի կողմից թիրախավորվում և չեզոքացվում էին։ Հուլիսի 13-ի դրությամբ հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չուներ։ Հետագա օրերին, հետևելով ադրբեջանական մամուլին ու սոցիալական ցանցերին, պարզ է դառնում, որ հակառակորդն ուներ ավելի քան 17 սպանված։

Հատկանշական է, որ հայկական կողմը իրականացված գործողությունների ընթացքում երբեք չի թիրախավորել հակառակորդի խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները։ Բայց ադրբեջանական կողմը, բացի դիրքային տեղանքներից, թիրախավորում էր նաև հայկական բնակավայրերը։ Ավելին, խախտելով միջազգային նորմերը, իր հրետանային միջոցները տեղակայելով բնակավայրերում կամ մերձակա տարածքներում, թաքնվում էր քաղաքացիական բնակչության թիկունքում` այն հաշվարկով, որ հայկական կողմը կրակային միջոցներով չի թիրախավորի այդ գյուղերը, իսկ եթե թիրախավորի, և քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ լինեն, իրենք կփորձեն տեղի ունեցածը շահարկել միջազգային հարթակում։ Նման սցենարից խուսափելու համար հայկական կողմը հրապարակեց հետախուզական ԱԹՍ-ների միջոցով արված լուսանկարներ` ցույց տալով քաղաքացիական բնակավայրերում տեղակայված ադրբեջանական կրակամիջոցների ու հրետանու դիրքերը և բացահայտելով հակառակորդի իրական դեմքը։ Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն բացում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները, այն էլ` այնպիսի ճշգրտությամբ, որ անգամ քաղաքացիական բնակչության մեջ կամ թիկունքում թաքնվելը ադրբեջանական ուժերին չի փրկում հայ նշանառուների ու հրետանավորների ճշգրիտ հարվածներից։

Այս ողջ ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտապես կապ է պահպանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ և վերջինիս տեղեկացնում, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ նոր սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության`դիմելով ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման:

Ադրբեջանն այս գործողությունների ընթացքում, բացի հրետանային միջոցներից, լայնորեն կիրառում է անօդաչու թռչող հետախուզական, կրակային ու հարվածային սարքեր` թիրախավորելով նաև հայկական բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու տները։

Վերջին տարիներին Ադրբեջանը հպարտանում էր իր արտադրության, ինչպես նաև Իսրայելից ձեռք բերված գերթանկարժեք ԱԹՍ-ներով` դրանք համարելով անտեսանելի ու անխոցելի հայկական կողմի համար։ Բայց մի քանի օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ հայկական կողմը ոչ միայն կարողանում է հայտնաբերել ու խոցել հակառակորդի ԱԹՍ-ները, այլ նաև, կիրառելով սեփական արտադրության բարձր տեխնոլոգիական ծրագրեր ու միջոցներ, օդում որսալ ու անվնաս իջեցնել հակառակորդի օդային սարքերը։ համաշխարհային աղմուկ բարձրացրեց հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հայ ինժեներների արդիականացրած «Оса» ԶՀՀ-ի միջոցով ադրբեջանական բանակին պատկանող` իսրայելական արտադրության գերթանկարժեք և գերժամանակակից «Hermes-900» անօդաչու թռչող սարքի խոցումը, որն ուներ անխոցելիի համբավ։ Ընդ որում, սա այս տիպի ԱԹՍ-ի առաջին հայտնի խոցումն է աշխարհում։ Մասնագետների գնահատմամբ՝ այն արժեր 30 միլիոն դոլար։ «Hermes-900»-ը արտադրում է իսրայելական «Elbit systems» ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խոր թիկունքում, և ծախսերը վճարվում են Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռից։ Սա կարող է վկայել, որ ընթացող գործողությունների ժամանակ, Ադրբեջանի բանակից բացի, ներգրավված է եղել նաև ՊՍԾ-ն:

Հետագա օրերին ադրբեջանցիները շարունակում էին ռմբակոծել, հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով («կամիկաձե») հարվածել հայկական դիրքերին, սահմանամերձ բնակավայրերին ու Բերդ քաղաքին։ Բայց իսկույն ստանում էին պատասխան ու կրում թե՛ զինտեխնիկայի և թե՛ զինվորականության զգալի կորուստներ։ Հայկական բանակի արհեստավարժ հրետանավորների ու հարվածային ԱԹՍ-ների կառավարողների շնորհիվ մինչև հուլիսի 16-ը ոչնչացվում են հակառակորդի բազմաթիվ ԱԹՍ-ներ (շուրջ 13 հատ), տանկեր, հրետանային կետեր, զինվորականության շրջանում արձանագրվում են զգալի կորուստներ, այդ թվում` բարձրաստիճան սպաների։

Հուլիսի 14-ին Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Վելիևը հայտնում է, որ հայկական զինված ուժերի հետ մարտերում, հրետանային կառավարման կետին հասցված, ճշգրիտ հարվածից սպանվել են Ադրբեջանի բանակի 3-րդ կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևը, 3-րդ կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր։
Հուլիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում, ըստ որոշ աղբյուրների և դիտարկումների, ադրբեջանական կողմը կորցրել է շուրջ 13 ԱԹՍ, 7 հրետանային կետ, 3 տանկ և 28 զինծառայող։ Վիրավորների թիվն անհայտ է։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` 2020 թ. հուլիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ տանկերից, 6 հարվածային անօդաչու թռչող սարքերից, 82 մմ և 120 մմ ականանետներից, Դ30 հրանոթից և այլ հրետանային տեխնիկայից, արձակել են շուրջ 150 կրակոց: Հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների և հրետակոծումների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 36, զոհվել 5 զինծառայող, վնասվել 6 ավտոմեքենա, որոնցից մեկը՝ ԱԻՆ-ին պատկանող:

Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցների հետևանքով վնասվել են 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ, գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց, ոստիկանական 1 պահակակետ, որտեղ գտնվող 2 ոստիկաններն ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ` մարմնական վնասվածք է ստացել 1 քաղաքացիական անձ:

Ադրբեջանական կողմը հատկապես ծանր է տարել «տարածքային» կորուստը` չնայած այն հանգամանքին, որ նշյալ տեղանքի իրավական և օրինական տերը Հայաստանի Հանրապետությունն է։ Սադրիչ և արկածախնդիր գործողությունների ձախողումից կատաղած՝ Ադրբեջանի բարձրաստիճան հարթակներից հնչեցին Հայաստանի ԱԷԿ-ին հարված հասցնելու շանտաժային կոչեր (չնայած հետագայում ադրբեջանցիները հրաժարվեցին իրենց սպառնալիքից, քանի որ ստացան կոշտ արձագանքներ միջազգային տարբեր հարթակներից)։ Ի պաշտպանություն Ադրբեջանի` ՀՀ հասցեին կոշտ արձագանքեցին նաև Թուրքիայից` հերթական անգամ ցույց տալով իրենց իրական հակահայկական դեմքը և ակնհայտ կողմնակալությունը։ Հուլիսի 12-16-ի ռազմական գործողություններից հետո Թուրքիան սկսել է էլ ավելի մեծ ծավալներով ռազմական աջակցություն ցույց տալ Ադրբեջանին` զինելով տարբեր զինամիջոցներով, մասնավորապես թուրքական արտադրության ԱԹՍ-ներով, իսկ միջազգային հարթակներում` դիվանագիտական աշխատանքով՝ ընդդեմ Հայաստանի։

Հուլիսի 21-ին` ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի` հատուկ նշանակության մոտ 100 հոգանոց ստորաբաժանումը (Յաշմա) ձեռնարկեց հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ 3-րդ կորպուսի դիրքապահ անձնակազմը հետ մղեց հակառակորդի հերթական գրոհը` պատճառելով զգալի կորուստներ (ըստ որոշ աղբյուրների՝ շուրջ 3 տասնյակից ավելի զոհվածներ): Հայկական կողմը կորուստներ չի ունեցել։

Ինչպես միշտ, Ադրբեջանը հերթական անգամ ցուցադրեց, որ անտարբեր է մարդկային ճակատագրերի հանդեպ և եթե անդրադառնում է դրանց, ապա զուտ քարոզչական նպատակներով շահարկելու համար։ Բայց այս անգամ այդ շահարկումը բավականին ծանր նստեց Ադրբեջանի իշխանությունների վրա։

90-ականների պատերազմից հետո` տարիներ շարունակ, Ադրբեջանը, վարելով հակահայ, հայատյաց քաղաքականություն, ապատեղեկատվությամբ դաստիարակել է կեղծ արժեքներով ու ստով սնված հետպատերազմյան մի սերունդ, որը կարծում է, թե Հայաստանը ռազմական առումով զիջում է Ադրբեջանին, որ հայերի ունեցած նախկին հաղթանակները ձեռք են բերվել օտար ուժերի (մասնավորապես ՌԴ-ի) աջակցությամբ, որ Արցախը, Արևելյան Հայաստանն ու Երևանը ադրբեջանական են և այլն։ Եվ այս ռազմական գործողությունների ընթացքում ունենալով բազմակողմ կորուստներ` ադրբեջանական որոշակի շրջանակներ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Մինգեչաուրում ու այլ քաղաքներում կազմակերպեցին բողոքի ցույցեր` պահանջելով Ադրբեջանի իշխանությունից պատերազմ հայտարարել Հայաստանին։ Բնականաբար, Իլհամ Ալիևը լավ է հասկանում, որ Ադրբեջանը չի կարող լայնամասշտաբ ու երկարատև պատերազմ վարել Հայաստանի դեմ` հաշվի առնելով վերջին գործողություններից ստացած հարվածներն ու դասերը, հայկական զինված ուժերի պատրաստվածությունը, կազմակերպվածությունը, տեխնիկական սպառազինվածությունն ու 2016 թ. ապրիլյան ռազմական գործողություններից հետո վերջինիս արդիականացումը և, սրան հակառակ, իր երկրում առկա սոցիալական դժգոհությունը, ազգային փոքրամասնությունների հարցը և այլն։ Բայց տարիների հռետորաբանության փոփոխությունն էլ ավելի կսասաներ գործող իշխանությունների վարկանիշն ու աթոռը, հատկապես որ այդ պատերազմաշունչ բողոքի ցույցերի ժամանակ սկսեցին հնչել հակաիշխանական կոչեր։

Իրավիճակից ելք փնտրելու ճանապարհին Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ այդ բազմահազարանոց ցույցերի մասնակիցներին կոչ է արել զինվորական կոմիսարիատներում ցուցակագրվելու և համալրելու բանակի շարքերը՝ հայերի դեմ պատերազմելու համար, բայց արձագանքել են ընդամենը 150 հոգի, որոնցից 60-ը` Թովուզի շրջանից։ Փաստորեն, իր արկածախնդիր ու սադրիչ գործողությունների ու ձախողությունների պատասխանատվությունից խուսափելու, նման տրամադրությունների աճը կանխելու համար կատարվածի մեղքն Իլհամ Ալիևն այս անգամ բարդեց սեփական ժողովրդի վրա, և, պատրվակ դարձնելով իր իշխանության վերաբերյալ հնչող անվստահության կոչերը, արգելեց ու ցրեց այդ ցույցերը։

Բայց Ադրբեջանը հեշտությամբ կուլ չի տա հուլիսյան հերթական պարտությունը։ Չնայած հավանականությունը մեծ չէ, որ կդիմի լայնածավալ ռազմական գործողությունների, բայց միշտ պետք է սպասել, որ հանկարծակիության գործոնն օգտագործելով՝ կփորձի փոքրիկ հաղթանակների հասնել, որպեսզի պահպանի իր իշխանության հզորության ու հաղթական բանակ ունենալու այն բլեֆը, որով տասնամյակներով սնել է սեփական հասարակությանը։

Ամփոփելով անդրադառնամ, թե ինչու Ադրբեջանն այս արկածախնդրությանը դիմեց ՀՀ Տավուշի մարզում, այլ ոչ թե հայ-ադրբեջանական արցախյան ճակատում։ Հուլիսյան ռազմական գործողություններից մեկ շաբաթ առաջ Ալիևը հայտնեց, որ չկան բանակցային գործընթացներ Հայաստանի հետ, և ակնարկեց խնդրի ուժային լուծման մասին։ Բայց նա քաջ գիտակցում է, որ Արցախի ուղղությամբ մեկ կայծից կարող է հրդեհ բռնկվել և տարածվել Օմարի լեռներից մինչև Հորադիզ` վերածվելով լայնածավալ պատերազմի՝ իր անկանխատեսելի հետևանքներով։ Իսկ Տավուշի մարզի սահմանի դեպքում վստահ է, որ ռազմական գործողությունը շատ խորքային կերպով ու տևականորեն չի կարող ծավալվել, և եթե կարողանա հաղթական մի փոքրիկ հաջողություն ձեռք բերել, իր հանրությանը վստահություն կներշնչի, որ Արցախի ճակատում էլ կարող են հաղթանակի հասնել։ Բայց նրա ռազմական արկածախնդրությունը հերթական անգամ պատժվեց հայկական զինված ուժերի կողմից։ Չթուլացնելով զգոնությունը՝ Ադրբեջանի յուրաքանչյուր ստոր քայլն ամեն անգամ այնպես պետք է պատժվի, որ Ադրբեջանն ի վերջո համոզվի, որ ռազմական ճանապարհով ոչ միայն չի կարող հասնել խնդրի կարգավորման, այլ նաև կվտանգի ոչ միայն իր իշխանության, այլև Ադրբեջանի ամբողջականությունը:

Ժամանակին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր. «Տարածքներ խաղաղության դիմաց՝ չի՛ լինելու։ Ես այն ձևակերպել եմ` «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»»։ Վերջին իրադարձությունները հենց այս խոսքի կենսունակության ապացույցն էին։
Փա՜ռք հայոց բանակին` Հայաստանի և հայության ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորին։

Արթուր Եղիազարյան, ռազմական վերլուծաբան

«Դրօշակ», թիվ 8 (1642), օգոստոս, 2020 թ.