Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի ոչ մի պատճառ չի կարելի բացառել, բայց ակնհայտ է, որ սա սադրանք էր` ուղղված թե՛ պետականությանը, թե՛ ժողովրդավարությանը. լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով եկել էր հիվանդանոց` տեսակցելու մահափորձի հետեւանքով վիրավորված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին:
Ըստ Հարությունյանի` Հայաստանում առաջին անգամ նախագահական ընտրությունների նախաշեմին տիրում էր հանդուրժողական մթնոլորտ, եւ Հայրիկյանին ուղղված կրակոցը նաեւ այդ մթնոլորտը խափանելուն էր ուղղված: Հարությունյանի կարծիքով` հանդուրժողական մթնոլորտը ոմանց ձեռք չէր տալիս:
«Առաջին անգամ ընտրությունների ժամանակ հանրությունը երկփեղկված չէր: Եթե մտովի տեղափոխվենք 2008թ., կտեսնենք, որ այնժամանակ ընտրությունների հետեւանքով ընկերներ են իրարից խորթացել, մտերիմներ` բաժանվել: Սակայն այս սադրանքին հակահարված պետք է տանք` պահպանելով ստեղծված մթնոլորտը»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` Հայրիկյանի դեմ մահափորձով ոմանք ցանկանում էին ցույց տալ, թե անկախ Հայաստանը կենսունակ չէ, եւ փորձ արվեց հարվածել անկախության գաղափարին, քանի որ Հայրիկյանն իր անցած ճանապարհով անկախության խորհրդանիշն էր դարձել:
«Իսկ թե ո՞վ է այս ամենի թիկունքում կանգնած, դժվար է ասել: Սակայն պետք չէ բացառել նաեւ արտաքին ուժերի գործոնը»,- ասաց Հարությունյանը: