Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Սահմանադրական դատարանից։
Աղբյուրի տեղեկություններով, սակայն ո՛չ Հրայր Թովմասյանը, և ո՛չ էլ Արևիկ Պետրոսյանը մինչ այս պահը չեն վերադարձել արձակուրդից, ավելին, հայտնի չէ՝ նրանք ստացե՞լ են Աշոտ Խաչատրյանի կարգադրությունը, թե՞ ոչ։ ՍԴ-ից, միաժամանակ, տեղեկացրել են, որ Հրայր Թովմասյանը իր արձակուրդը երկարաձգելու վերաբերյալ որևէ գրություն չի ներկայացրել Սահմանադրական դատարան: NEWS.am-ը փորձել է կապ հաստատել Սահմանադրական վիճահարույց փոփոխությունների արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից զրկված Հրայր Թովմասյանի հետ՝ պարզելու, արդյոք նա պատրաստվում է ընդհատել արձակուրդը և հետ վերադառնալ, սակայն արձակուրդ գնալուց ի վեր նրա հեռախոսահամարն անհասանելի է։
Նշենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով էին արձակուրդ գնացել։
NEWS.am-ը ՍԴ նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանից հետաքրքրվել էր նաև, թե ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրայր Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները դադարած համարելու համար արձանագրություններ կազմվե՞լ են, եթե այո, արդյոք դատավորները ստորագրե՞լ են համապատասխան փաստաթղթի տակ , իսկ եթե ոչ՝ ինչպե՞ս է հաստատվել հիշյալ դատավորների լիազորությունների դադարեցման փաստը։
Ի պատասխան՝ ՍԴ աշխատակազմից տեղեկացրել են, որ այսօրվա դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ անհատական իրավական ակտ կամ արձանագրություն կազմված չեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: