Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեխական «Արնիկա» ասոցիացիայի «Թույներ եւ թափոններ» ծրագիրը եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ, Ծաղկաձորում այսօր անցկացրին Ստոկհոլմի կոնվենցիայի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողով:
Հայաստանը Ստոկհոլմի կոնվենցիային միացել է եւ այն վավերացրել 2003 թվականին: Կոնվենցիային միացած երկրները պարտավորվում են մարդկանց և շրջակա միջավայրը պաշտպանել վտանգավոր քիմիական նյութերից:
Ըստ կազմակերպիչների` համաժողովի նպատակն է ներկայացնել ԵՄ-ի կողմից ֆինանսավորված եւ Հայաստանում իրականացված ծրագրի արդյունքները:
«Արնիկա» ասոցիացիայի գիտաշխատող Յինդրիխ Փեթրլիկը, ներկայացնելով իր կողմից ղեկավարած խմբի իրականացրած ուսումնասիրություների արդյունքները, հայտնեց, որ Հայաստանում իրենք ուսումնասիրել են ժամկետանց եւ արգելված թունաքիմիկատների 5 թեժ կետեր` Նուբարաշենի գերեզմանոցը, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի, Էջմիածնի եւ Մասիսի թունաքիմիկատների նախկին պահեստները, ինչպես նաեւ Ալավերդու պղնձի արտադրության թափոնների գերեզմանոցը:
«Մենք իրականացրել ենք օդի, ջրի, հողի, կարծր նյութերի 57 նմուշառում: Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ժամկետանց թունաքիմիկատների նախկին պահեստներում կան ԴԴՏ-ի մեծ պաշարներ»,- ասաց Յ. Փեթրլիկը` հավելելով, որ ԴԴՏ եւ այլ թունաքիմիկատներ հայտնաբերվել են նաեւ սննդից վերցրած նմուշներում:
Համաժողովին մասնակցող մասնագետները բարձրաձայնեցին նաեւ 57 հազար տոննա թունաքիմիկատների կուտակումների մասին, որոնք առկա են Հայաստանի տարածքում:
Հիշեցնենք, որ այդ թիվը գյուղատնտեսության նախարարության երկրագործության տեսչությունը ստացել է դեռեւս 2005 թվականին իր կողմից մի քանի պահեստներում իրականացված գնահատումների արդյունքում:
«Ջրառատի պահեստն ընդհանրապես չեն մտել, որտեղ մոտավոր հաշվարկներով առկա է ավելի քան 60 տոննա ժամկետանց թունանյութ: Իմ մոտավոր հաշվարկներով, որն իրականացրել եմ արտակարգ իրավիճակների նախարարության հետ միասին, այսօր Հայաստանում գոյություն ունեն շուրջ 110 տոննա ժամկետանց թունաքիմիկատներ»,- «Երկիրի» հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության այգեգործության զարգացման բաժնի պետ Կարինե Եսայանը:
Նրա կարծիքով` գյուղական համայնքներում դեռեւս խորհրդային ժամանակներից մնացած թունաքիմիկատներ կան, հատկապես` ԴԴՏ: