կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-29 13:16
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գուցե առողջապահության ոլորտում մի Խաչատուրո՞վ է պետք. Խոսրով Հարությունյան

«Պետք է փաստենք, որ հայաստանյան իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողել են, սա ես չեմ ասում, թվերն են ասում»,-Yerkir.amի հետ զրույցում պնդում է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու մանրամասնում. «Սկզբնական փուլում, նույնիսկ բանի տեղ էլ չէին դնում, քամահրական վերաբերմունք կար։  Մեր իշխանությունները կորոնավիրուսի դեմ չեն էլ պայքարել։ Հանրային առողջության ոլորտում արմատական փոփոխություններ չենք կարողանում անել: Նույնիսկ՝ չենք էլ կարողանում, ըստ էության, թեստավորման լուրջ ծավալներ անել: Ամեն օր հարյուրներով վիրուսակիրներ են հայտնվում, իսկ, եթե մենք կարողանանք զանգվածային թեստավորում անել, գուցե հարյուրներ չէ, հազարներ լինեն: Ընդ որում, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե իրենց ձեռնտու է, որ կորոնավիրուսի տվյալները այսպիսին են, որովհետեւ դա օգտագործում են արտակարգ դրությունը երկարացնելու համար։ Ըստ էության, ամեն ազատություն տրված է, բացի քաղաքական ազատությունից, ամեն ինչ կարելի է, բացի միտինգ անելուց»,- անդրադառնալով մեր երկրում մի քանի անգամ արտակարգ դրության երկարաձգմանը, փաստում է նախկին վարչապետն ու հիշեցնում. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, դեռեւս ապրիլի 23-ին հանդես եկավ շատ կարեւոր հայտարարությամբ, նա աշխարհի պետությունների կառավարություններին կոչ էր անում ձեռնպահ մնալ կորոնավիրուսի դեմ պայքարի առիթով, արտակարգ դրությունները անժամկետ երկարացնելու գայթակղությունից։ Նա ասում էր, որ կլինեն կառավարություններ, որոնք այդ արտակարգ դրությունը կօգտագործեն սեփական քաղաքական նկատառումների համար, եւ կոչ էր անում ձեռնպահ մնալ, որովհետեւ դա կարող է բերել նոր խնդիրների, նոր պոռթկումների, այդ թվում նաեւ համավարակի կոնտեքստում»։

Խ. Հարությունյանի բնորոշմամբ, այսօր մենք գտնվում ենք ռուսական ռուլետկայի պայմաններում, ում բախտը բերեց՝ հիվանդանում է, ում բախտը չբերեց՝ չի հիվանդանում «Նույնիսկ,  ինստիտուցիոնալ լուծումներ էլ չեմ տեսնում, էլ չեմ ասում, որ այն տնտեսական, կամ տարբեր տեսակի սոցիալական հետեւանքները չեզոքացնող, ոչ արդյունավետ ծրագրերի մասին: Այնպես որ, մի գուցե, իրականում, առողջապահության ոլորտում մի Խաչատուրո՞վ է պետք: Բայց, քանի դեռ այլ կանխարգելիչ նախաձեռնություններ արված չեն, ստիպված ենք դիմակ կրել: Ցավում եմ, որ իշխանությունները եւ, հատկապես, առողջապահության նախարարը այդպես էլ չգիտակցեցին իրենց պատասխանատու դերակատարումը: Ցավում եմ, որ վարչապետը առ այսօր կորոնավիրուսի նկատմամբ շատ հանգիստ, հանդարտ վերաբերմունք ունի: 100-ավոր մահերը դարձել են սովորական երեւույթ, կարծես թե, այդպես էլ պետք է լիներ: Իսկ, արդյո՞ք մենք կարող ենք նման շռայլություն մեզ թույլ տալ: Կներեք, ես բացարձակապես բավարարված չեմ իշխանությունների գործունեությամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առումով»:

Այնուամենայնիվ,  Խ. Հարությունյանը խոստովանում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում նախանձով է նայում Վրաստանին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.