կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-01 13:40
Մշակույթ

Հումորային պատմություններ` Ֆրունզե Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի հետ կապված

Հումորային պատմություններ` Ֆրունզե Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի հետ կապված

Հումորի միջազգային օրվա առթով ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը լրագրողներին մի քանի ծիծաղելի պատմություններ պատմեց` սիրված ու հայտնի մեր հանճարների հետ կապված:

 

Նա նաև շնորհավորեց մեծ դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան օրը' ափսոսանք հայտնելով, որ մեր մեծերը մի քիչ շուտ են կյանքից հեռանում:

 

Ներկայացնենք Ծատուրյանի պատմած պատմություններից որոշները:

***

Մի օր Խորենն ասաց, թե' Կոլյա', ես էս աշխարհքից բան չեմ հասկանում, քուչի կռիվ են անում: Հարցրի' ինչո՞ւ: Պատասխանեց, թե' մի պետությունը մյուսին ասում է' որ տվել եմ, է: Արա', դե, իրար տվեք, պրծեք, էլի:

***

Հրանտ Մաթևոսյանի «Տերը» ֆիլմի պրեմիերային ենք գնացել: Միշա Ստամբոլցյանը վեր կացավ և սկսեց ճառ ասել. «Ես տեսել եմ ֆիլմը, հրաշալի ֆիլմ է, ցանկանում եմ ֆիլմի գլխավոր դերակատարին' Խորեն Հովհաննիսյանին շնորհավորել»: Կողքից հուշեցինք, թե' ա'յ տղա, Խորեն Աբրահամյան է, Հովհաննիսյան չէ: Հետո բեմ բարձրացավ Խորեն Աբրահամյանը ու թե' ոչինչ, ես ներում եմ Միշային, ոչինչ, ինձ ձմեռներն էլ դերձակի հետ են խառնում:

***

Մի օր Ֆրունզիկ Մկրտչյանը ձուկ է գնում և բերում տուն: Կինը տանը չէ լինում: Զանգահարում է  կնոջը, թե' ի՞նչ իմանամ` ե՞րբ է պատրաստ ձուկը: Կինը պատասխանում է, որ` հենց տեսնես աչքը դուրս է եկել, ուրեմն' պատրաստ է: Կես ժամ անց Ֆրունզիկը կրկին զանգում է կնոջն ու թե' էս ձկան աչքն էդպես էլ դուրս չեկավ: Կինը հորդորում է մի քիչ էլ սպասել: Մեկ ժամ անց կրկին Ֆրունզիկը զանգահարում է կնոջը ու նորից ասում, որ ձկան աչքն այդպես էլ դուրս չի եկել: Կինն ասում է' սպասիր, հիմա տուն եմ գալիս, և երբ վերադառնում է տուն ու բացում կափարիչը, որ տեսնի ձուկը պատրա՞ստ է, թե՞ ոչ, տեսնում է, որ ձկները գլուխ չունեն:

***

Ֆրունզիկի հետ մի օր գնացինք մի տեղ, լավ հաց կերանք, խմեցինք: Հետո ասացի, թե' Ֆրո'ւնզ, արի մեքենան մի վարի, խմած ես, ասաց' ե՞ս, խմածը դու ես, ու նստեց ղեկին: Հանկարծ փողոցներից մեկից, որտեղից չէր թույլատրվում ձախ քշել, ձախ արեց: Ոստիկանը կանգնեցրեց: Մեքենայի ապակիները մուգ էին, ոստիկանը չէր տեսել, թե ով է ղեկին: Երբ ոստիկանը տեսավ Ֆրունզին, ասաց, թե' հարգելի'ս, ախր, Ձեր կյանքն եք, է, վտանգում: Ֆրունզն էլ տարավ-բերեց ու' իմ կյանքը' ջհանդամ, քեզ տեսա կանգնած, ասի' մոտենամ, նայեմ ոնց ես:

***

Վերջերս, երբ Գյումրիում Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված համերգ պետք է լիներ, գյումրեցի մի կին հարցնում է դահլիճի հսկիչներից մեկին.

-Էդ ո՞նց կեղնի, որ Ֆլորա Մարտիրոսյանին նվիրված համերգին Ֆլորան չի երգի:

-Ամոթ է, կամաց խոսեք, ախր Ֆլորան մեռած է:

-Կուզես ըսել, թե' էնքան մեռած է, օր էրգու երգ էլ չի՞ կրնա երգել: