կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-02 16:58
Քաղաքական

Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին և լրջորեն խաթարել խաղաղ գործընթացը. Նալբանդյան

Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին և լրջորեն խաթարել խաղաղ գործընթացը. Նալբանդյան

Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը Հելսինկիի համալսարանում 

Պրոֆեսոր Քիվիեն,

Տիկնայք և պարոնայք,

Շնորհակալ եմ Ալեքսանդերի ինստիտուտին և Հելսինկիի համալսարանին ինձ հյուրընկալելու և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումները քննարկելու հնարավորություն ընձեռնելու համար:

Ղարաբաղյան հակամարտության հիմքում միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումն է: Տասնամյակներ շարունակ այդ իրավունքի իրականացումը խոչընդոտվել է բռնակցման, էթնիկ զտումների, կոտորածների և ռազմական ագրեսիայի պատճառով: Այնուամենայնիվ, պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անհնար է անտեսել ինքնորոշման ուղին բռնած ժողովուրդների ընտրությունը:

Չկարողանալով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը ստիպված էր 1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ կնքել զինադադարի, 1994թ. հուլիսին՝ զինադադարի վերահաստատման և 1995թ. փետրվարին՝ հրադադարի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերը: Հաջորդող տարիների ընթացքում բանակցություններն անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը Ֆինլանդիան էր (այս գործընթացում ներգրավված են եղել այնպիսի ականավոր ֆին դիվանագետներ, ինչպես Հեյկի Տալվիտիեն և Ռենե Նիբերգը): Այս ձևաչափով բանակցությունների բազմաթիվ փուլեր են տեղի ունեցել նախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, սակայն, արդյունք չի արձանագրվել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկությունների շարունակական մերժման պատճառով: Բանակցությունների էությունը եղել է մի կողմից խնդրի քաղաքական կարգավորում գտնելու անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի ամրապնդումը: 

Այս ապրիլի սկզբից Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որին թիրախ դարձան նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը: Եղան հարյուրավոր զոհեր և վիրավորներ:

Հրադադարի փխրուն ռեժիմի ավելի քան 20 տարվա ընթացքում սա դարձավ աննախադեպ ապակայունացում՝ ծանր սպառազինության, տանկերի, հրթիռների, հրետանու, օդուժի կիրառմամբ: Բաքվի կողմից հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումը, սեփական հասարակությանը ռազմատենչ հռետորաբանությամբ սնուցումը և հայերի դեմ ատելության սերմանումը վաղ թե ուշ չէին կարող նման իրադրության չհանգեցնել: Սա այն է, ինչի մասին վերջին տարիների ընթացքում զգուշացրել ենք մեր միջազգային գործընկերներին: 

Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության մեջ Ադրբեջանը մեղադրում է հայերին, ինչպես նաև միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Նման անհիմն մեղադրանքներին կարելի է արձագանքել մի քանի հռետորական հարցադրումներով: Ո՞վ է մերժում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները որպես բանակցությունների հիմք: Ո՞վ է ընդդիմանում վստահության ամրապնդման միջոցների ներդրմանն ուղղված բոլոր առաջարկություններին՝ սկսած հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուց մինչև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ո՞վ է մեղադրում համանախագահ երկրներին, այդ թվում նրանց անվանելով «սադրիչներ» և պիտակավորելով որպես «իսլամաֆոբներ»: Ո՞վ է մշտապես փորձում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունները տեղափոխել այլ հարթակներ` հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային մանդատ չունեցող և նախկինում որևէ հակամարտություն չկարգավորած կառույցներ: Այդ բոլոր հարցերի պատասխանն է՝ Ադրբեջանը:

Բաքուն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները բանակցություններում ցանկացած առաջընթաց տապալելու համար` զուգահեռաբար գնելով աննախադեպ քանակության հարձակողական սպառազինություն և այնուհետև հայտարարելով, թե իրավունք ունի ուժ կիրառել, քանի որ բանակցություններում որևէ հեռանկար չի տեսնում: Առավել պարզ ասած, Ադրբեջանը, ձախողվելով բանակցություններում, փորձեց հաջողություն գտնել ռազմական ճանապարհով, ուր ևս ձախողվեց: 

Ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը բազմիցս դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Մեր հարևանը էլ ավելի հեռուն է գնացել՝ որդեգրելով զանգվածային ահաբեկման միջոցով իր կամքը պարտադրելու չափազանց վտանգավոր քաղաքականություն:

Քառօրյա պատերազմի ընթացքում մենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացառիկ վայրագության ականատեսը եղանք: Կիրառելով «Գրադ» տեսակի հրթիռային կայանքներ՝ Ադրբեջանը հրետանակոծության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի դպրոցները, որի հետևանքով աշակերտներ զոհվեցին և վիրավորվեցին: Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, ներառյալ՝ 92-ամյա կին, դաժան կտտանքների ենթարկվեցին, անդամահատվեցին՝ կտրվեցին նրանց ականջները, և այնուհետև սպանվեցին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գերեվարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատվեցին: Դա հոխորտանքով ի ցույց դրվեց Ադրբեջանի քաղաքներում ու գյուղերում, հրապարակվեց սոցիալական ցանցերում: Ավելին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի ունեցավ հայ զինծառայողների մարմինների վերադարձ, ակնհայտ էր, որ բոլորն անխտիր ենթարկվել են խեղման: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերի հրետանակոծումը շարունակվում է մինչ օրս: 

Դրանք միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են: Տարիներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը էլ ավելի է խորանում Ադրբեջանում: Սա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խոր անհանգստությամբ ահազանգել է «պաշտոնական և լրատվամիջոցների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասական քարոզչության» կապակցությամբ և հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպով արձագանքել հայերի հանդեպ խտրականության և ատելության քարոզչության բոլոր դրսևորումներին»:

Շարունակաբար ականատես լինելով այս քաղաքականության ողբերգական հետևանքներին՝ մշտապես մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս խնդրի վրա: Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության սերմանումը հանգեցրել է ամենասարսափելի հանցագործությունների, ներառյալ՝ մարդկության դեմ հանցագործությունների: Առավել քան երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվող հայերը արդեն իսկ վերապրել են բռնի տեղահանություն և ջարդեր: Գրեթե մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանի զինված ուժերը իրենց ողջ կարողության կիրառմամբ թիրախավորեցին Ադրբեջանի տարածքում մնացած սակավաթիվ հայկական հուշարձաններից մեկը՝ Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը: 9-ից 16-րդ դդ. մի քանի հազարի հասնող միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության թողտվության պայմաններում, իսկ այդ տարածքը կառավարության կողմից վերածվեց ռազմական օբյեկտի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»: Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և երկրների փորձերը մերժվեցին Ադրբեջանի կողմից:

Հարգելի բարեկամներ,

Լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելուն զուգահեռ Ադրբեջանը նաև մեկ այլ նպատակ է հետապնդում: Փորձ է կատարվում չեղարկել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը: Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված զինադադարի եռակողմ այդ համաձայնագրերն անժամկետ են: Ավելին, 1994թ. զինադադարի վերահաստատման համաձայնագրով կողմերը պարտավորվել են «պահպանել զինադադարի ռեժիմը մինչև քաղաքական մեծ պայմանագրի կնքումը»: ԵԱՀԿ համապատասխան որոշումներով ու հայտարարություններով բազմիցս աջակցություն է հայտնվել այդ համաձայնագրերին։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն իսկ հայտնել են իրենց դիրքորոշումը Ադրբեջանին՝ կրկին և կրկին ընդգծելով, որ 1994 և 1995թթ. համաձայնագրերը, որոնք, ինչպես և նախկինում, շարունակում են անժամկետ մնալ, հանդիսանում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքը: Համանախագահները կոչ են արել խստորեն հարգել վերոնշյալ համաձայնագրերը և թույլ չտալ դրանց ոտնահարումը: 

Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին և լրջորեն խաթարել է խաղաղ գործընթացը: Այսօր մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Առանց հրադադարի ռեժիմի իրական ամրապնդման՝ բանակցային գործընթացը կհանդիսանա սոսկ ադրբեջանական շանտաժի գործիք: Այդ համատեքստում միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մշտապես ողջունել են այդ առաջարկները: 

Ադրբեջանը ոչ միայն մերժեց դրա իրականացումը, այլ նաև հրադադարի ամրապնդման միջոցառումները հրապարակայնորեն ամենաբարձր մակարդակով որակեց որպես «տարօրինակ և զավեշտալի առաջարկություն»: Փաստորեն 21-րդ դարում կան առաջնորդներ, որոնց համար մարդկային զոհերը կանխող նախաձեռնությունները կարող են թվալ տարօրինակ և զավեշտալի: Սա մարդկային կյանքի հանդեպ, այդ թվում նաև սեփական քաղաքացիների կյանքի հանդեպ պաշտոնական Ադրբեջանի ղեկավարության իրական վերաբերմունքի վկայությունն է:

Մյուս առաջարկությունը, որի իրականացումը շարունակ խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ընդլայնումն է: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը աջակցում են այս առաջարկությանը, սակայն Բաքուն ոչ միայն չի ցանկանում լսել այդ մասին, այլև անում է ամեն ինչ նվազեցնելու դրա դերակատարությունը` մտադրություն ունենալով արգելափակելու նրանց գործունեությունը, ինչպես եղավ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի պարագայում: Ավելին, Ադրբեջանը սկսել է խոչընդոտել ԵԱՀԿ դիտորդների կողմից շփման գծում դիտորդական առաքելությունների իրականացմանը:
ԼՂ հակամարտության էությունը, որի մասին ես նշեցի ելույթիս սկզբում, եղել է և մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ և անվտանգ կերպով իր ապագան տնօրինելու իրավունքը:

Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին Ստալինի կողմից: Ավելին, տասնամյակների ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրել է էթնիկ զտումների քաղաքականություն` սպառնալով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը, իսկ այնուհետև սանձազերծել բացահայտ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ՝ միջազգային ահաբեկչական կառույցների հետ կապ ունեցող վարձկանների օգտագործմամբ:

Չնայած 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով:

Ներկա պայմաններում ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ թե ԼՂ ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին:

Տիկնայք և պարոնայք,

Ապրիլյան լայնամասշտաբ ռազմական հարձակումը լուրջ հարված էր՝ ուղղված բանակցային գործընթացին և առավել քան 20 տարվա ընթացքում համանախագահների գործադրած ջանքերին: Այժմ հսկայական ջանքեր են անհրաժեշտ՝ բանակցային գործընթացի համար համապատասխան բարենպաստ պայմանների հաստատման նպատակով:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ապացուցել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Դժբախտաբար, Ադրբեջանը մշտապես ընդդիմանում է դրան: Տարածաշրջանում նոր պատերազմից խուսափելու համար միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն պարտադրելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: