Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի վերջից Իրանի ռազմական, գիտական և ատոմային օբյեկտներում բռնկվում են հրդեհներ, տեղի են ունենում պայթյուններ, որոնք արդեն մի քանի տասնյակի են հասնում: Իրավիճակը, ըստ yerkir.am-ի, fondsk.ru կայքում վերլուծում է ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս Դմիտրի Սեդովը:
«Հունիսի 25-ին հզոր պայթյուն տեղի ունեցավ «Խոջիր» գիտահետազոտական և փորձարակական- կոնստրուկտորական հրթիռային կենտրոնում: Պաշտոնական վարկածով, որը ներկայացրեց երկրի ՊՆ ներկայացուցիչը, պայթել էր գազապահեստարանը: Associated Press-ի տեղեկություններով` պայթեցված օբյեկտի շրջանում հսկայական մակերես է այրվել: Փորձագետներն ասում են, որ պայթյունը եղել է օբյեկտի ստորգետնյա թունելային համակարգում, որտեղ հրթիռային զենքի թողարկման արտադրամասն է: Այդ արտադրությունը գտնվում է Պարչինի ռազմական համալիրի մոտակայքում, որտեղ, ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզությունների տվյալներով, ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- գրում է քաղաքագետը:
Ըստ նրա` Թեհրանի համար հատուկ նշանակության օբյեկտներում դիվերսիաները նորություն չեն. իրանական հրթիռային ծրագրերը վաղուց են գտնվում «Մոսադ»-ի թիրախում: 2011-ի նոյեմբերին Բիդ Կանեխի հրթիռային տեխնիկայի կենտրոնում տեղի ունեցած ուժեղ պայթյունն ամբողջությամբ փլուզեց արտադրական մի քանի մասնաշենքեր: Այն ժամանակ զոհվեցին Իրանի հրթիռային ծրագրի ղեկավար, գեներալ Հասան Մոգհադամը ու ևս 38 գիտնական:
Քաղաքագետը նշում է, որ Իրանի հրթիռային արդյունաբերությունը եղել ու մնում է «Մոսադի» առաջնահերթ թիրախը նաև այն պատճառով, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանն է ապահովում արբանյակային նավիգացիայի առաջատար տեխնոլոգիաներով և ճշգրիտ նշանառման հրթիռներով: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ռազմական գործողություններ է ձեռնարկելու իրանական հրթիռային ծրագրերի դեմ ամենուր, որտեղ անհրաժեշտ է` Լիբանանում, Սիրիայում, Իրաքում և հենց Իրանում:
«Խոջիր»-ում պայթյունից հետո` հունիսի 30-ին, պայթյուն որոտաց Թեհրանի Sina Athar Health Center բժշկական կենտրոնում: Զոհվեց 19 մարդ: «Թեև հիվանդանոցը պաշտոնապես միջուկային ծրագրի հետ որևէ կապ չունի, փորձագետները համարում են, որ դրա փակ պահոցներում, հնարավոր է, միջուկային մշակումների վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն է եղել: Դա ամբողջությամբ բացառել հնարավոր չէ` հաշվի առնելով, որ 2018 թվականին, օրինակ, «Մոսադը» Իրանի միջուկային գործունեության մասին փաստաթղթեր էր ձեռք գցել, որոնք պահված էին եղել գորգերի մաքրման ֆաբրիկայում»,- նշում է Սեդովը:
Հուլիսի 2-ին պայթյուն որոտաց Նաթանզում, որտեղ մեծ քանակությամբ` ուրանի հարստացման ընթացքում կիրառվող գազային ցենտրիֆուգներ կան: ԶԼՄ-ներում հայտնված արբանյակային լուսանկարներում երևում է, որ պայթյունն ամբողջությամբ քանդել է շենքը և իրենից հետո 10 մ խորությամբ խառնարան թողել:
Ըստ Սեդովի` ավելի վաղ Նաթանզը ԱՄՆ-ի ու Իսրայելի բազմաթիվ կիբերհարձակումների թիրախն էր: «2006-ին այդ երկու երկրների հետախուզությունները համաձայնության եկան Իրանի դեմ համատեղ կիբերպատերազմ վարելու մասին, որի նպատակը միջուկային ծրագրի դանդաղեցումն էր կամ ոչնչացումը: Նրանք մշակեցին «Օլիմպիական խաղեր» գործողությունը, որի համաձայն` սկսեցին վնասաբեր վիրուսներով հարձակումները իրանական համակարգչային ցանցի վրա: Այդ գործողության մասին հայտնի դարձավ 2010-ին, բայց նախագահ Բարաք Օբաման ընդամենը հանձնարարեց ուժեղացնել կիբերհարձակումները: Փորձագիտական գնահատականով` վիրուսները շարքից հանել են մինչև 1 հազար ցենտրիֆուգ և ուժեղ հոգեբանական ազդեցություն թողել կենտրոնի աշխատակիցների վրա, որոնք չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Այդ կապակցությամբ Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել էր. «Մենք գործողություններ ենք իրականացնում, որոնց մասին ավելի լավ է չխոսել»»,- գրում է քաղաքագետը:
Հուլիսի 9-ին Իրանի սոցցանցերում տեղեկություն շրջանառվեց Garmdareh օդատիեզերական կենտրոնում պայթյունների մասին:
Հուլիսի 13-ի հրդեհ բռնկվեց Kavian Fariman արդյունաբերական համալիրում, որտեղ գտնվում են գազային կոնդենսատով պահեստարաններ, դրանցից 6-ը պայթեցին: Եվս մի քանի հրդեհներ գրանցվել են Թեհրանի տարբեր շրջաններում:
Հուլիսի 15-ին հրդեհվեց Բուշերի նավաշինարանը, վնասվեց 7 նավ: Միաժամանակ, հրդեհ բռնկվեց Ֆարս նահանգի «Լամարդ» ալյումինային համալիրում:
Սեդովի կարծիքով` ուշագրավ է, որ իրանական իշխանությունները հասարակության ուշադրությունը չեն կենտրոնցնում այդ բոլոր միջադեպերին Իսրայելի հնարավոր մասնակցության վրա: «Դա անսովոր է թվում: Ավելի վաղ Թեհրանը հակված էր մեղադրել Իսրայելին իր ցանկացած հիմնախնդրում: Փորձագետների կարծիքով` դա պայմանավորված է այն բանով, որ Իրանի իշխանություններն ի վիճակի չեն կասեցնել դիվերսիաներն ու սաբոտաժը: Միջազգային սկանդալ չստեղծելու առիթներից մեկն էլ ՀՕՊ միջոցների զարգացման հարցում Իրանի հետ մնալն է, թեև երկիրը շատ բան է անում այդ ուղղությամբ: Тimes of Israel թերթը, հորդանանյան The Al-Jareeda-ին հղումով, տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին, Պարչինի միջուկային օբյեկտը ռմբակոծել են իսրայելական անտեսանելի F-35 ինքնաթիռները, որոնք իբր օդ են բարձրացել Իսրայելի հարավից ու առանց լրացուցիչ լիցքավորման հասել Իրան: Հանրային բանավեճում խոսակցությունների ի հայտ գալը, թե Իրանը միջոցներ չունի սթելս տեխնոլոգիաների դեմ պայքարի համար, նույնպես չի բխում Թեհրանի շահերից:
Իսկ Թեհրանի լռության հիմնական պատճառն այն է, որ Իսրայելի` դիվերսիոն պատերազմում ներգրավվածության մասին խոստովանությունը կառաջացնի բնակչության` ակտիվ պատասխան տալու պահանջ, իսկ դա կարող է թակարդ դառնալ: Իշխանությունները հասկանում են, որ ԱՄՆ-ը և Իսրայելը ընդամենը առիթ են փնտրում Իրանի դեմ գործողությունների սրման համար:
Նույնատիպ նկատառումներով Լիբանանում «Հըզբոլլահ»-ն է զսպում իր ելույթները` չշտապելով Իսրայելի դեմ կիրառել նշանառման ժամանակակից մարտագլխիկներով նոր հրթիռները»,- եզրափակում է քաղաքագետը: