կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-02 09:03
Քաղաքական

Արկածախնդրությունը կպատժվի. Վլադիմիր Գասպարյան

Արկածախնդրությունը կպատժվի. Վլադիմիր Գասպարյան

Այսօր առավոտյան ընտրելու իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետ, գեներալ Վլադիմիր Գասպարյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն խաղաղության, կայունության։ Հարցին` ինչպիսի՞ ընտրություն է սպասվում, նա պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ այս պահքի ու պատասխանատու ժամանակաշրջանում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է, եւ ամեն ինչ նորմալ է ընթանալու»։

Ինչ վերաբերում է ընտրակաշառքների մասին լուրերին, ապա Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Դա այնպիսի հանցատեսակ է, որ պետք է լինի վերցնող կողմ, հայտարարություն տվող կողմ, խոսել եմ այդ մասին»:

Դիտարկմանը, թե թաղային հեղինակությունները սովորաբար ներգրավված են լինում ընտրական գործընթացում, ինչն էլ հանգեցնում է խախտումների ու միջադեպերի, ՀՀ ոստիկանապետն արձագանքեց. «Դե հիմա կտեսնենք` կարողանո՞ւմ են թաղային հեղինակությունները, թե՞ չեն կարողանում»:

Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքի հայտարարությւոններին, թե հետընտրական զարգացումներ են լինելու, Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ արկածախնդրությունը տեղ ունի մեր պետությունում: Նորից եմ ասում` պահքի ժամանակահատվածը խաղաղության ժամանակահատված է, և ցանկացած այլ դրսևորումներ, արկածախնդրություններ պատժվում են ոչ միայն օրենքով, այլև...»:

Վ. Գասպարյանը հայտարարեց, որ ոստիկանությունը պատրաստ է ամեն ինչին՝ միաժամանակ ակնկալելով խաղաղ ընտրություն: