Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.
«Լեռան այս կողմում մենք էինք ապրում, այն կողմում՝ նրանք։ Լեռան այն կողմում հյութալի արոտավայրեր ու մարգագետիններ կային, մեր կողմում՝ քար ու քարափ, մեր գյուղ ասածն էլ մի բուռ հող էր, ու ինձ թվում էր, թե հենց մեր «Պառավ Քարն» է աշխարհի երկինք-առաստաղը պահում, և աշխարհը ինձ համար սկիզբ էր առնում էտ մի բուռ քարամաշկ գյուղից։ Լեռան այն կողմը տեսնելու, գնալու թաքուն ցանկությունը մեծ էր, ու էլ ավելի մեծացավ, երբ մի օր Սաթենիկ տատիս հարցրի:
- Ովքե՞ր են լեռան էն կողմում ապրողները։
- Մեզ նման՝ էրկու վըտնանի, էրկու ըչքանի մարդիկ են, բայց....
- Բայց ի՞նչ...
- Բայց թուրքեր են...
... Տաս-տասներկու տարեկան էի երևի, երբ ամռան մի երեկո հորեղբայրս ասաց, որ լեռան այն կողմը՝ թուրքերն է գնալու գյուղի համար անասնակեր բերելու։
- ՈՒ՞մ հետ,-անհանգստացավ տատս։
- Վանոյի..
- Հաա ՜, Վանոն թուրքերըմը լավ ծանոթնի ունի, լիզուն էլ իրանցից լավ գիտի, - հանգստացավ տատս։
Փորձեցի առիթը բաց չթողնել ու սիրտ արի խնդրել.
-Ինձ էլ կտանե՞ս հետդ...
Հորեղբայրս տատիս կողմը նայեց` հասկացնելով, որ նրանից է կախված իմ գնալ-չգնալու խնդիրը։
- Հետդ տար, թող աշխարհ տենա,- համաձայնեց տատս:
- Քնով չընկնես, արևը տուս չեկած, ճամփա դենք ընկնիլ,-ասաց հորեղբայրս ու իջավ գեղամեջ։
Ուրախությունից քունս չտարավ, նույնիսկ շորերով անկողին մտա, որ լուսադեմին ժամանակ չկորցնեմ։
Լույսը չբացված ճանապարհին էինք։ Առաջին անգամ տեսա քնաթաթախ, արթնացող գյուղի լուսաբացը՝ հրաշք էր... այդ լուսաբացը մինչև հիմա էլ իմ տեսած բոլոր լուսաբացներից ամենակատարյալն էր ու անկրկնելին, թեև բազում, անհաշիվ լուսաբացներ եմ դիմավորել աշխարհի տարբեր ծագերում՝ Բայկալից մինչև Խաղաղ օվկիանոս...
Լեռների ետևում ինձ համար պահ մտած ուրիշ մի աշխարհ էր բացվում։ Օրը կիսվելուն մոտ էր, Վանոն մեքենան արգելակեց ճամփեզրին տնկած սահմանային ցուցանակի մոտ, որին մեր գյուղի անունն էր։ Ցուցանակից այն կողմ արդեն, ինչպես Վանոն ասաց՝ թուրքի հողն էր...
Նրանց ցուցանակներին լատինատառ ազերիական (թրքական) գյուղերի, բնակավայրերի անուններն էին արդեն։
-Սրանք տառեր չունե՞ն, որ ռուսերեն են գրել իրենց գյուղերի անունները...
- ԷԷ՜հ սրանք ի՞նչ ունեն, որ տառ ու գիր էլ ունենան... Էս էլ հու իրանց պապական հողե՞րը չի, բալշևիկի գծած սահմանն ա...
- Բալշևիկը ո՞վ ա Վանո ամի,- միամիտ հարցրի ես։
- Բալշի՞կը,- խորհրդավոր կրկնեց Վանոն ու,- Բալշևիկը, ախպոր բալա, թուրքի ախպերն ա բալշևիկը...
- Վանո, էս ըրեխի արինը պըխտորիլ մի, վախտը չի, - դիտողություն արեց հորեղբայրս,- առանց էն էլ...
-Առանաց էն էլ ի՞նչ,- հանդիմանեց Վանոն,- թող գիտենա, վեր էգուց-կյալ օր ասի ոչ՝ բա խի՞ չըսեցիք,- հետո դառնալով իմ կողմը շարունակեց:
- Հա, ախպոր բալա, թուրքի կիրն էլ, հողն էլ, սահմանն էլ բալշևիկն ա տվել էլ, գծել էլ...
Մի ամբողջ օր թուրքերում մնացինք։ Վանոյի թուրք ծանոթներն ու ընկերները հյուրասիրության մեջ անգերազանցելի էին։ Վերադարձին, նրանցից մեկը նույնիսկ չալպուտուրիկ գառնուկ նվիրեց ինձ....
Օրը հեքիաթի պես կավարտվեր, եթե վերադարձի ճանապարհին, գրեթե ամեն բնակավայրի միջով անցնելիս, մեր ավտոմեքենայի ետևից չվազեին ու քարեր նետելով չկանչեին.
-էրմենի ՜, Էրմեն՜ի... գյավուր Էրմենի՜՜՜...
Նետված քարերի տարափից որքան էլ Վանոն փորձեց փախցնել ու անվնաս պահել մեզ, չստացվեց՝ մեքենայի դիմապակին կոտրվեց, փշուր-փշուր եղավ...
Վանոն ստիպված կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ ու գրեթե բղավելով սկսեց թուրքերեն հայհոյանքներ տեղալ աջ ու ձախ....
Փախան՜... թվում էր գետնի տակն անցան քիչ առաջ ասլան կտրած լամուկները...
....Երբ կրկին նստեց ղեկին ու փշուր-փշուր եղած, բաց դիմապակիով մեքենան պոկեց տեղից, ասաց.
- Էս ա թուրքը՝ մի ձեռին հաց, մի ձեռին՝ քար...
Նրանց նվիրած գառնուկը ամուր սեղմել էի դոշիս, որ նետած քարերը չկպնեն նրան ու լսում էի Ի՞մ, թե նրա թփրտացող սրտի զարկերը...
Այդ օրվանից հորեղբորս ավելի սիրեցի, որ Վանոյի պես ընկեր ուներ»: